կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 14:00
Հասարակություն

Սերժ Սարգսյանի ուղերձը` Հայ բժիշկների համաշխարհային համագումարին

Սերժ Սարգսյանի ուղերձը` Հայ բժիշկների համաշխարհային համագումարին

 

Լոս Անջելեսում երեկ մեկնարկեց Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը և համագումարի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

 

«ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 11-րդ համագումարի մասնակիցներին։

 

1960-ական թվականներից ի վեր առողջապահության սփյուռքահայ մասնագետները փորձում էին համախմբել իրենց մասնագիտական ուժերը։ 34 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի` ԱՄԻԿ-ի նպատակն էր աջակցել մայր Հայաստանին և բարելավել բուժօգնության մակարդակը հայրենիքում։ Համահայկական այս նախաձեռնությունն աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը դարձավ։ Իր տարբեր կառույցների միջոցով այն նպաստում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը։ Ցուցաբերված աջակցությունն օգտակար է եղել և՛ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի, և՛ արցախյան ազատամարտի և՛ խաղաղ զարգացման արդի փուլի պայմաններում։

 

Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարները համագործակցության նորանոր հեռանկարներ են բացում։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում ընթացող այս հերթական հավաքը ևս արդյունավետ է լինելու հայ բժշկագիտության և բժշկական առանձին ծառայությունների զարգացման տեսանկյունից։ Վստաեհ եմ նաև, որ մայր Հայաստանի առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը նոր ուժ և հզորություն է հաղորդելու ձեզ, քանի որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և նրա հաջողություններն ու առաջընթացը բոլորինս են:

 

Մաղթում եմ Ձեզ ուժ ու եռանդ, որ նույն կորովով շարունակեք Ձեր նպաստը բերել մեր ազգային իղձերի իրականացմանը, իսկ համագումարին` բովանդակալից և արդյունավետ աշխատանք»:

 

Նախարար Դումանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը հանձնեց համագումարի կազմակերպիչներին։ Բացման խոսքով հանդես եկան նաև ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։

 

Տեղեկացնենք, որ Հայ բժիշկների միջազգային 11-րդ համագումարին մասնակցում են մոտ 400 բժիշկներ և բուժքույրեր Կանադայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և այլ երկրներից։ Առաջին օրվա պլենար նիստում ներկայացվեցին բուժման նորագույն մեթոդները, սրտամկանի ինֆարկտի բուժումը` ցողունային բջիջների օգնությամբ։