կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 11:46
Քաղաքական

Շատ կարևոր է մարդկանց ճիշտ բացատրել սահմանադրական փոփոխությունների նպատակը. Սուքիաս Ավետիսյան

Շատ կարևոր է մարդկանց ճիշտ բացատրել սահմանադրական փոփոխությունների նպատակը. Սուքիաս Ավետիսյան

Սահմանադրության նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:  ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավի որոշակի աշխատանքներ կատարված են, հիմա էլ, երբ հայտնի է հանրաքվեի օրը, սկսելու են քարոզարշավի պաշտոնական մասը:

Պատգամավորը նշեց, որ քարոզարշավի հիմնական ուղղվածությունն իրազեկող զրույցներն են քաղաքացիների հետ: «Բնական է, որ հանդիպումներ կլինեն հայրենի գյուղում և քաղաքում: Մարդկանց հետ բոլոր հանդիպումների ժամանակ, հետագայում` նաև լրատվամիջոցների հետ համագործակցելով, մենք կկատարենք մեր աշխատանքը: Ես կարծում եմ` ամենաճիշտն այն կլինի, որ մարդկանց հետ անմիջական հանդիպումների, շփումների միջոցով  փորձենք  բացատրել փոփոխությունների կարևորությունը: Շատ կարևոր է, որ մարդկանց ճիշտ բացատրենք  սահմանադրական փոփոխությունների նպատակը»,- ընդգծեց Ավետիսյանը:

Նրա կարծիքով` շատերը տեղյակ չեն և միայն տարբեր` ոչ հիմնավոր կարծիքներ են լսում ու ավելի արագ ընկալում դրանք:

«Արդեն փորձում ենք հանդիպումների ժամանակ հստակ բացատրել` փոփոխություններն ինչին են վերաբերում, ինչ նպատակ են հետապնդում»,- ասաց ՀՀԿ-ականը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողներին` Ավետիսյանը նշեց. «Նրանց հետ աշխատելու մեխանիզմը զրուցելու տարբերակն է: Նրանք պետք է հիմնավորեն իրենց «դեմ»-ը: Մենք հիմանավորում ենք մեր` փոփոխությանը կողմ լինելը,  նրանք էլ պետք է  հիմավորեն իրենց «դեմ»-ը: Մարդկանց մոտ ոչ թե կոնկրետ հիմնավորում կա, այլ ուղղակի  մտածում են, թե փոփոխությունն իրենց որևէ բան չի տալու: Մարդկանց մի խումբ էլ կա, որ մտածում են` փոփոխությունն իրենց միանգամից ինչ-որ բան է տալու, որը սխալ կարծիք է: Մարդիկ մտածում են` եթե որևէ բան չի տալու փոփոխությունը միանգամից, ուրեմն պետք է դեմ արտահայտվեն»:

Ավետիսյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում ընտրելու են աշխատանքի տարբեր ոճեր, որպեսզի իրենց նպատակը ընկալելի դառնա բոլորի համար: «Օրվա  մեջ տարբեր խմբերի հետ տարբեր ձևերով հանդիպումներ են լինում:  Հիմա արդեն ավելի ինտենսիվ ու պաշտոնական ձևով ենք աշխատելու: Առաջ, եթե հիմնականում կուսակցական կորիզի հետ էինք աշխատում, հիմա արդեն քարոզարշավի սկիզբը պաշտոնապես հայտարարված է, փորձելու ենք ավելի ինտենսիվ ու բազմակողմանի ձևով աշխատել»,- եզրափակեց պատգամավորը: