Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՏԻՄ ընտրությունները հնարավորություն կտան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նորաստեղծ կուսակցություններին քիչ թե շատ հայտնի դառնալ հասարակությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Խոսելով Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններից`Ավետիսյանը նշեց, որ վերջին քննարկումների արդյունքում Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Շիրակի մարզային կառույցը դիմել է ՀՀԿ-ի մարզային կառույցին, որպեսզի ընտրություններին միասնական հանդես գան: «Մենք քննարկումներ իրականացրել ենք, տարածքային կառույցը տվել է իր դրական պատասխանը , տարածքային կառույցում որոշում են կայացրել, որ այդ դաշինքի առաջին համարը լինի Սամվել Բալասանյանը` հիմնավորելով, որ Գյումրիում կան կատարված և կատարվելիք աշխատանքներ ու որպեսզի այդ աշխատանքները հնարավոր լինի տրամաբանական ավարտին հասցնել, ճիշտ է` Սամվել Բալասանյանը շարունակի աշխատանքները` որպես քաղաքապետ»,- ասաց Ավետիսյանը:
Yerkir.am-ի հարցին` կա՞ պաշտոնական որոշում, որ ՀՀԿ-ն սատարելու է Սամվել Բալասանյանին, Ավետիսյանը պատասխանեց. «Պաշտոնական որոշում չկա, եղել է Շիրակի մարզային կառույցի առաջարկությունը, իսկ երբ գործադիր մարմինը կքննարկի և որոշում կկայացնի, դա արդեն կլինի պաշտոնական»: Ավետիսյանը նաև նշեց, որ հայտնի չէ` երբ կկայացվի պաշտոնական որոշում:
Պատասխանելով հարցին` չի՞ կաշկանդում կամ մտածելու տեղիք չի՞ տալիս այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը բազմաթիվ կուսակցություններ է փոխել, Ավետիսյանն արձագանքեց. «Իմ սատարելը որևէ բանի հետ կապ չունի: Կոնկրետ ինձ համար կապ չունի` ով որ կուսակցությունից է և ինչ է արել: Սամվել Բալասանյանին ես ճանաչում եմ որպես Սամվել Բալասանյան, այլ ոչ թե այս կամ այն կուսակցության անդամ: Սամվել Բալասանյանին ճանաչում եմ առնվազն 40 տարի, այնպես որ դա որևիցե բան չի փոխում: Նա պարտավոր է իր գործը մինչև վերջ պատասխանատվությամբ կատարել` ի շահ գյումրեցիների»: