կարևոր
1915 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-22 23:09
Քաղաքական

Ո՞ր խանութն է դարձել Փաշինյանի հիստերիկ հանձնարարականի զոհը. ՊԵԿ-ի հաղորդագրության հետքերով

Ո՞ր խանութն է դարձել Փաշինյանի հիստերիկ հանձնարարականի զոհը. ՊԵԿ-ի հաղորդագրության հետքերով

MakaryanNews-ի` մաքսանենգ iPhone-ների հրապարակումից և Նիկոլի Փաշինյանի` կառավարության նախորդ շաբաթվա նիստին ցուցաբերած հարկային հիստերիայից հետո ՊԵԿ-ը որոշել է «կոռուպցիայի դեմ պայքարի» իմիտացիա ցուցաբերել` ցույց տալու, թե իբր ակտիվ պայքար է մղում մաքսանենգության դեմ:

Այսօր ՊԵԿ-ը մի հաղորդագրություն տարածեց, որով իբրև թե դեկտեմբերի 18-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացնում: Այսինքն` ուզում են ցույց տալ, թե գնացել գտել են Փաշինյանի հիստերիայի պատճառ հանդիսացած խանութը, որը համարձակվել էր կառավարության աշխատակազմի աշխատակից հանդիսացող հաճախորդին ասել, թե տվյալ ապրանքը կանխիկ մի գին ունի, անկանխիկ` այլ գին: Սա հարուցել էր Փաշինյանի զայրույթն, ու կառավարության նիստին նա, չարաշահելով իր լիազորությունները, ՊԵԿ նախագահին հանձնարել էր անհապաղ փակել այդ խանութը:

Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության` (https://www.src.am/am/getNews/1320) ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «Ն․ Ս․» ընկերության նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։ Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացվել են տեղեկություններ, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, որը կանխվել է։ 

Սա հաղորդագրության մի մասն է, ամբողջականը կարող եք կարդալ այստեղ: (https://www.src.am/am/getNews/1320)

Ուշագրավ է, որ էդուարդ Հակոբյանը Փաշինյանի ապօրինի հանձնարարականի կատարման շրջանակներում ներկայացրել է 2024 թ. օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այդ ժամանակ, հիշեցնենք, ՊԵԿ նախագահը դեռ Ռուստամ Բադասյանն էր: Եվ հիմա, ստացվում է, Հակոբյանը մեկ տարի առաջ ՊԵԿ նախկին նախագահի օրոք իրականացված վարչարարության արդյունքները հանրությանը հրամցնում է որպես Փաշինյանի հանձնարարականի կատարում:   

Թեպետ` հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ իրենք 2025 թ. ևս զբաղվել են այս ընկերության խախտումներով, մասնավորապես` «2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, տվյալ հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են»։ 

MakaryanNews-ը (https://t.me/MakaryanVahe) տեղեկացավ, որ այդ խանութը հայտնի REDstore խանութների ցանցն է, որի Աբովյան 19 հասցեում գործող խանութը կապարակնքնվել է: Հավանաբար մյուս մասնաճյուղերն էլ են փակվել: Հաղորդագրության մեջ նշված «Ն.Ս.» հապավումը ընկերության անվանման առաջին տառերն են` կարծես թե «Նոթբուք սթոր», իսկ այդ ընկերության հիմնած խանութների ցանցը կոչվում է REDstore, որի տնօրենը Արման Գյուրջիյանն է: Ի դեպ, ընկերության պաշտոնական redstore.am կայքը ևս չի գործում: 

Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Էդուարդ Հակոբյանը, այդուամենայնիվ, չի կատարել Նիկոլ Փաշինյանի` հիստերիկ բռնկման պահին իջեցրած ապօրինի հանձնարարականը: Դա էր պատճառը, որ նախորդ հրապարակումը հեռացրինք:

Հանուն արդարության նշենք, որ Red Store-ը միակը չէ, և ինչպես այս ընկերությունը, այնպես էլ էլեկտրատեխնիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող շատ այլ ընկերություններ հենց այսպես` մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքներ վաճառելով և հարկեր թաքցնելով են աճել ու հարստացել, հակառակ պարագայում չէին կարողանա այդպես ընդլայնվել: Ու այդ մասին հարկային մարմինները, վստահաբար, շատ լավ իմացել են և, հիմնականում, հետները համագործակցել: Եթե ՊԵԿ-ի հովանավորչությունը կամ աչքկապոցին չլիներ, այսօրինակ ընկերությունները ազնիվ հարկ վճարողի կարգավիճակում հազիվ թե այսպես բարգավաճեին ու տարին մեկ մի նոր մասնաճյուղ բացեին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ