Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀԿ-ի առաջիկա համագումարում:
«Ամեն օր ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ անդամակցելու ՀՀԿ-ին, որոշ մարդիկ էլ դուրս են գալիս կուսակցությունից: Նորմալ եմ համարում դա: Մի մասը դժգոհում է, մի մասն էլ չունի այն քաղաքական ուժն ու կորովը, որ պայքարի ու մնա կուսակցությունում: Մի մասն էլ Հայաստանից դուրս գալու պատճառով է լքում կուսակցության շարքերը»,- պարզաբանեց ՀՀԿ-ականը:
Արձագանքելով դիտարկմանը, թե նախատեսվում է, որ առաջիկայում վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին, և հարցին՝ ի՞նչ կփոխվի, եթե Կարապետյանն անդամակցի իրենց կուսակցությանը, Կարախանյանը պատասխանեց. «Կառավարության ու վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և նա չի կարող նախագահի նախընտրական ծրագրից դուրս այլ ծրագրեր անել: Սա քաղաքական թիմ է, քաղաքական թիմի միանձնյա համաձայնությամբ է դարձել երկրի վարչապետ, շատ նորմալ է, որ անդամագրվի»:
Հարցին՝ Կարապետյանը, կարծես, չի՞ շտապում անդամակցել ՀՀԿ-ին, պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի, սակայն տեսնում է՝ ինչ լուրջ գործընթացի մեջ է Կարապետյանը:
Հարցին` ժողովուրդը հավատ ունի Կարեն Կարապետյանի նկատմամբ, գուցե ՀՀԿ-ին անդամակցությունն ինչ-որ առումով ստվերի՞ այդ հավատը, քանի որ հասարակությունը կորցրել է հավատը իշխանությունների նկատմամբ, Կարախանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում՝ արդար է այդ կարծիքը, ձևակերպումը, որ Հանրապետականն այնքան վատ է եղել ժողովրդի հետ, որ արժանի է բոբո կոչվելուն: Չի կորի հավատը Կարեն Կարապետյանի նկատմամբ, հակառակը՝ ավելի կբարձրանա» :
«Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունն արդյո՞ք ազդակ չէ, որ նա երկարատև կառավարման ուղի է ընտրել» հարցին էլ արձագանքեց. «Տրամաբանությունն ասում է այդպես, բայց դա ժամանակը ցույց կտա»: