Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ որևէ ընդհանուր հայտարարի, որևէ նոր պայմանավորվածության չեն եկել ՀՅԴ-ի հետ` կոալիցիա ստեղծելու համար:
«ՀՅԴ-ի հետ համագործակցության առումով` չկան փակագծեր, որոնք բացման ենթակա չեն: Ընդամենը բանակցում են, խորհրդակցում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները, սակայն որևէ պայմանավորվածության չեն եկել: Լրացուցիչ բան կոնկրետ տեղերի, պաշտոնների համար ես չգիտեմ: Եթե նման պայմանավորվածություն լինի, որևէ մեկը խնդիր չի դնում, որ ինչ-որ ժամանակ հանրությունից թաքուն պահենք, հետո նոր հրապարակենք: Մեր իրականության մեջ նման բան չի եղել: Հենց մի բան լինում է, մի քանի րոպե հետո հանրությունը տարբեր աղբյուրներից իմանում է»,- ասաց նա:
Հարցին, թե համագործակցությունը կոնկրետ ե՞րբ է սպասվում, Ավետիսյանը պատասխանեց. «Մենք չմոռանանք, որ Սահմանադրության մեջ հստակ ասել ենք, որ եթե հանրաքվեի, ընտրությունների արդյունքում առաջին փուլում կոալիցիոն քաղաքական ուժը հավաքում է հիսուն պլյուս մեկ ձայներ, ապա երկրորդ փուլի խնդիր չի առաջանում: Դա նշանակում է, որ մինչև ընտրություններն է հնարավոր ձևավորել կոալիցիա, և դա բնական երևույթ է: Բանակցությունները գնում են: 2017 թվականի ընտրություններից հետո կձևավորվի՞ կոալիցիա, թե՞ չի ձևավորվի, պարզ կլինի ինտենսիվ բանակցությունների արդյունքում»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տալու կոալիցիայի ձևավորումը մեր երկրին, ՀՀԿ-ականն ասաց. «Մենք կոալիցիոն կառավարման երկու փորձ ունենք: Կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա, որ ձևավորվող կոալիցիան երկար տևի: Ճիշտ է այն քաղաքական ուժը, որն իր վրա է վերցնում պատասխանատվություն, նա պատասխան է տալիս դրականի և բացասականի համար: Երկրի կառավարմանն ինչքան շատ քաղաքական ուժ մասնակցի, երկրի կառավարումն ավելի արդյունավետ կլինի, զսպումների մեխանիզմն ավելի արդյունավետ կլինի»:
Ավետիսյանը, խոսելով ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Քննարկումներ բոլոր քաղաքական ուժերի հետ նախատեսում ենք: Ուրիշ բան է, թե ո՞ր քաղաքական ուժն է ավելի լուրջ ընդունում մեր առաջարկները»,- ասաց նա: