Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չի կողմնորոշվում ձևավորվող նախընտրական դաշինքներից որին միանալ: Եթե նկատի առնենք, որ ՀԺԿ-ն դեռևս չի հստակեցրել, թե ինչ ձևաչափով է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, պետք է ենթադրել, որ խնդիրն իսկապես չկողմնորոշվելու մեջ է:
Դեմիրճյանը մի կողմից չափից դուրս բարդ, մյուս կողմից չափից դուրս պարզ ընտրության առջև է: Այն բարդ է, որովհետև եթե խնդիրն իսկապես կողմնորոշվելուն է վերաբերում, ուղղակի կարելի է խճճվել ոչ միայն ձևավորվող դաշիքների առատությունից, այլև ձևավորման սկզբունքների անհասկանալիությունից: Դեմիրճյանի նման շատ գործիչներ ու անհատներ են հիմա գլուխ ջարդում այդ հարցի շուրջ: Սակայն մյուս կողմից այդ ընտրությունը չափից ավելի պարզունակ է, որովհետև մեծ հաշվով ոչ մի նշանակություն չունի՝ դրանցից որը կընտրի. որն էլ ընտրի, գաղափարական, ծրագրային ընդհանրության վրա հիմնված չէ և չի ձևավորվում հեռահար նպատակների համար: Բացառությամբ աջ արևմտամետ «Ելք» դաշինքի՝ մյուսների պարագայում ոչ միան ընդհանուր արժեհամակարգեր գոյություն չունեն, այլև ընդհանուր հեռահար նպատակներ: Անգամ դաշինքների լիդերները չունեն այնքան միանշանակ խարիզմա և հեղինակություն, որ գոնե անձի նկատմամբ անվերապահ հավատն ընկալվի որպես քաղաքական կոնսոլիդացման շարժիչ ուժ: Փաստացի միավորման միակ շարժառիթը, մոտիվացիոն գործոնը դարձել է լավագույն դեպքում ցանկացած գնով խորհրդարանական մանդատի ձեռքբերումը, վատագույն դեպքում դաշիքների ձևաչափում սեփական գոյությունն արդարացնելու, պահանջարկվածության իմիտացիա ստեղծելը:
Օրինակ, իսկապես հետարքրական է, տնտեսական համակարգի առողջացման ի՞նչ՝ նոր գաղափարներ են առաջ քաշելու ձևավորվող դաշինքները, որոնք ընտրողները ի վիճակի են լինելու տարբերել մանավանդ այն ուժերի պարագայում, որոնցում սկսում են տեսակարար կշիռ կազմել իշխանությունից այս կամ այն պատճառով հեռացածները կամ հեռացողները: Եթե կա այնպիսի մոդել, որը հնարավոր էր ներդնել և հրաշքներ գործել, ինչո՞ւ դրանց մասին գոնե առաջարկի ձևով չէին բարձրաձայնում, երբ իշխանության էին, այսինքն ունեին դրանց կիրառմանը հասնելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ: Կամ այդ ինչ իրարից տարբեր կախարդական փայտիկներ են առաջարկելու, ստվերային տնտեսության կրճատման, արհեստական մենաշնորհների, կոռուպցիայի վերացման ուղղությամբ, երբ դաշինքները համալրող անհատների մի մասն այս կամ այն չափով մասնակցել են այդ բոլոր հիվանդությունների տարածմանը, դրանց շնորհիվ կարողությունների տեր դարձել:
Առհասարակ ամենակարևոր հարցը, որը պետք է իրեն տա ոչ միայն այս դաշինքների մեջ խցկվելու մոլուցքով տարված ուժը կամ այդ դաշինքներին հետագայում ընտրող որևէ ռացիոնալ մտածող անհատ, շատ պարզ է. հաղթելու դեպքում ինչո՞վ է տարբերվելու գործող իշխանությունից: Պահպանողականից դառնալու են լիբերա՞լ, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն դաշինքներում սոցիալիստները: Կոռուպցիայով չե՞ն զբաղվելու. այդ դեպքում, որն է ավելի համոզիչ. «հոր արևով» նրանց երդումնե՞րը, որոնց պակասն հաստատապես չի զգացվելու, թե՞ առ այս պահը ծավալած գործունեությունը կամ դրսևորած վարքագիծը:
Որակական փոփոխությունների մասին այդ գծագրվող դաշինքներում չեն խոսում: Եվ դա հասկանալի է: Հակադրելու բան պետք է ունենալ դրա համար: Այս առումով բերվող տրամաբանական փաստարկն այն է, որ գործող դեմքերը չեն կարող հավերժ իշխել և պետք է հեռանան: Թվում է միանգամայն հասկանալի և անառարկելի հիմնավորում է: Բայց ողջ հարցն այն է՝ ովքե՞ր են նրանց փոխարինելու. իշխանության էությունն եք գալիս փոխելու, թե՞ դեմքերը: Եթե հարցը հանգում է անձերի փոփոխությանը, ապա ընտրողի, քաղաքացու համար ի՞նչ տարբերություն ի՞նչ դեմք կունենա համակարգը, եթե ոչ էլիտան էությամբ փոցխվելու, ոչ էլ կառավարման մշակույթը, եթե քաղաքական ծրագրերի փոխարեն անձերի տրամադրություններն ու հավակնություններն են ղեկավարելու:
Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքական դաշինքները, առավել ևս՝ նախընտրական, արդյունավետ և գործունակ են միայն կարճաժամկետ հեռանկարում և բացառապես տեխնիկական, մարտավարական հարցերի շրջանակում, նույնիսկ, եթե դրանք գաղափարահեն կամ ծրագրահեն չեն լինում: Երբ փորձ է արվում գործակցությունը տեղափոխել ռազմավարական նպատակների հայտարարագրման, առավել ևս իրականացման հարթություն, դաշինքները պարզապես փլուզվում են: Լավագույն օրինակը 2012-14թթ. խորհրդարանում ձևավորված քառյակի ձևաչափն էր: Քանի դեռ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը ծավալվում էր մեծամասնության կյանքը ԱԺ-ում բարդացնելու, հասարակական պահանջններին քաղաքական, իրավական ձևակերպումներ տալու և իշխանությանը պարտադրելու շուրջ, արձանագրվում էին թեկուզ փոքր, բայց հաղթանակներ: Հենց այդ ուժերից որոշները սկսեցին ռազմավարական խնդիրներ առաջադրել ու պարտադրել մյուսներին, ինչպես օրինակ՝ ավելի լայն քաղաքական միավորման ստեղծումը դրանցից մեկի հեգեմոնությամբ ու մյուսի «քավորությամբ», իշխանափոխության սեփական սցենարները մյուսներին պարտադրելով, այն ուղղակի փլուզվեց: Չմնաց նույնիսկ «եռյակը», երբ 2015-ին քաղաքականությունից դուս եկավ Գագիկ Ծառուկյանի գործոնը:
Նույն իրավիճակն այսօր է: ԱԺ մտնելը ռազմավարական նպատակ չէ: Ոչ հայաստանյան քաղաքագիտության տեսանկյունից այն ընդամենը միջոց է՝ գլոբալ, ստրատեգիական խնդիրները լուծելու համար: Պատճառը դա է, որ քաղաքագիտական մտքի բռնաբարմամբ «աջափսանդալային» տրամաբանությամբ յուրօրինակ տունտունիկի է վերածվել դաշինքների ձևավորումը: Իրական ռազմավարական խնդիրներին այդ ուժերը բախվելու են արդեն ԱԺ-ում՝ ընդ որում անկախ նրանից՝ կլինեն իշխանությո՞ւն, թե՞ ոչ: Երբ կգա հայեցակարգային բնույթի վճռորոշ քաղաքական որոշումների շուրջ կոնսենսուսի ձեռքբերման պահը, ներկայիս տարերային, քանակի խնդիր լուծելու տրամաբանությամբ ստեղծվող դաշինքները քննություն չեն բռնելու: Նրանք կկոտորակվեն խորհրդարանում՝ երկիրը գցելով քաղաքական ճգնաժամերի մղձավանջային հորձանուտ:
Այնպես որ՝ ԱԺ-ում ՀԱԿ-ի ողբերգությունը տեսած ու ապրած Ստեփան Դեմիրճյանը ի՞նչ տարբերություն, թե մատը մերօրյա դաշինքներից որի վրա կդնի:
Գևորգ Դարբինյան