Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես արդեն հայտնել ենք, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ինքը նորմալ է համարում այս հրամանի ստորագրումը: «Եթե Ազգային ժողովի պատգամավոր է, պետք է հայոց լեզվին նորմալ տիրապետի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հիմնականում ՀՀԿ-ում են այն պատգամավորները, ովքեր այնքան էլ կոռեկտ չեն արտահայտվում և թույլ են հայոց լեզվից, Ավետիսյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ հայերենից թույլ են: Ո՞վ է թեստը անցկացրել, որ հիմա էլ գնահատական տանք, թե հայերենից թույլ են: Ինչքան գիտեմ, բոլոր պատգամավորներն էլ ունեն համապատասխան կրթություն և շատ լավ տիրապետում են հայերենին»:
Դիտարկմանը` այնուամենայնիվ, պետք է փաստել, որ սկանդալային արտահայտությունների տեսակետից որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ են միշտ կիզակետում, պատասխանեց. «Տարբեր քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ միշտ էլ փորձում են կիզակետում պահել իշխանությանը: Ես չգիտեմ ՀՀԿ-ում այդպիսի պատգամավորների և կարծում եմ` բոլոր պատգամավորներն էլ տիրապետում են հայերենին շատ լավ: Իսկ այդ ստուգումներն ինչ ձևով են անցկացնելու, և ով է անցկացնելու, ես չգիտեմ»: