Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում է հայաստանյան քաղաքական դաշտում նոր կուսակցություն հիմնել: ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն օրեր առաջ Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը երկրորդ լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն կստեղծի: Համլետ Հարությունյանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք նա Արա Աբրահամյանին տեսնում է երկրորդ լուրջ քաղաքական ուժի ղեկավարի դերում:
«Անկեղծ ասած` ոչ: Ես Արա Աբրահամյանին չեմ տեսնում այդ դերում: Ես այդպես չեմ կարծում: Ես բացառում եմ այն, որ Արա Աբրահամյանը կարող է մտնել խորհրդարան ու միանգամից բարձր դիրքեր զբաղեցնել: Առաջինը` ասեմ, որ նա ՀՀ քաղաքացի չէ, երկրորդն էլ` բացառում եմ, որ նա կարող է այդքան արագ երկրորդ քաղաքական ուժը դառնալ»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ներմուծված քաղաքական գործիչներն անհաջողություն են ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում: «Դրսից էլի են մարդիկ եկել, բայց հաջողություններ չեն ունեցել»,- ընդգծեց ՀՀԿ-ականը:
Դիտարկմանը, թե Արա Աբրահամյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթներն ու պահվածքն ասես որոշակի ընդհանրություններ ունեն, Հարությունյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի հետ որևէ նմանություն գոյություն չունի, որևէ ընդհանրություն չկա: Գագիկ Ծառուկյանը հայաստանյան գործիչ է, նա Հայաստանում ունի մեծ վաստակ, մեծ հեղինակություն, իսկ Արա Աբրահամյանը մոսկովյան գործիչ է, և ես չեմ էլ ճանաչում` ընդհանրապես ով է նա: Անձամբ չգիտեմ նրան»:
ՀՀԿ-ականը նշեց նաև, որ ծանոթ չէ Արա Աբրահամյանի տեքստերին, ելույթներին, բայց, իր համոզմամբ, նմանություն չկա: «Եթե մարդիկ հայաստանյան քաղաքական, տնտեսական դաշտերում հայտնի չեն, ես որտե՞ղից պետք է ճանաչեմ նրան: Ես չգիտեմ` Արա Աբրահամյանը կոնկրետ ինչով է զբաղվում Մոսկվայում, ինչ բիզնեսներ ունի, հետևաբար` չեմ կարող նրա մասին կարծիք հայտնել»,- եզրափակեց Հարությունյանը: