Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու վերաբերյալ` արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված հանձնարարականը կատարման փուլում է:
Yerkir.am-ը զրուցել է էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով հստակեցրեց՝ ինչ փուլում է այդ գործընթացը, և ինչ գործնական քայլեր են կատարվել մինչ օրս: Նրա խոսքով՝ էկոնոմիկայի նախարարության կողմից ակտիվ ուսումնասիրություն է կատարվել, մշակվել է կարգ, որը մեկ անգամ քննարկվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների հետ, այնուհետև` ներկայացվել կառավարություն:
«Որոշակի մեխանիզմների հետ կապված որոշակի խնդիրներ են ի հայտ եկել: Կետեր կային, որոնց արդյունավետությունը կասկածի տակ է եղել, և մեկ անգամ ևս դրվել են շրջանառության մեջ: Օրեր առաջ ստացել ենք բոլոր պատասխանները և պատրաստվում ենք ելք անել՝ ընդունելով որոշ առաջարկներ»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ առաջին փուլով նախատեսվում է ճանաչել շահառուներին: «Գործընթացը կարգավորվելու է էկոնոմիկայի նախարարության և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջոցով: Նախապես պետք է ունենանք բոլոր զոհվածների ցուցակը, և, դրան համապատասխան, մեր ՓՄՁ ԶԱԿ տարածաշրջանային մասնաճյուղերը պետք է երկու ուղղությամբ ուսումնասիրություններ կատարեն այդ ընտանիքներում` գնահատեն նրանց կարիքները և բիզնես ունակությունները, այսինքն՝ հասկանան՝ ինչպիսի՞ մարդիկ կան այդ ընտանիքում և ի՞նչ ունակություններ ունեն, ի՞նչ ձևով կարող են գումար աշխատել: Մենք ուզում ենք նրանց տալ ոչ թե որոշակի գումար, որն արագ կարող է սպառվել, ենթադրենք` 1000 կամ 2000 դոլարին համաժեք դրամ, այլ նպատակ ունենք այնպես անել, որ ընտանիքները կարողանան թեկուզ քիչ, բայց իրենց քրտինքով վաստակած մշտական եկամուտ ունենալ»,- ասաց փոխնախարարը՝:
Ըստ նրա` հաջորդ փուլով նախատեսվում է կազմակերպել դասընթացներ: «Մեր ԶԱԿ-ը նրանց հետ կազմակերպում է դասընթացներ, կազմում ենք համապատասխան բիզնես պրոյեկտներ և դրանց հիման վրա տալիս անտոկոս փոխառություն: Մեկ փոխառության արժեքը պետք է կազմի մինչև 5 միլիոն դրամ և տարաժամկետ վճարման պայմանով պետք է լինի: Այսինքն՝ նրանք գումարը կստանան անժամկետ, այնուհետև 13 ամիս ընդհանրապես չեն վերադարձնի, հետո արդեն, իրենց աշխատած գումարների հաշվին, հինգ տարվա ընթացքում աստիճանաբար հետ կվերադարձնեն»,- պարզաբանեց Հովհաննիսյանը, ապա հույս հայտնեց, որ յուրաքանչյուր շահառու, յուրաքանչյուր ընտանիք, որը կորցրել է զավակ կամ ծնող, պետք է գիտակցի, որ իր վերադարձրած գումարը հաջորդ պահին ուղղվելու է իր բախտին արժանացած այլ ընտանիքների:
«Մենք, անշուշտ, գիտակցում ենք, որ որոշակի խնդիրներ կարող են լինել, բայց հույս ունենք, որ այդ խնդիրներն իրենց տեսակարար կշռով ավելի փոքր կլինեն և ծրագրի իրականացման վրա էական ազդեցություն չեն ունենա»,- ասաց փոխնախարարը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ այս փուլում նախատեսված է միայն զոհվածների ընտանիքներին օգնել, սակայն հետագայում դիտարկվելու են նաև ծանր վիրավորում ստացածների ընտանիքները: «Հաշվի ենք առել նաև մեր ունեցած հնարավորությունները: Մենք չենք տարանջատելու ապրիլյան զոհերին 94 թվականի զոհերից, մենք այս ծրագրում ուզում ենք ներառել բոլորին, բայց առաջնահերթությունը տալիս ենք վերջին զոհվածներին և կգնանք հետ՝ մինչև 90-ական թվականներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, թե ովքեր են շահառուները: «Դասակարգել ենք երկու խումբ: Առաջին խմբում ընտանիքի անդամներն են և մինչև 23 տարեկան զավակները, երկրորդ խմբում՝ ծնողները և 23 տարեկանից բարձր զավակները: Երկրորդ խմբի համար պայման ենք դրել, որ նրանք ապրեն նույն ընտանիքում, նույն տանիքի տակ: Մեր խնդիրը հետևյալն է` ընտանիքը, որը կորցնում է իր կերակրողին, սոցիալական խնդրի առջև է կանգնում: Մեր նպատակն է օգնել այդ` կորուստը կրած ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան վաստակել իրենց հացը: Ես չեմ բացառում, որ կլինեն ընտանիքներ, որոնք բիզնես անելու ունակություն չեն ունենա: Մենք այստեղ դիտարկում ենք նաև այն տարբերակը, որ նրանք կարող են օգտվել այս ծրագրից գույքային ներդրման տեսքով: Օրինակ՝ Ամասիայի շրջանում կամ ուրիշ ինչ-որ հեռավոր շրջանում ինչ-որ ընտանիք կա, որն ունի զոհ սահմանին, և նրանք այնտեղ որևէ բիզնես անելու հնարավորություն և կարողություն չունեն, զբաղվում են գյուղատնտեսությամբ: Մենք, օրինակ, կարող ենք այդ ընտանիքին տալ հինգ կով: Նրանք կարող են այդ կովերը պահել, բուծել, ինչ-որ արդյունք ստանալ և աստիճանաբար այդ արժեքը փակել, վերադարձնել գումարը»,- բացատրեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աստիճանաբար մարման կարգը ևս ճկուն է լինելու և ավելի կարող է հստակեցվել շահառուի ցանկությամբ, օրինակ` սկզբնական ամիսներին` ավելի քիչ, հետո ավելի շատ վճարեն:
Փոխնախարարն ընդգծեց նաև, որ ձևավորվելու է խորհուրդ, և վերջնական որոշումը կայացնելու է հենց խորհուրդը: «Խորհրդի նախագահը կլինի էկոնոմիկայի նախարարը: Դրամական միջոցները գոյանալու են պետական միջոցների հաշվին, կարող են գոյանալ նաև բազմաթիվ նվիրատուների և այլ բարերարների միջոցներից: Կստեղծվի առանձին հաշվեհամար, կկատարվեն կուտակումներ, և այդ դրամագլուխը, որ կհավաքվի, բացառապես կօգտագործվի այս ծրագրի շահառուների համար»,- ասաց Հովհաննիսյանը: