կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 16:12
Իրավական

Բան ունե՞ս ասելու. Կայարանցի Թևոսիկի սպանված եղբոր ընկերը՝ Իսոյին

Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց Սաֆարյանի ընկերը՝ Սուրեն Մինասյանը: Նա հայտնեց, որ Իսրայել Սարգսյանին և գործով մյուս մեղադրյալ, ներկայումս ազատության մեջ գտնվող Տիգրան Ասատրյանին ճանաչել է Արթուրի միջոցով: Նաև ասաց, որ դեպքի օրը եղել է Արթուր Սաֆարյանի հետ: «Էդ օրը ես Արթուրի հետ էի, երեկոյան բաժանվեցինք, գնացի տուն, իմացա, որ տենց դեպք ա եղել»,- պատմեց վկան և հավելեց, որ Արթուրի սգո արարողությունների ժամանակ Տիգրան Ասատրյանն ասել է, որ գործը պետք է շուտ բացահայտվի:

Վկայի խոսքով՝ Տիգրանը հետո իրենց տանը ցույց է տվել իր ու Իսրայել Սարգսյանի խոսակցության ձայնագրությունը, որից պարզ է դարձել, որ Իսրայելն է Արթուրի սպանությունը պատվիրել: Ըստ նրա՝ Տիգրանն ասել է, որ ձայնագրել է, որ ապացուցի, որ ինքը կապ չունի սպանության հետ: «Տիգրանն ասաց, որ Մովսեսի միջոցով ա պատվիրել: Մոսոն, հարգելով Իսրայելին, ասել ա, որ առանց փող կանի դա: Մոսոյին սպանել ա հյուրանոցում, հետո տարել, գցել ա Քանաքեռի կանալիզացիայի փոսը»,- պատմեց վկան և հավելեց, որ նույն բաներն ինքը լսել է նաև ձայնագրությունից:

Սուրեն Մինասյանը հավելեց, որ զարմացել է ՝ իմանալով, որ Իսրայելն է արել:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին` արդյո՞ք իրեն հայտնի է, որ ձայնագրությունը մոնտաժված է եղել, վկան պատասխանեց. «Ես լսել եմ էն, ինչ որ Իսրայելն ա պատմում, ես կասկած չունեմ, որ ինքն ա»:

Դատավորը ամբաստանյալ Սարգսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք հարց չունի: Վկան էլ հեգնեց` ասելով. «Բան ունե՞ս ասելու»:

Վկայի խոսքը բարկացրեց ամբաստանյալին, և նա սկսեց հարցերի միջոցով արդարացնել իրեն: «Հիշո՞ւմ ես էն մարդամեկին ՝ Տիգրան Սարգսյանին, մեր խոսակցությունները»,- հարցրեց Իսրայելը: Վկան պատասխանեց` այո: «Դու կարա՞ս հիշես մի դրվագ, որ ես ու Արթուրն իրար հետ թեմա ենք ունեցել: Հիշում ե՞ս, որ Արթուրը մի քանի տարի առաջ վտանգի մեջ ա եղել, էս տղեն (նկատի ունի իրեն) միշտ կողքն ա եղել»,- հարցրեց Իսրայելը: Վկան պատասխանեց, որ չի հիշում դեպք, որ վատ եղած լինեն, իսկ դեպքի մասին ասաց, որ զարմացել է:

Այնուհետև Իսրայելը շարունակեց .«Քո խոսակցությունից երևում ա, որ դու հաստատ որոշել ես, որ ես եմ, բայց ես կապացուցեմ, որ ես չեմ, ու լիքը մարդկանց հետ սպրոս ունեմ ես, Սուրե\'ն, լինելու ա դա, ապե\'ր, ու ես ապացուցելու եմ, որ սրա մեջ չկամ, ու ստեղ ուրիշ մարդ ա կանգնելու իմ տեղը, էդ էլ ասեմ` իմանաս: Եթե դու մտածում ես, որ մի հատ ձայնագրությունով, որը դու չես իմանում որտեղից ա եկել, ու դրա համար դու ասում ես, որ Իսոն կարա լինի, ուրեմն չարաչար սխալվում ես: Սուրե\'ն, ես քեզ տղավարի եմ ասում, քեզ էլ եմ ապացուցելու, քո ախպորն էլ եմ ապացուցելու: Եթե մարդիկ մտածում են, որ կարան ինձ բրթեն` ուրիշի տեղակ ես գնամ, չի լինի տենց բան. ես ուրիշի տեղը գնացող չեմ»: Ամբաստանյալը հավելեց. «Եթե մի մարդ իրա ընկերոջ համար կյանք ա տալիս, չի կարա էդ կյանքը վերցնի»:

Սպանված Արթուր Սաֆարյանի ընկերոջ հարցին` այդ դեպքում որտեղի՞ց այդ ձայնագրությունը, Իսրայել Սարգսյանը պատասխանեց. «Թող Տիգրան Ասատրյանը գա ստեղ կանգնի, դու էլ ստեղ ներկա եղիր, սաղ կիմանաս` ոնց ա եղել: Սուրե\'ն, ամեն ինչին պատասխան կա, ուղղակի թող Տիգրանը գա, ստեղ ներկա լինի»:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: