Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այս օրերին իր ընտանիքի հետ Ստեփանակերտում է: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ` գիշերը, և հիմա Ստեփանակերտում հանգիստ է, քաղաքը շարունակում է ապրել իր առօրյա կյանքով, նաև հանգիստ է եղել առաջնագծում:
Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը ՌԴ առաջին դեմքերին ակնարկներով հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ դժգոհությունը, այլ ոչ՝ ուղիղ տեքստով, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերը ինքը չէ, սակայն անձամբ ինքը երբեք չի խուսափել ուղիղ ասել այդ մասին իր ելույթներում:
«Բոլոր առիթների ժամանակ, երբ եղել է հնարավորություն հանդիպելու ռուս գործընկերների հետ, լինի Մատվիենկոն, թե` այլ պատգամավորների պատվիրակություն, ես միշտ ուղիղ եմ ասել զենքի վաճառքի մասին՝ նրանց երեսին նայելով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի համար դժվարին պահին Ռուսաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, բռնել է ոչ հայանպաստ դիրքորոշում, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն առաջնորդվում է միայն իր շահերով: Ռուսաստանն ունի այս տարածաշրջանում ինչ-որ շահեր, դա կարելի է հասկանալ կամ չհասկանալ, գիտակցել կամ չգիտակցել: Սակայն, պատգամավորի խոսքով, մենք մի բան պետք է հասկանանք` ինչ գործողություններ պետք է անենք, որ Հայաստանը Ռուսաստանի համար այնպիսի գին ունենա, որ Ռուսաստանը փոխի իր այդ դիրքորոշումը:
«Մարդիկ գործողությունների են դիմում այն ժամանակ, երբ զգում են, որ ինչ-որ բան են կորցնում: Հայաստանի գործողությունները այնպիսին պետք է լինեն, որ Ռուսաստանի պաշտոնյաներն ու կառույցները չարչարվեն, պահպանեն ու փայփայեն այն գործընկերոջ շահերը, որը հնարավորություն կտա առաջ տանելու հենց իրենց երկրի շահերը: Այս պահին Ռուսաստանի համար չի ընկալվում, որ Հայաստանն ամենակարևոր գործընկերն է տարածաշրջանում, ահա` ինչու նրանց վերաբերմունքը այս պահին այդպիսին է: Բայց երբ Ռուսաստանը զգում է, որ իր համար տվյալ երկիրը կարևոր է, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ ներում են նրան միլիարդավոր պարտքերը կամ որևէ միջազգային կառույցում հօգուտ տվյալ երկրի խոսում կամ, ասենք, ճանաչումների շարք սկսում: Այս պարագայում մենք մեր գործողություններին պետք է նայենք, նույնիսկ Ռուսաստանին մեղադրելու խնդիր էլ չեմ տեսնում: Այս պարագայում եթե մեղադրեմ, ուրեմն պետք է մեղադրեմ մեր վարած քաղաքականությունը և մեր վարքագիծը, ի՞նչն ենք մենք այդքան սխալ արել, որ Ռուսաստանի մոտ Հայաստանը չի ընկալվում որպես ռազմավարական դաշնակից, որի հետ պետք է այլ ձևով աշխատել: Մոսկվային բան չկա ասելու, մենք մեր գործողություններով պետք է ինչ-որ բան ապացուցենք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացին, նա նշեց, որ առաջին քայլով մոտենում ենք դրան՝ առնվազն Արցախի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի մասով: Մոտակա ժամանակներում այդ ուղղությամբ աշխատանքները կհստակեցվեն, և եթե պետք լինի, ԱԺ արտահերթ նիստով կդրվի քննարկման, որից հետո եթե այդ մի «փամփուշտն էլ իր թիրախին չհասնի», ուրեմն երկրորդ քայլը կլինի ԼՂՀ ճանաչումը: