կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 15:45
Քաղաքական

Անապահով խավ ասվածը հասարակության 70-80 տոկոսն է. քառյակը` Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին

Անապահով խավ ասվածը հասարակության 70-80 տոկոսն է. քառյակը` Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է քառյակը վերաբերվում նախագահի այն հանձնարարությանը, որով խնդիր է դրվում էլեկտրաէներգիայի թանկացումից հետո փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքներին, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ դա չնչին փոխհատուցում է, ավելին` գազի գնի թանկացման ժամանակ փոխհատուցման խոստումը չի իրականացվել:

 

«Դա «քամի» խոստում է, և եթե անգամ իրականացնեն այդ խոստումը, ապա ոչ մի խնդիր չեն լուծելու, որովհետև էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական ձևով բերելու է ապրանքների թանկացմանը, արդյունքում ` քաղաքացիների գնողունակության անկմանը»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ կարող է  տպավորություն ստեղծվել, թե Սերժ Սարգսյանը միայն երեկ է իմացել, որ էլեկտրաէներգիան թանկանում է, բայց այդ հայտարարությունը մարտավարական նպատակ էր հետապնդում, որը իսկապես խնդիր չի լուծում:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ այս հարցով համակարգային լուծում է պետք, իսկ մասնակի լուծումները ընդունելի չեն:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց. «Մենք տարբեր բաներ ենք պատկերացնում, երբ ասում ենք` անապահով խավ, որովհետև անապահով է այն մարդը, ով նվազագույն բյուջեից պակաս եկամուտ ունի: Իսկ իշխանությունները բոլորովին այլ չափորոշիչներով են որոշում դա: Մեր համոզմամբ` անապահով խավ ասվածը մեր հասարակության  70-80 տոկոսն է, ուստի բոլորովին այլ չափերի փոխհատուցման մասին պետք է խոսվի, ոչ թե մենք մեզ խաբենք»:

 

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումից հետո լինելու է գնաճ, և փոխվելու է նվազագույն բյուջեի  շեմը, այսինքն` նրանք, ովքեր աղքատ չէին, հետո են հայտնվելու աղքատության մեջ, իսկ այդ ամենը ո'չ հաշվարկված է իշխանությունների կողմից, ո'չ էլ` փոխկապակցված: Ըստ պատգամավորի` իշխանությունները գործում են պահի ազդեցության տակ: