Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 27-ին` ՀՅԴ լիբանանի Պատանեկան միությունների հիմնադրման 95-ամյակի առիթով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Մայրավանքի բակում գտնվող` Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ լիբանանահայ 55 պատանիներ միացել են ՀՅԴ-ի մեծ ընտանիքին` դաշակցական պատանիի խոստում տալով:
Ըստ Aztagdaily-ի` Պատանեկան միության ընդհանուր վարիչ մարմնի անունից պատանիներին ուղղված ողջույնի խոսք է հղել Պետիկ Իզմիրյանը:
«Ճիշդ է, որ 2018-ն հարիւրամեակն է Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտումին, բայց նաեւ 95-ամեակն է ՀՅԴ Լիբանանի Պատանեկան միութիւններու հիմնադրութեան: Բան մը, որ այս պահը աւելի խորհրդաւոր կը դարձնէ, իսկ ձեզի` աւելի յանձնառու ձեր հայրենիքին եւ ժողովուրդին հանդէպ:
Որքան ալ պարզ թուին պատանիի մը պարտականութիւններն ու պարտաւորութիւնները, իմացէք, որ այս դարուս այդքան ալ դիւրին չէ դաշնակցական պատանի ըլլալ, այսինքն` տիպար պատանի ըլլալ ձեր շրջանակին եւ այսօրուան ընկերութեան մէջ:
Այսօրուան խոստումը վաղուան ձեր երդումն է: Ուրեմն հիմակուընէ ձեզմէ կը պահանջուի ըլլալ տիպար` ձեր խօսքին եւ գործին մէջ, ըլլալ կարգապահ, ըլլալ գաղտնապահ, ըլլալ ընկերասէր, մէկ խօսքով` դաշնակցական»,- ասել է Իզմիրյանը:
Ելույթով է հանդես եկել նաև օրվա բանախոս, խոստման արարողության կնքահայր Վիգեն Ավագյանը: Նա իր խոսքում ընդգծել է Անթիլիասի Մայրավանքի խորհուրդն ու առաքելությունը:
«Մեզի համար ասիկա հաւատքի տուն է, հաւատքի տուն կ՛ըսեմ` ոչ եկեղեցական իմաստով, ասիկա մեզի համար ազգային կեդրոն է, որ իր մէջ ունի եկեղեցի, ունի մշակոյթ, ունի բարոյական արժէքներ, աւանդութիւններ: Դուք եկած էք այստեղ մկրտուելու Դաշնակցութեան գաղափարական, քաղաքական արժէքներու աւազանին մէջ: Ով որ կը մկրտուի, սիրելի՛ ընկերներ եւ ընկերուհիներ, կը դառնայ նոր մարդ, ձեզի համար պիտի սկսի նոր կեանք մը, որ պէտք է աւարտի ձեր վերջին շունչին հետ: Այն արժէքները, որոնք ձեզ դաշնակցական պիտի դարձնեն, պիտի ըլլան ազգասիրութիւնը, հնազանդութիւնը, խոնարհութիւնը, ծառայասիրութիւնը, հայրենասիրութիւնը, ընկերասիրութիւնը, համեստութիւնը, մեր ժողովուրդին արժանապատուութեան տէր կանգնելու պատրաստակամութիւնն ու ձեր կարգին այս արժէքները պիտի քարոզէք ձեր շրջապատին մէջ»,- ասել է Ավագյանը` հավելելով. «Դաշնակցական ըլլալը դիւրին է, բայց դաշնակցական մնալը դժուար է, որովհետեւ կ՛ենթադրէ զոհողութիւն մինչեւ կեանքին վերջը, զոհողութիւն ամէն բանի մէջ»:
Ավագյանը նշել է նաև, որ այս խոստումով պատանիները պիտի դառնան հայ ժողովրդի, հայության և Հայաստանի անկեղծ զինվորներ, որոնք պետք է պատրաստ լինեն ծառայության:
«Ես կասկած չունիմ որ բոլորդ պատրաստակամ էք ծառայելու, բայց պատրաստութիւնը կ՛ենթադրէ հոգեւոր, մտային եւ ֆիզիքական պատրաստութիւն, դուք պէտք է երկար ժամանակ աշխատիք դուք ձեր վրայ, ծանօթանաք մեր գրականութեան, կարդաք յեղափոխական պատմութիւնը, գիտնաք մեր արժէքները: Այսօրուան Հայաստանը մեր բոլոր երազներու Հայաստանը չէ, տակաւին Հայաստանը քաղաքականապէս կայուն չէ, տնտեսապէս հզօր չէ, սահմանները ապահով չեն, բանակը հզօր չէ, ժողովուրդը բարօր չէ, Արցախը միացած չէ, տակաւին հողեր ունինք բռնագրաւեալ, այս բոլորը ընելու համար մենք տակաւին յարատեւ կռիւ ունինք մղելու»,- եզրափակաել է օրվա կնքահայրը:
Խոստում տված պատանիներն արժանացել են «Հայաստանի 100-ամյակի սերունդ» կոչմանը: Խոստումից հետո նրանք մասնակցել են Մայրավանքում մատուցվող Ս. պատարագին: