կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 17:55
Քաղաքական

Երբ ընտրելը նշանակում է կորցնել. եվրոպացիների շարունակական ակնարկները

Երբ ընտրելը նշանակում է կորցնել. եվրոպացիների շարունակական ակնարկները

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցը: Եվրախորհրդարանի տնտեսական հարցերով ներկայացուցիչ Պասկալ դե Միկոյը նշեց, որ ցանկանում է ներկայացնել մի կարևոր ուսումնասիրություն, որից եզրակացություններ կարող են անել քաղաքականություն կերտողները:

 

Նա նշեց, որ ուսումնասիրության նպատակն է համեմատել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ԵՏՄ համաձայնագրի հետ: Ուսումնասիրությունը վերնագրված էր այսպես` «Երբ ընտրելը նշանակում է կորցնել»: Պասկալ դե Միկոյը նշեց, որ համեմատվել են երկու ինտեգրացիոն համաձայնագրերը, դրանց առավելություններն ու բացասական կողմերը, վերջում ներկայացվել են եզրակացությունները:

 

Նրա խոսքով՝ հետխորհրդային երկրները առևտրի համաձայնագրերի մասով երկու փուլ են անցել՝ սկզբում առևտրի համաձայնագրեր են կնքվել միմյանց միջև, հետո` նաև ԵՄ երկրների հետ: Միկոյը նշեց, որ Հայաստանն ունի առևտրի դեֆիցիտի լուրջ թիվ` մոտ 26,2 տոկոս, որը մասամբ վերականգնվում է մասնավոր փոխանցումների միջոցով: Այս առումով նա Հայաստանին համեմատեց Մոլդովայի հետ, որը նույնպես ունի առևտրի դեֆիցիտ և ստացվող մասնավոր տրանսֆերնտներ:

 

Սակայն Մոլդովան, կնքելով Արևելյան գործընկերության հետ համաձայնագիր, առավել մեծ տնտեսական արդյունքների է հասել, քան Հայաստանը, որը, ըստ Միկոյի, 2013թ. տվյալներով, էներգետիկ առումով 100 տոկոսով կախված է Ռուսաստանից, թեեւ Իրանի հետ կա խողովակաշարի բացման հնարավորություն:

 

ԵՄ ներկայացուցիչը մոտ մեկ ժամ խոսեց ԵՄ Արևելյան գործընկերությանն անդամակցող Ուկրաինայի մասին, այնտեղ ընթացող քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մասին, Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության մասին: Խոսեց այն մասին, որ թեեւ Ռուսաստանը բազմաթիվ զրկանքներ է պատճառել Ուկրաինային, սակայն ԵՄ-ի շնորհիվ Ուկրաինայի արտահանումը դեպի ԵՄ աճել է, և նա այժմ չունի առևտրային խոչընդոտներ, թե ԵՄ-ն որքան աջակցություն է ցույց տվել Ուկրաինային, որքան վարկեր է տվել և դեռ էլի կտա:

 

Հետո նա ներկայացրեց ԵՄ Խորը և համապարփակ համաձայնագրի բոլոր գայթակղիչ կողմերը, բոլոր առավելությունները, որոնք կընձեռվեն այն երկրների քաղաքացիներին, որոնք կստորագրեն այդ համաձայնագիրը` նշելով, որ երկարաժամկետ պարագայում ԵՄ համաձայնագիրը շատ ավելի արդյունավետ է այն ստորագրող երկրների համար:

 

Պասկալ դե Միկոյը նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասով քննարկում չի կարող ունենալ, քանի որ պարտավորություններ չկան, սակայն կարող են քննարկումներ լինել, օրինակ, առևտրի կազմակերպման ստանդարտների մասով, որը ավելի ակտուալ կարող է լինել, քան անգամ մաքսատուրքերը:

 

 

Նա նշեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեսնում է երեք հավանական սցենար: Առաջին տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է, այսինքն` ամեն ինչ մնում է անփոփոխ, սակայն Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների սրման պարագայում Հայաստանը կունենա առևտրային կորուստներ ու այլ ռիսկեր:

 

Մյուս տարբերակը, որ Եվրոպան Հայաստանին կարող է օգնել հետադարձ գազային հոսքով ինչը, ըստ ԵՄ ներկայացուցչի, քիչ հավանական է, նաև`  էներգաարդյունավետության բարձրացում ԵՄ հետ, որը նույնպես կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից: Նա առաջարկեց առավել փափուկ տարբերակ, այն է՝ ընդայնել երկու ինտեգրացիոն համաձայնագրերի՝ ԵՄ և ԵՏՄ համաձայնագրերի իրավական համատեղելիության մակարդակը:

 

Երրորդ տարբերակը, ըստ նրա, որը քիչ իրատեսական է, խորը և համապարփակ ազատ գոտիների ստեղծումն է մաքսային տարածքների միջև: «Բնականաբար, այս տարբերակը դուր չի գա կողմերին, այդ առումով ես պատրանքներ չունեմ»,- ասաց Պասկալ դե Միկոյը՝ հիշեցնելով ՄԽ պարտավորությունների հարգումը:

 

Եվ մեկ տարբերակի մասին խոսեց «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչը` ձևավորել նոր եվրոպական քաղաքականություն և քննարկել այն գաղափարները, որոնք ոչ թե պաշտոնապես ընդունված են, այլ պարզապես առաջարկվում են: