Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
ՀՀԿ համագումարը լուրջ անակնկալներով չուղեկցվեց՝ չնայած հենց իշխող կուսակցության կողմից ձևավորված սպասումներին: Այնուամենայնիվ, համագումարը իշխող կուսակցության առաջիկա մարտավարության առումով որոշ շտկումներ կատարեց, ինչը կարևոր էր քաղաքական դաշտի մնացած խաղացողների համար: Խնդիրն այն է, որ բոլորն այս համագումարի արդյունքներին էին սպասում՝ դրանով պայմանավորելու իրենց նախընտրական մարտավարությունները: Այս իմաստով ինչպես համագումարը, այնպես էլ դրա ընթացքում կայացված ներկուսակցական ու քաղաքական որոշումները, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա հիմնական շեշտադրումներն առաջիկայում դեռ երկար կվերլուծվեն: Այս պահին կարելի է առանձնացնել ներքին տրամաբանական կապի մեջ գտնվող երեք կարևոր դրվագ-ուղերձ:
Առաջին՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ եթե գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն վստահության քվե ստանա, Կարեն Կարապետյանը շարունակելու է գլխավորել Կառավարությունը: Այլ կերպ ասած՝ հենց համագումարի միոջոցով, ընտրություններից 4 ամիս առաջ, չսպասելով, փաստորեն, կուսակցության համամասնական ցուցակի ձևավորմանը, Սերժ Սարգսյանն առաջադրեց «ապագա» վարչապետի թեկնածությունը՝ վերջնականապես հանելով կասկածները, թե Կարապետյանն անցողիկ, ընդամենը վեցամսյա ժամկետով նշանակված վարչապետ է: Դրանով նախագահը փորձում է լուծել երկու խնդիր: Նախ վերջակետ դնել վարչապետացուի հետ կապված ներկուսակցական ինտրիգներին և ՀՀԿ-ի բոլոր շրջանակներին ուղղորդել, մոբիլիզացնել առաջիկա ընտրություններին: Երկրորդ՝ հասկանալի դարձնել, որ ամբողջությամբ կառավարում է իրավիճակը, ինքն է հիմնական կամ գործականում միակ որոշում կայացնողը և առնվազն տպավորություն ստեղծել, որ լուծում է ոչ թե զուտ ապագա իշխանության ձևավորման, այլ նաև իր իշխանության սահուն փոխանցման խնդիրը:
Դրան էր միտված հատկապես համագումարի ամենակարևոր երկրորդ դրվագը, որն էր կանոնադրության մեջ փոփոխություն կատարելով կուսակցության նախագահի առաջին տեղակալի նոր կարգավիճակ կամ պաշտոն սահմանելը և այն միաձայն վարչապետ Կարեն Կարապետյանին վերապահելը: Դրանով կուսակցությունում Կարապետյանն առանձնահատուկ կարգավիճակ ստացավ, ընդգծվեց նրան Սերժ Սարգսյանի կողմից անվերապահ աջակցությունը, ինչի մասին, ի դեպ, բաց տեքստով իր ելույթում հայտարարեց նախագահն ինքը և վարչապետին քաղաքական որոշումների կայացման որոշիչ մանդատ տրամադրվեց: Հենց սրանով է գործող վարչապետի հանրապետականացումը տարբերվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետականացումից: Կարապետյանին, ինչպես Տիգրան Սարգսյանին, ՀՀԿ-ում բլոկադայի ենթարկել, անտեսել, օտարել չի հաջողվելու:
Եվ երրորդ կարևոր դրվագը ՀՀԿ խորհրդի կազմը փաստացի լուրջ փոփոխությունների չենթարկելն էր: Խորհրդից հեռացան նախկին անդամներից ընդամենը երկու ոչ առանցքային դեմքեր՝ հնարբնակներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Դերենիկ Դումանյանը, որոնց փոխարինեցին վարչապետ Կարեն Կարապետյանը, Պնախարար Վիգեն Սարգսյանը և երկու երիտասարդ ու բավականին ակտիվ գործիչներ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ այսպիսով արձանագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած՝ ՀՀԿ-ի առաջիկա վերափոխման գործընթացի մակերեսային, կոսմետիկ բնույթ կրելու հանգամանքը:
Սա հետաքրքիր որոշում էր, առաջին հերթին այն պատճառով, որ ոչ միայն ընդգծում է առնվազն կուսակցության ղեկավար կազմում էական «մաքրման» գործընթացներից խուսափելու, այլև նախորդ երկու ամիսներին «խաղից դուրս» վիճակում հայտնված և մեկուսացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը որոշակիորեն ամրապնդելու մասին: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խուսափում է կուսակցության ներսում լուրջ դիրքային տեղաշարժերից՝ թերևս հաշվի առնելով ՀՀԿ-ում նախկին վարչապետի և գործարար-օլիգարխիկ շրջանակների ունեցած հեղինակությունը, որոշիչ ազդեցությունը: Եվ այս առումով նաև հասկանալի է դառնում տնտեսության ընդհանուր վիճակի նկարագրության առումով Կարեն Կարապետյանին հակադրվելու Սերժ Սարգսյանի մոտեցումը: Նա իր ելությում երկար նկարագրում էր նախորդ տարիներին արձանագրված տնտեսության կայուն աճը՝ չնայած վարչապետի հայտնի հոռետեսական գնահատականներին, ինչը յուրօրինակ ժեստ կարելի է համարել Հովիկ Աբրահամյանին:
Պետք է ենթադրել, որ սա արվում է ներկուսակցական ցնցումներից խուսափելու համար, որպեսզի Կարեն Կարապետյանի ներկուսակցական ինտեգրումը և իսթեբլիշմենթում հաստատումը հնարավորինս սահուն և առանց լուրջ ներքին դիմադրության տեղի ունենա: Եվ որպեսզի դա ավելի երաշխավորված լինի, Սերժ Սարգսյանն հատուկ ընդգծեց, որ նախընտրական ցուցակի ձևավորման ժամանակ փաստացի հաշվի են առնվելու ՀՀԿ-ի բոլոր, այդ թվում նաև իր և Կարեն Կարապետյանի վերջին կադրային որոշումներից «չբավարարված», տուժած շրջանակների շահերը. «Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը։ «Հեղինակություն վայելող» և «գաղափարներով հաղթել կարողացող» շրջանակների համադրում կատարելու մասին նրա ակնարկն ուղերձ էր առաջին հերթին այդ «նեղացած» և քաղաքական իշխանությունից օտարված հեղինակություններին, որոնց ռեսուրսներն ընտրություններում օգտագործելու խնդիր ՀՀԿ-ն միանշանակ ունենալու է: Սա ինչ-որ իմաստով կարելի է փոխզիջման գնալու կամ քաղաքական «գործարք»-ի առաջարկ համարել, ըստ որի այդ շրջանակներն աջակցում են Կարեն Կարապետյանի կառավարությանը և իրենց ռեսուրսներով նպաստում ընտրություններում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնություն ձևավորելուն՝ որպես փոխհատուցում ստանալով խորհդրարանում այս կամ այն ձևով ներկայացված լինելու հնարավորություն: Որքանո՞վ կընդունվի այս առաջարկը,պարզ կդառնա առաջիկայում, երբ ՀՀԿ-ն կհրապարակի իր հիմնական և տարածքային համամասնական ցուցակները:
Գևորգ Դարբինյան