Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են և միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, և յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետևանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:
Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ: Իսկ արտաքին միջամտությունները ո՛չ միայն չեն կանգնեցրել հանցագործներին, այլև առանձին դեպքերում վերջիններիս մղել են ավելի կտրուկ գործողությունների:
Բայց հակառակ բոլոր հրեշավոր ծրագրերի ու հաշվարկների` հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Վերապրեց անդառնալի կորուստներով, մաքառեց 20-րդ դարում իրեն բաժին ընկած այլ արհավիրքների դեմ, որպեսզի իր հաղթանակած անկախ պետականությամբ մուտք գործի նոր հազարամյակ: Պետականություն, որ այլևս թույլ չի տալու նման հանցագործության կրկնություն: Պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար:
Եթե նախորդ դարի 20-ական թվականներին մեր ազգի և երկրի առջև ծառացած էր չմեռնելու, աշխարհի երեսից չվերանալու, վերապրելու խնդիր, ապա մերօրյա Հայաստանի խնդիրներն այլ են: Մեր առջև բացված են պատմական ճշմարտության վերականգնման, զարգացման, առաջընթացի և արարելու լայն հորիզոններ:
Հայաստանի Հանրապետությունն իր գործնական քայլերով հստակորեն ցույց է տվել, որ ինքը, չնայած պատմության սև էջերին, ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, նույն Թուրքիայի հետ: Այնտեղ այսօր, առավել քան երբևէ, հնչում են ողջախոհության ձայներ: Մենք բարձր ենք գնահատում ինչպես անհատ թուրք մտավորականներին, այնպես էլ հանուն արդարության իրենց ձայնը բարձրացնող ազնիվ մարդկանց, որոնք քիչ չեն աշխարհում:
Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը շարունակում է մերժման ուղեգիծը: Ավելին` այն «կատարելագործվում է», և դառնում է իբր «ավելի ճկուն», նախաձեռնվում են եզակի ձևական-քարոզչական քայլեր: Մեզ համար միարժեք է հետևյալը. ուրացման քաղաքականությունը եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է: Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ոճրագործ ծրագրի իրականացման ողջ ընթացքում և տարածքում հայերը պաշտպանվեցին ինչպես կարող էին և ինչով կարող էին` քարով, ատամներով, հրացանով: Բայց մեծ մասը մնաց անպաշտպան: Սա դաս է: Դառը դաս:
Ես վստահ եմ, որ այսօր, ինչպես ամեն տարի, չի դադարի մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` գլուխ խոնարհելու մեր անմեղ զոհերի հիշատակի առջև: Բայց նաև գիտեմ ու վստահ եմ, որ այդ հոսքն արդեն ներառում է ուրի՛շ հայերի` դասեր քաղած հայերի»: