Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրենց առերևույթ խուլիգանական պահվածքով աչքի ընկան ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլև վերջիններիս օգնականները: Լրատվամիջոցներից մեկը, օրինակ, պարզել էր, որ դահլիճ մտնելու փորձ անող տղամարդը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, այժմ՝ Երևանի ավագանու անդամ, միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է՝ ուղնուծուծով ՔՊ-ական, որը բավականին սկանդալային կերպար է, այս ընթացքում բազմիցս աչքի է ընկել փողոցային վարքուբարքով, այդ թվում՝ Երևանի ավագանու նիստերի ժամանակ է կռիվներ սադրել, վեճ հրահրել, իսկ թաղապետի պաշտոնից էլ 2023 թվականին ազատվել է այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել խոշոր չափերի յուրացման հոդվածով։ Դրանից հետո ԱԱԾ-ն մտել էր թաղապետարան և բերման ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների:
Սակայն, տարածված հայտնի խոսքով ասված, Ռուբեն Ռուբինյանն ու յուր առերևույթ խուլիգանի պահվածքով խորհրդականը մենակ չէին, մենակ չէին: Առանձնապես աչքի ընկավ նաև ԱԺ մյուս փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով տեսախցիկների առաջ հրմշտելով ընդդիմադիր պատգամավորի՝ 7 ամսական հղի օգնականին, «հերոսաբար» առաջացավ դեպի պատգամավոր Գառնիկ Դաինելյանը։ Վերջինս իր անհավասարակշիռ շեֆի՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին գոռում-գոչյունների օրինակով նաև հրահանգներ էր տալիս՝ «Թևերը ծալած, գետնին շաղ տալով եք հեռացնում»:
Այդ ընթացքում Ռուբինյանի խորհրդականի հետ իրեն առանձնապես ագրեսիվ էր պահում նաև մեկ այլ տղամարդ, ով գոռգոռում էր, փորձում կրկին խուլիգանավարի հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա: Վերջինիս ով լինելը, սակայն, հայտնի չդարձավ: Yerkir.am-ը պարզել է, որ փողոցայինի պահվածքով այդ անձնավորությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի օգնական Արսեն Մելքոնյանն է, ով նախկինում հանդիսացել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
ԱԺ երկու փոխնախագահն էլ, փաստորեն, իրենց խորհրդական-օգնականներին ընտրել են Երևանի քաղաքային իշխանությունից, որը, ինչպես գիտենք նախկին որոշ թաղապետերի ու պաշտոնյաների վարքագծից, հանդիսանում է փողոցայինների ու խուլիգանների «բուծման» ու «բազմացման» պարարտ միջավայր: Իսկ թե օրենսդիր մարմնում ինչպիսի ծառայություններ են մատուցում կամ ինչպիսի օգուտներ ու խորհուրդներ են տալիս հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստացող այս «հերոսները»՝ արդեն բոլորը տեսան:
Վահե Սարգսյան