Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 12:00
Քաղաքական

Բան ունե՞ք ասելու այս պահին. վարչապետն՝ իր հանձնարարականի հետքերով

Բան ունե՞ք ասելու այս պահին. վարչապետն՝ իր հանձնարարականի հետքերով

Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերով ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինները իրականացնում են պետական բաժնետոմսերի կառավարում, երկշաբաթյա ժամկետում կազմել գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրման մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները՝ ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների, ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը` ներառյալ, նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական ու այլ ծախսերը, հարկեր ու պարտադիր վճարները, ֆինանսական մյուս ծախսերը, և երեքշաբաթյա ժամկետում ապահովել ընկերությունների գործարար ծրագրերի ներկայացումը:

Վարչապետը հանձնարարեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ, ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից ստացված` ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և առաջարկություն ներկայացնել կառավարություն այդ համակարգի կիրարկումն ապահովելու համար, ինչպես նաև` խախտումներ թույլ տված ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու նորմերի վերաբերյալ:

«Բան ունե՞ք ասելու այս պահին»,- հարցրեց վարչապետը պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին:

Մարկոսյանը պատասխանեց, որ անցած շաբաթ վարչապետի հանձնարարականի հիմքով իրենց ենթակայության տակ գործող երեք ընկերությունների տնօրենների գործունեության ֆինանսատնտեսական հաշիվների ուսումնասիրություն է արվել: Արդյունքում` նրանց առաջարկվել է դիմումներ գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Արդեն ստացել են մեկի ազատման դիմում: Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:

Վարչապետն ընդգծեց, որ այդ աշխատանքները պետք է շատ խիստ ու կոշտ ձևով իրականացնել: «Այն ակտիվը, որը հանձնարարել ենք կառավարել, պետք է հստակ ու հաշվելի արդյունք ապահովի»,- ասաց վարչապետը: