կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 17:33
Մշակույթ

Հայաստանում դժվար է. դժվար է սեփական արտադրությունն ունենալ

Հայաստանում դժվար է. դժվար է սեփական արտադրությունն ունենալ

«HY» ընկերությունը որոշել է նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Երգ Նոլայի համար» վերնագրով: Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2014-ի սեպտեմբերին: «Երգ Նոլայի համարը» 90 րոպե տեւողությամբ խաղարկային ֆիլմ է լինելու` երաժշտությամբ հագեցած:

 

-Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմարտադրող ընկերություն բացել` նախապես իմանալով, որ դրանք Հայաստանում այնքան էլ եկամուտ չեն բերում:

-Մի քանի տարի առաջ, երբ սովորում էի Վաշինգտոնի համալսարաններից մեկում, որոշեցի վերադառնալ Հայաստան եւ ստացածս գիտելիքները կիրառել: Ուզում էի աշխատել Հայաստանում, ունենալ ընկերություն, որը տարբեր երկրների հետ ծրագրեր կիրականացներ: Այդ ժամանակ մի քիչ ռոմանտիկ էին պատկերացումներս ոլորտի մասին: Սկզբում մենակ էի, եւ շատ տարօրինակ էր` մի կողմից թվում էր` ֆիլմարտադրող ընկերություն ունես, արդեն դրսից հետաքրքրվողներ ու համագործակցել ցանկացողներ կան, բայց, մյուս կողմից, մենակ նստած էի գրասենյակում: 2012-ին Արեւ Ավանեսյանի /գործադիր պրոդյուսեր/ հետ սկսեցինք համագործակցել: Սակայն Արեւն իրականում ինձ միացավ, երբ մասնակցեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին, քանի որ շատերը ցանկանում են դառնալ պրոդյուսեր` չիմանալով, թե դա ինչ պատասխանատվություն է:

 

-Ասացիր` ռոմանտիկ էին պատկերացումներդ ոլորտի մասին, այս առումով` հե՞շտ է Հայաստանում ունենալ ընկերություն եւ կարողանալ ինչ-որ բանի հասնել:

-Ոչ, դժվար է, շատ դժվար: Հայաստանում դժվար է քո սեփական արտադրությունն ունենալ, կապ չունի` որ ոլորտում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հարկային պահումները շատ են, այսինքն` նորաստեղծ ընկերության համար խթանող ոչինչ չկա: Երբ ուսումս ստանալուց հետո վերադարձա Հայաստան, կարծում էի, որ ընկերությունը պետք է սկզբի երկու տարին մի շարք արտոնություններ ստանա, որ ոտքի կանգնի, նոր միայն հարկ վճարի, բայց իմացա, որ այդպես չէ: Գիտեմ, որ շատ դժվար դաշտում ենք` չկա օրենք, չկա ֆինանսավորում եւ կինոդահլիճներ: Աշխատում եմ կինոյի ոլորտում ոչ թե նրա համար, որ դա շահութաբեր է, այլ չեմ կարող չլինել այս ոլորտում:

 

-Հասմի'կ, «HY»-ը նաեւ «Նոլալենդ» նախագիծն է իրականացնում. «Երգ Նոլայի համար» եւ «Նոլալենդ»` երկու տարբեր ֆիլմե՞ր են սրանք:

Երգ Նոլայի մասին» ֆիլմը «Նոլալենդ» նախագծի մի մասն է կազմելու: «Երգ Նոլայի համար» ֆիլմը մեր ընկերության առաջին լիամետրաժը պետք է լինի: Գաղափարը ծագեց մի քանի տարի առաջ, բայց հետո մի կողմ թողեցի այն, քանի որ ավելի արդիական եւ թեմատիկ նախագծեր կային. պետք է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանեինք, որ կայանայինք եւ նոր միայն լիամետրաժ ֆիլմերի անցնեինք: Պատանեկան ֆիլմ է լինելու, գլխավոր հերոսը Նոլան կլինի, ով ապրում է Վանաձորում: Ֆիլմի գլխավոր հերոսները մեզ հայտնի մարդիկ չեն. պիլոտային նկարահանման ժամանակ առաջին անգամ էին կանգնում տեսախցիկի առջեւ: Քանի որ ֆիլմը 17 տարեկան աղջկա մասին է, նա փնտրում է ինքն իրեն, եւ ֆիլմում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք փոխում են թե՛ Նոլայի եւ թե՛ մյուսների ճակատագրի ընթացքը: Իսկ «Նոլալենդը» մի մեծ նախագիծ է լինելու, որը ներառելու է  սոցիալական հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան շփվել միմյանց հետ, կոմիքսներ, մրցույթներ:

 

-Ո՞վ է ֆիլմի ռեժիսորը, եւ ե՞րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան:

-Ռեժիսորը Էմիլ Մկրտչյանն է` Շվեդիայից: Նա մի քանի կարճամետրաժ ֆիլմեր է ունեցել, որոնք մեծ հաջողությունների են հասել թե՛ փառատոներում եւ թե՛ տեղական հեռուստաալիքների ցուցադրման արդյունքում: «HY»-ը հիմնական արտադրող ընկերությունն է լինելու, իսկ համատեղ արտադրող ընկերությունը «Apricot stone»-ը կլինի, որը Մկրտչյանի ընկերությունն է: Կարծում եմ` ֆիլմի նկարահանումները կավարտենք այս տարի, սակայն այն պատրաստ կլինի 2016-ի սկզբներին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ