կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 14:14
Հասարակություն

Հարկային ստուգումներից կուրսի չեմ. ՀՀԿ-ական գործարար պատգամավոր

Հարկային ստուգումներից կուրսի չեմ. ՀՀԿ-ական գործարար պատգամավոր

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) ամեն կերպ խուսափում էր բիզնեսի և հարկային ստուգումների վերաբերյալ` լրագրողների հարցերից, իսկ երբ չէր հաջողվում խուսափել, զայրանում էր հարցերից ու սկսում պաշտպանվել: «Ես բիզնեսներ չունեմ, իսկ հարկային ստուգումներից կուրսի չեմ»,- ասաց նա:

 

Հարցին` եթե բիզնես չունեք, ապա ո՞ւմ է պատկանում «Դերժավա» ընկերությունը, պատգամավորը հաստատող պատասխան տվեց` այն իրենն է, բայց և պնդեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում. «Իմն ա, ուրի՞շ»:

 

Հարցին, թե արդյոք՞ հարկային մարմինները խախտումներ են հայտնաբերել իր ընկերությունում, կամ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կտուգանեն, ինչպես դա տեղի ունեցավ ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի ու Հակոբ Հակոբյանի բիզնեսների հետ, պատասխանեց. «Ինչքան գիտեմ, չեն տուգանել, ինչի՞ց վախենամ: Բայց ե՞ս ինչ կապ ունեմ, ով որ կառավարում ա, գնացեք նրան հարցրեք: Հարկային ստուգումները տարին մեկ անգամ են լինում, եթե խնդիրներ լինեն,  կիմանաք, մենք խնդիրներ չունենք»: Համբարձումյանը նաև նշեց, որ ինքը հարկային դաշտում արդար է աշխատում:

 

Ճշտմանը, թե տեղյա՞կ է, որ պատգամավորն իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու, Համբարձումյանը վրոդովված պատասխանեց. «Չեմ զբաղվում, սեփականատեր եմ, բա ի՞նչ անեմ, նվեր տամ քե՞զ, կառավարմամբ իմ հերն ա զբաղվում, գնացեք իրանից հարցրեք»:

 

Խոսելով կոռուպցիայի հանձնաժողովի մասին` պատգամավորը նշեց, որ ինքը կառուպցիայի հետ կապ չունի, և ովքեր նման կարծիք ունեն, թող իրեն անձամբ դրա մասին տեղյակ պահեն: «Էս խի՞ եք վրա տվել, ես կոռուպցիայի մեջ չկամ, ով որ ասում ա, ասեք` թող գա, ես իրան տեղը տեղին կասեմ»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ով «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի սեփականատերն է, եւս խուսափեց սեփականության, բիզնեսի ու հարկային ստուգումների վերաբերյալ բոլոր հարցերից: «No coment»,- ասաց պատգամավորը՝ պնդելով, որ ինքը գործ չունի ո'չ հարկայինի, ո'չ բիզնեսի, ո'չ էլ նման թեմաների հետ:

 

Երեւում է՝ ՀՀԿ-ականների աչքն էլ է վախեցած ստուգումներից: