կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 15:21
Քաղաքական

Չեմ հասկանում` սովորական քաղաքացին անվտանգ ապրելը ավելի չի՞ կարևորում. ՀՀԿ-ական պատգամավոր

Չեմ հասկանում` սովորական քաղաքացին անվտանգ ապրելը ավելի չի՞ կարևորում. ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուբլու արժեզրկմանը և տնտեսական աճին: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ ոչ միայն ռուբլին ու դրամն են արժեզրկվել` դոլարի նկատմամբ, այլև բոլոր արժույթները: Ամեն դեպքում, ըստ ՀՀԿ-ականի, դրամի պահվածքը դոլարի նկատմամբ ներդաշնակ է, իսկ ինչ վերաբերում է գնաճին, ապա տարին ավարտվել է մեղմ գնաճով, ինչը հնարավորություն տվեց ԿԲ-ին նվազեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքները:

«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում գնաճային ճնշումները կլինեն ոչ ավելի, քան նախատեսված է պետական բյուջեի նախագծով»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրատեսական է համարում 2,2 տոկոս տնտեսական աճը, Մինասյանը նշեց, որ 2,2 տոկոս տնտեսական աճը կանխատեսում է, որն արձանագրված է բյուջեի նախագծում, և այն իրատեսական է համարում:

Լրագրողները պնդեցին` որքա՞ն է կանխատեսվում տնտեսական աճի տատանումը: «Այդ հարցի պատասխանը շատ դժվար է տալ, միջազգային կառույցներն անգամ չեն կարող հստակ կանխատեսումներ անել, որովհետև զարգացումների մեջ կանխորոշիչ գործոնը ոչ թե տնտեսականն է, այլ քաղաքականը, որի  հետ կապված կանխատեսումներ անելը դժվար է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Իսկ թե որքանո՞վ քաղաքացին կզգա 2,2 տոկոս տնտեսական աճի ազդեցությունը` հաշվի առնելով, որ ո\'չ աշխատավարձերը ավելացան, ո\'չ թոշակները, պատգամավորը նշեց, որ մենք գտնվում ենք մի իրողության մեջ, որտեղ անվտանգությունն ավելի կարևոր է դառնում, քան մնացած ամեն ինչը:

«Մենք պետք է հասկանանք, որ ավելի լավ կապրենք այն դեպքում, եթե ապրենք անվտանգ: Չեմ հասկանում`  սովորական քաղաքացին անվտանգ ապրելը ավելի չի՞ կարևորում:  Էն երկիրը, որտեղ ավելի անվտանգ ապրելը չեն կարևորում, ապագա չունի»,- ասաց Գագիկ Մինասյանը: