Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միշտ ասել ենք, որ ունենք խնդիրներ, շատ քիչ տնտեսական աճ, և փաստը այն է, որ այդ քիչ տնտեսական աճը իշխանությանը և ժողովրդին չի գոհացնում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, նա ասաց. «Հիմա վարչապետ է եկել, ուսումնասիրել է, ասում է` ծանր է տնտեսության վիճակը: Մենք այդ բառերն ինչո՞ւ ենք փորձում անընդհատ վերծանել: Այսօր իշխանությունը, հատկապես` վարչապետը, նոր կառավարությունը կբերի իր ծրագիրը Ազգային Ժողով և կտեսնենք` ինչ միջոցառումներ են նախատեսում, որպեսզի այդ վիճակից տնտեսությունը ավելի արագ փորձենք հանել»:
Ըստ Ավետիսյանի` իրենք նշել են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր էական ազդեցությունն ունեցել է նաև մեր տնտեսության վրա: «Հիմա այդ ազդեցության արդյունքում տնտեսության վիճակը մեր երկրում ծա՞նր է դարձել, խիստ ծա՞նր է: Փաստն այն է, որ մենք այսօր տնտեսությունում ունենք խնդիր և ուզում ենք այդ խնդիրը օր առաջ լուծել: Իհարկե, դա ժամանակի խնդիր է, այլ ոչ թե` մեկ օրվա»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով` թեև անձերը միշտ էլ իրենց դերակատարումն ունենում են այս կամ այն խնդրի լուծման մեջ, սակայն Կարապետյանը միայնակ չէ, նա այսօր վրաչապետն է և ունի իր կառավարության թիմը: «Պարոն Կարապետյանը միայնակ չէ, նա այսօր վարչապետն է, ունի իր կառավարության թիմը, որը հավաքագրվել է: Բացի այդ` կա Հանրապետական կուսակցություն` որպես իշխող ուժ, և Ազգային ժողովում բոլորս սատար ենք կանգնելու, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` չկա այնպիսի խնդիր, թե, Կարեն Կարապետյանի գալով, ՀՀԿ-ն ստվերում է մնում, կամ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից անջատված է: «Կարևոր չէ` 18 նախարարներից տա՞սն են հանրապետական, թե՞ հինգը: Կարևորն այն է, որ մենք այսօր ունենք կոալիցիոն գործընկերներ և նրանց հետ ձևավորել ենք կառավարություն: Կարեն Կարապետյանին առաջադրել է հանրապետության նախագահը, որը Հանրապետական կուսակցության նախագահն է: Չեմ ուզում, որ փորձեն անընդհատ այդ խնդիրն առաջ տանել, թե Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից անջատված է, Կարեն Կարապետյանի գալով` ՀՀԿ-ն ստվերվում է»,- ասաց Ավետիսյանը` հավելելով` նման խնդիր չկա և չի լինելու , համատեղ, համախմբված աշխատելու են, որպեսզի օր առաջ լուծվեն այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի, մեր տնտեսության, մեր ժողովրդի առջև:
Մեր դիտարկմանը` փաստորեն, Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը չգոհացրեց նախագահին ու ժողովրդին, դրա համար նախագահը գնաց այս փոփոխությանը, Ավետիսյանը պատասխանեց. «Աբրահամյանն աշխատեց ինչքան հնարավոր էր, և Հովիկ Աբրահամյանը ինքը նաև շեշտեց` այն, ինչ արվել էր, նաև իրեն չէր գոհացնում, դրա համար նա որոշեց դիմում գրել և դուրս գալ, որ գա նոր կառավարություն և փորձի էլ ավելի արագ տեմպերով տնտեսության զարգացման ծրագրերն իրականացնել»:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պետական համակարգում առկա է «պրիմիտիվ գողություն», պատգամավորը նշեց` այդ մեղադրանքն ուղղված չէր կոնկրետ անձի, այդ մեղադրանքը հնչեցվեց, որովհետև համակարգում կան խնդիրներ: «Այդ «պրիմիտիվ գողություն» հասկացությունը ես չեմ ուզում, որ փորձենք հիմա ինչ-որ անձի վերագրել, դա ընդհանուր համակարգին վերաբերող խնդիր էր, իսկ համակարգի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն համակարգային ձևով, ոչ թե` ինչ-ր կոնկրետ անձերի մեղադրելով: Սա հանցագործության մասին հաղորդում չէ, սա ընդամենը կարծիք է: Ըստ իս` դա ընդամենը ղեկավարի կարծիք է, որը հնչեցվել է»,- ասաց Ավետիսյանը: