Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բագրատ Սրբազանը տեսաուղերձով ժողովրդին է դիմել Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասում է.
«Անկախության հռչակագրով ամրագրվեցին մեր վերաանկախացած պետության ուղղութունը, իղձերն ու երազանքները, որով հիմք դրվեց մեր պետականության և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը՝ փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը։
Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայան հակառակ բոլոր դժվարությունների՝ այն սահմանեց մեր գոյության իրավունքը և միևնույն ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։
Մեզ համար մեր պետությունը մեր միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերի և եղբայրների կյանքի գնով և վճարումով՝ ցանկանալով հավատարիմ մնալ մեր այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները, և որով ուրվագծել են մեր գալիքը։
Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը,, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները։ Երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների ապրելու իրավունքները, երբ հարցականի տակ է դրաված Ցեղասպանության ճանաչումը, երբ ամբողջությամբ խախտված են թե՛ Հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույքները։ Երբ չարիքի կողմից զավթված է մեր պետականությունը և վերջապես՝ թշնամու պահանջով ու թելադրանքով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը՝ Անկախության հռչակագրին։
Փաստորեն այսօր վերստին կանգնած ենք մեր համբուրելի պետությունը վերաանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև։
Այո, մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք և որ կոչված ենք այն դարձնելու մեր ավետյաց երկիրը, մեր իղձերի և երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը։
Հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի հարազատ ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին, առանց դրսի որևէ ուժի թելադրանքի, կամ պարտադրանքի, և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։
Անկախության հռչակագրին համահունչ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որը ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը։
Մաղթում եմ, որ մեր պետությունը, թե՛ ներսից և թե՛ արտաքին մարտահրավերների առջև, մնա խաղաղ և հաստատուն, հավատարիմ իր ճանապարհին ու իր Աստծուն, և մենք կարողանանք ունկդիր լինել աստվածային խոսքին, թե. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու ժողովուրդ, և ապրեք որպես ազատներ»։
Շնորհավոր մեր Անկախության հռչակագրի օրը։ Թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը՝ մեր ժողովրդին նոր հաղթանակների և նոր կյանքի տեսիլքով, Հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով, մեր կյանքի նոր ճանապարհի մեջ»;
Ուղերձն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։