կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 15:07
Քաղաքական

Դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար

Դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար

ՀՅԴ Բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ «համաներում» է հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից: Խոսքը վերաբերում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, չեն արտաքսվել կուսակցությունից, ինչն ամենախիստ պատիժն է ՀՅԴ-ում։ Իսկ գործընթացի վերջնաժամկետը մինչեւ տարեվերջ է:

Գրող, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը ժամանակին նույնպես հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն 10 տարի անց կրկին վերականգնվել է։ «Հրապարակի» հետ զրույցում Շառոյանն ասաց, որ կանոնադրային պատճառներով հեռացված դաշնակցականները շատ են, եւ եթե նրանք կուսակցության գաղափարախոսությունից չեն հեռացել եւ դրան հակառակ չեն գործել, ապա պետք է նրանց շանս տալ՝ կրկին վերադառնալ կուսակցություն։

«Դա ինչ-որ քաղաքական բան չէ, օրինակ՝ եթե կանոնագրային սխալներ են եղել, այդպիսի բաներ Դաշնակցության մեջ շատ են լինում, նույնիսկ ամենահավատավոր դաշնակցականները կանոնադրային սխալների մեջ ընկնում են, եւ այդ մարդկանց տալիս են հնարավորություն՝ զղջումագրի փոխարեն դիմել եւ որոշ ժամանակ անց վերականգնվել։ Դա նորմալ մարդկային բան է։ Օրինակ՝ շատ է եղել, որ մարդը գուցե ջղայնացած է եղել․․․ օրինակ՝ երբ Աղբալյանին հեռացրին Դաշնակցությունից, նրա որդին սկսեց խոսել, որ այսպես եւ այնպես, Աղբալյանն ուղղակի հորդորեց որդուն, որ պետք չէ իրեն պաշտպանել Դաշնակցությունից։ Եթե կանոնադրային խախտման պատճառով հեռանում ես, դա ի՞նչ կապ ունի գաղափարախոսության, կուսակցության քաղաքական կուրսի հետ։ Եթե արտաքսված չէ հակադաշնակցական գործունեության համար, ապա խնդիր չկա, կանոնագրային հեռացումներ Դաշնակցության մեջ շատ են լինում, օրինակ՝ հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով 5 ժողովի չմասնակցի՝ առանց ասելու կամ թույլտվություն խնդրելու։ Դրա համար կուսակցությունից հեռացվում է, բայց գաղափարներից չի հեռացվում։ Հազար ու մի խնդիր կարող է լինել, մանավանդ՝ Դաշնակցության դեպքում մի քիչ ուրիշ է․ դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար, որովհետեւ շատ բաներ են պահանջվում, բարոյական, ազգային, հասարակական-քաղաքական կեցվածք պետք է ունենաս, անձնազոհություն պետք է ունենաս եւ գրեթե 100 տոկոսով պետք է ապրես անանձնական կյանքով»,- ասաց Շառոյանը։

Նախկին դաշնակցականներից մեկը՝ Աբո Պողիկյանը, խոսելով ՀՅԴ համաներման մասին, ասել է, որ իր համար «համաներում» բառը վիրավորական է, եւ իրեն հեռացրել են՝ ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը։ Շառոյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում Պողիկյանի այս մեկնաբանության վերաբերյալ եւ ի՞նչ կանխատեսում ունի՝ ՀՅԴ վերադառնալ ցանկացողները շա՞տ կլինեն։

«Դա Աբո Պողիկյանի խնդիրն է, դա իր որոշելիքն է, ես այդ թեմայով չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ չգիտեմ, թե նա ինչ հանգամանքներում է հեռացել։ Պետք է հստակ հասկանանք, որ կազմակերպական ապակենտրոնացումն ու գաղափարական ապակենտրոնացումը լրիվ տարբեր բաներ են։ Այստեղ խոսվում է կազմակերպական գործընթացների հետեւանքով դուրս մնացած մեր ընկերների մասին կամ նրանց, ովքեր ուղղակի ինքնամեկուսացել են։ Հատկապես նման բան շատ եղավ Արցախյան ազատամարտի ժամանակ եւ դրանից հետո․ մարդիկ մի քիչ հանգստանալու, մի քիչ ջղային խնդիրներ ունենալու պատճառով չէին կարողանում ժողովներին մասնակցել, բայց իրենք շարունակում էին կրել դաշնակցական գաղափարները։ Օրինակ՝ ես հիշում եմ, որ միտինգներ էին լինում, ես տեսնում էի, որ կանոնադրական պատժի ենթարկված շատ դաշնակցականներ հրապարակում կանգնած էին, իրենց կուսակցության հետ էին, պաշտպանում էին իրենց գաղափարախոսությունը։ Սովորական կուսակցությունների մոտ դա դժվար է բացատրել, բայց դա նորմալ բան է, այդտեղ նյուտոնյան հայտնագործություն չկա։ 1990 թվականին էլ է նման բան եղել, մի օրենք կա, Նյուտոնի անունը տվեցի, եթե կա ազդեցություն, ապա կա նաեւ հակազդեցություն, մարդիկ որոշել են հիմա այդ մարդկանց տալ հնարավորություն, որովհետեւ իրենք էլի նույն կյանքով ապրում են, գուցե նաեւ քաջալերում են, որ ավելի ակտիվանան։ Ես հետեւում եմ, որ ոչ միայն Դաշնակցությունից, այլեւ այլ կուսակցություններից էլ դուրս մնացած մարդիկ էլի իրենց խոսքն են ասում, իրենց գաղափարական ուղենիշն են պահում։ Նորմալ բան է, հատկապես որ մարդիկ ուզում են կենտրոնանալ ազգային գաղափարի շուրջ, մանավանդ որ հիմա այդպիսի սուր վիճակ է տիրում։ Իմ կարծիքով՝ Դաշնակցությունը շատ ճիշտ է արել, արձագանքել է»,- ասաց Շառոյանը։

Կորյուն Սիմոնյան