կարևոր
5935 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 16:41
Հասարակություն

Արատավորում են ոչ միայն իրենց համազգեստի, այլև՝ ողջ իրավապահ համակարգի պատիվը․ Մհեր Մելքոնյան

ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մհեր Մելքոնյանը․ ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, արտաքին սպառնալիքներին առաջինը, որ գալիս է մեր  մտքին բնականաբար, մեր հանրապետության  զինված ուժերն են։

Սակայն, բացի արտաքին վտանգներից, ցանկացած երկրում, և Հայաստանի Հանրապետությունը  բացառություն չէ, կան նաև ներքին սպառնալիքներ, որոնք հաճախ ոչ պակաս վտանգ են ներկայացնում։ Միևնույն ժամանակ, անհեթեթությունը  հաճախ կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր ի պաշտոնե  պետք է պաշտպանեն մեր  քաղաքացիների շահերը երկրի ներսում, վերածվում են սպառնալիքի, որի դեմ պայքարելը կրկնակի դժվար է։

Վերջին հինգ տարիների ընթացքում  ոստիկանական ապօրինությունների մի նոր չարիք  է պատել մեր երկիրը։ Ավելի ու ավելի հաճախ  ականատես ենք լինում , թե ինչպես են իրավապահներն իրենց հակաօրինական քայլերով  արատավորում են  ոչ միայն իրենց համազգեստի, այլ նաև երկրի ողջ իրավապահ համակարգի պատիվը։

Թվում է, թե լայնորեն գովազդվող նոր ոստիկանի կերպարը  և  իշխանությունների կողմից կյանքի կոչված իբր բարեփոխումները,որի արդյունքում   համակարգը պետք է մաքրվեր պատահական մարդկանցից, ովքեր հաճախ իրենց անձնական շահը շատ ավելի բարձր են դասում  ոստիկան կոչվելու պատվից:

Սակայն իրավապահ մարմինների շարքերը ոչ բարեխիղճ աշխատակիցներից մաքրելու գործընթացը  ոչ միայն տեղի չունեցավ, այլ ընդհակառակը. տպավորություն է ստեղծվում, որ այն աշխատակիցները , ովքեր աչքի ընկան իրենց բռնի գործողություններով շարունակում են կրել ոստիկանի ուսադիրները և  լիակատար վայելել անպատժելիության բերկրանքը։

Ամենազարմանալին այն է, որ շատ դեպքերում հակաիրավական գործողություններ կատարած ոստիկանության ծառայողները պարզապես նկատողություն են ստանում,իսկ ծայրահեղ դեպքում՝ հեռացնում համակարգից:

 Իրավապահ մարմինների կամայականությունները սահմանափակելու միակ միջոցը,  քաղաքացիների  նկատմամբ  ոչ թե քրեական նորմերը փոխելու հարթությունն է, այլ իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն ու պահպանումը ։

Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից հակաօրինական գործողությունները  կանխելու համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները

-Խիստ պատիժ սահմանել բռնի և ոչ իրավաչափ գործողությունների համար:

 -Ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքների քննության մեթոդների բարելավում և լուրջ վերահսկողություն

Միայն այս միջոցները թույլ կտան բնակչությանը պաշտպանություն ապահովել ոստիկանության և այլ իրավապահ մարմինների  անօրինականությունից:

Ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների բռնի գործողությունները լուրջ խնդիր են, որը համալիր լուծում է պահանջում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների խախտումները կանխելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»: