Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը համարում է, որ այն ինչ անում են ուկրաինացիները, նրանց գործն է: «Մեր գործը չի, որ մենք գնահատական տանք, իրանք գիտեն»,- այսպես արձագանքեց նա Yerkir.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի այս օրերին Ուկրաինայում ընթացող բազմահազարանոց ցույցերը` ուղղված Մաքսային միության անդամակցության դեմ, եւ արդյոք Հայաստանում նման սցենարի կրկնության վստանգ կա: Պատգամավորը նաեւ նշեց, որ կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, և ոչ մի վտանգ չի տեսնում, թե Հայաստանում պրոռուսական փոփոխություններ կլինեն:
Ըստ Մելիք Մանուկյանի` դա ընդամենը տնտեսական միություն է լինելու, որը չի անդրադառնալու ո'չ լեզվի, ո'չ էլ արժույթի վրա: «Սկի բոլշևիկները չկարողացան հայոց լեզվին վնասել: Մի' վախեցեք, մի' մտածեք, մենք կպաշտպանենք մեր լեզուն»,- ասաց նա:
Պատգամավորը համաձայն չէ այն տեսակետին, որ, Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը կորցնում է իր քաղաքական ու դիվանագիտական ինքնուրույնության մի մասը. «Ախր ինչի՞ պիտի կորցնենք, ախր ինչի՞ եք նման բան մտածում, հակառակը` ավելի լավ վիճակի մեջ կընկնենք, ավելի լավ կապրենք»:
Հարցին` հնարավո՞ր է, որ Ուկրաինայում սկսված բողոքի ալիքը տարածվի նաև Հայաստանում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե, ես Նոստրադամուսը չեմ, որ գուշակեմ` կկրկնվի, թե` չէ, երբ որ կկրկնվի կամ չկրկնվի, էն վախտ էլ կզրուցենք»:
Պուտինի այցի կապակցությամբ պատգամավորը նշեց, որ չունի որևէ մեկնաբանություն, միայն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պես պետության նախագահն այցելում է Հայաստան, դա լավ, ուրախալի երևույթ է»: