| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս անորոշ է առաջիկա խորհրդարանում իր մասնակցության հարցը: Նշենք, որ երեկ կայացել է ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստը: Հակառակ սպասումների՝ ՀՀԿ-ում այդպես էլ որոշում չի կայացվել՝ ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, նախընտրական շտաբը, և ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրելու ռեյտինգային ընտրակարգով:
Հարությունյանը նշեց, որ քանի դեռ ցուցակները չկան, իր մասնակցության վերաբերյալ հստակություն էլ չկա: «Ամեն ինչ ասվեց կուսակցության քարտուղարի կողմից: Ես ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ շատ հարցերի շուրջ շարունակվում է անորոշ վիճակը, և դեռ ցուցակներն էլ չկան: Պատգամավորը հետո նեղսրտած շարունակեց. «Էդ ո՞ւմ մոտ է հստակ, որ մեզ մոտ էլ հստակ չի, էդ ո՞ւմ մոտ կան ցուցակները»:
Հարցրեցինք՝ գուցե ինչ-որ խնդի՞ր կա ՀՀԿ-ի ներսում, քանի որ արտահոսք է սկսվում կուսակցությունից: Հարությունյանն անմիջապես հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստի ժամանակ հնչեցրած «պատասխանը» շրջանառվող այս լուրերին: «Նորմալ երևույթ է, որ մեկը գնում է, մյուսը գալիս է»,- ասաց նա:
Երբ պնդեցինք, որ կուսակցության շարքերը լքեցին առանցքային դեմքեր և ոչ շարքային կուսակցականներ, մասնավորապես՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հարությունյանը համաձայնեց. «Չեմ կարծում, որ նա շարքային է»:
Պատգամավորը նշեց նաև, որ նեղված չէ, որ դեռևս իր մասով հստակություն չկա, ապա հիշեցրեց վերջերս մեր քաղաքական դաշտում ամենակիրառելի, ամենաշատ օգտագործվող արտահայտություններից մեկը. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»: