կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 16:53
Քաղաքական

Ես որեւէ բացասական բան չեմ կարող ասել Հովիկ Աբրահամյանի մասին. ԲՀԿ-ական պատգամավոր

Ես որեւէ բացասական բան չեմ կարող ասել Հովիկ Աբրահամյանի մասին. ԲՀԿ-ական պատգամավոր

Նոր կառավարության անելիքները պետք է բխեն ստեղծված իրավիճակի համալիր գնահատականներից. Yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը' անդրադառնալով նոր վարչապետի ու նոր կառավարության անելիքներին:

 

Ըստ նրա` պետք է ոչ թե լոկ ասել' ազատության մակարդակն այսքան է, նվազագույն աշխատավարձն այսքան է և անցնել առաջ, փոխարենը հարկավոր է համալիր գնահատական տալ խնդիրների պատճառների արժեւորման և վերաիմաստավորման հարցերին: Այս ուղղությամբ Միքայել Մելքումյանը երեք անելիք է նշում' գտնել խնդիրրները, որոնք կապված են արտաքին և օբյեկտիվ պատճառների ու հետևանքների հետ, օրինակ' Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղում, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներ եւ այլն: Երկրորդ' գտնել այն խնդիրները, որոնք կապված են օբյեկտիվ գնահատականի' կառավարման արդյունավետության հետ: Եվ երրորդ' որպեսզի ապագա կառավարության գործունեության անկյունաքարը լինեն ոչ միայն ՀՆԱ-ի' տնտեսական աճի տոկոսները, այլ տնտեսական զարգացումը:

 

«Որովհետև դու կարող ես ՀՆԱ-ի աճ ունենալ, որը ժողովրդի կենսամակարդակի վրա որեւէ ազդեցություն չի ունենում: Ելնելով այս գնահատականներից` նոր կառավարությունը, կարծում եմ, պետք է փորձի այս ծրագրերը ճյուղային մակարդակով' ապրանքային շուկաների, մրցակցային պայմանների բարելավման, մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի, օլիգոպոլիաների դեմ պայքարի առումով իրագործել: Որովհետեւ միգուցե եղած օրենքները լավն են, բայց վարչարարությունը բացարձակ ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին»,- նշեց պատգամավորը' հավելելով, թե եվրոպական ստանդարտներով մենք մրցակցության պաշտպանության, ներդրումների պաշտպանության, տեխնիկական ընթացակարգերի և այլնի մասին օրենքներ ու ակտեր ենք ընդունում, բայց վերջում պարզվում է, որ այդ ամենը չի աշխատում:

 

Նախորդ կառավարությունն իր դասագրքային, մեթոդաբանական, միջազգային ստանդարտներով մենեջմենթ էր փորձում իրականացնել, ընդգծեց Միքայել Մելքումյանը, բայց մեր տնտեսական օրգանիզմի վրա դա լուրջ ազդեցություն չէր ունենում, կյանքից կտրված մի համակարգ էր: Այս առումով պատգամավորը նշում է երկու կարեւոր սկզբունք' կառավարման համակարգը պետք է լինի կենսական և մարդկանց ուղղված, մարդկանց մոտ ընդվզում չառաջացնի:

 

Պատգամավորը կառավարման առկա մակարդակում, երբ վարչապետն ու նախարարները այնքան էլ մեծ ազդեցություն չունեն քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա, կարեւորում է վարչապետի ու նախարարների անձի խնդիրը: Այսինքն' նրանք պետք է լինեն այնպիսի ուղի ու քաղաքական կենսագրություն ունեցող անհատականություններ, որ կարողանան էական ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա, ինչի արդյունքում կկարողանան էապես ավելի լավ իրականացնել կառավարության գործառույթները:

 

«Դասական առումով' պետք է  համակարգը կայացած լինի, որ ով էլ գա, կարողանա ծրագրերը իրականացնել: Բայց մենք անցումային փուլում ենք, եւ կառավարության ղեկին կանգնած անձնավորությունը պետք է այդպիսի հատկանիշներ ունենա: Ես կարծում եմ, որ նոր վարչապետը փորձելու է գնալ հենց այդ ճանապարհով եւ քաղաքական որոշումների վրա ազդեցության չափ ունենալ, որը կարող է բերել տնտեսական-սոցիալական ցուցանիշների բարելավման»,- նշեց Մելքումյանը:

 

Պատգամավորի խոսքերով' վարչապետը պետք է ուղղակի կարողանա կանգնել ու հայտարարել, որ կարող է այս, այս հարցերը լուծել այսքան ժամանակում, բայց սրա համար պետք է կարգապահություն, խաղի կանոնների հստակ սահմանում եւ բոլորի կողմից անխտիր կատարում: Այնուհետեւ պատերազմ հայտարարի կոռուպցիային, երաշխավորի ներդրումները եւ այլն: Նախորդ կառավարությունները, ըստ մեր զրուցակցի, չեն գնացել այդպիսի կտրուկ, առաջին հայացքից պոպուլիստական, բայց իրականում հեղափոխական մոտեցումների, որովհետեւ դա ռիսկային էր...

 

Կան մոտ 10 պարզագույն քայլեր, համոզված է Միքայել Մելքումյանը, որ կարող է անել նոր կառավարությունն ու լիցքաթափել իրավիճակը, որ ժողովուրդը տեսնի, որ ինչ-որ դրական միտում է զգացվում:

 

«Ես որեւէ բացասական բան չեմ կարող ասել Հովիկ Աբրահամյանի մասին, առավել եւս, երբ նա, որպես կազմակերպիչ, որպես քաղաքական ուժերի հետ աշխատելու հմտություն ունեցող անձնավորություն, կարողանում է սուր ծայրերը քննարկման ձեւաչափ բերել ու քննարկման հարթակ ձեւավորել: Վարչապետը պետք է կարողանա ե'ւ կադրերի նշանակման հարցը լավ կազմակերպել, ե'ւ քաղաքական ուժերի հետ աշխատել, ե'ւ ոչ թե լիակատար, այլ հարաբերական կոնսենսուս  ձեւավորել: Բայց այս պարագայում գերնպատակը չպետք է դառնա քաղաքական ուժերի հետ բանակցելն ու ոչինչ չանելը: Պետք  կարողանա նաեւ համարձակ որոշումներ կայացնել, որոնք համարժեք կլինեն քաղաքական ուժերի ու ժողովրդի ցանկություններին»,- նշեց Միքայել Մելքումյանը' վերջում հավելելով, որ այս ամենը կարող են կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնել, նաեւ տնտեսական զարգացման իրական նախադրյալներ ստեղծել: