Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված Աղվան Վարդանյանի խոսքը ներկայացնում ենք ստորև․
«Երեսունհինգ տարի առաջ «Գրական թերթի» լուսահոգի խմբագիր Ֆելիքս Մելոյանը առաջարկեց Ռազմիկ Դավոյանի 50-ամյակին խոսք գրել։ Թերթի հատուկ համար էր տպագրվում։
Օրեր առաջ Գրողների միությունից առաջարկեցին այսօր՝ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին խոսք ասել։ Արխիվ չեմ պահում։ Արմինե Թամրազյան-Դավոյանին խնդրեցի գտնել հեռավոր այս խոսքը։ Բան չի փոխվել։ Ժամանակն ու բանաստեղծությունը համարժեք են։
Աստծով դարձյալ լինելու են ժամանակներ, երբ մեզ համար բանաստեղծությունը մխիթարությունից զատ գայթակղություն է դառնալու՝ պայմանավորելով մեր գոյության ձեւը եւ մեր հարաբերակցության կերպն աշխարհի հետ։
Հիմա դժվար է այդ մասին խոսել, բայց որ մշակութային հիմքերից շատ էլ չհեռանանք, եւ վերադառնալը տանջալիորեն ծանր չլինի, պետք է բանաստեղծությամբ պայծառանալու ուժ ու ժամանակ էլ գտնել։ Եւ ինձ համար Ռազմիկ Դավոյանի պոեզիան վերապրելն այս իմաստով սքանչելի առիթ է։
Երեսուն տարվա գրական իր ընթացքը վարպետ արվեստագետի ճանապարհ է, որի տարբեր հանգրվան-հատվածներում խումբ-խումբ, առանձին-առանձին ճշմարիտ բանաստեղծություններ են շողշողում։ Անձնական զգացումների, տառապանքների, նրբին ու խառը «տեսիլիների», տիեզերական վախերի ու տագնապների արծարծումներով՝ Դավոյանի պոեզիան էլ եկավ ու շրջապտույտ տարածվեց Հայատան-Հայրենիք միածին սրբության շուրջ՝ բնականորեն առնելով իր խաչը եւ փարվելով հայ բանաստեղծի եզակի «դառն ու անուշ» ճակատագրին։ Եւ հիմա այստեղից է մեկնում աշխարհ, այդ ճակատագրական նյութի ածանցումներն են դառնում մնացյալը։
Արտաքին շերտին նայելիս կթվա, թե շատ-շատերն են այս նույն ճանապարհն անցնում, բայց իրար կողքի դրված բառերը «Զվարթ գիտություն» դարձնում է միայն անհատականության շնչառությունն ու անկրկնելի լեզվազգացողությունը, ինչը քչերին է տրվել երկնքում եւ տրված է Ռազմիկ Դավոյանին։
Ոչ մի դիպուկ բառ, ոչ մի տեսական վերլուծություն համարժեք չի կարող լինել ինքնին՝ բանաստեղծությանը եւ չի կարող տալ այն զարմանալի ուրախությունը, ինչը ճշմարիտ, թեկուզ եւ ամենամռայլ բանաստեղծության ընթերցումն է պարգեւում։
Պիտի այսպես նստեմ տխուր
իմ չգրված երգերի դեմ,
պիտի այսպես նստեմ տխուր
իմ չբռնած ձեռքերի դեմ։
Պիտի նրանց հոգու համար
վառեմ մոմեր ոսկեդեղին,
պիտի թափեմ ծաղկաթերթեր
նրանց անուշ ու տաք հողին։
Նրանց համար պիտի անծայր
մաքուր, մաքուր երկինք բանամ,
այնքան պիտի հիշեմ նրանց,
որ Հուշն ապրի, ես՝ մահանամ։
Հետո անցնեն անթիվ օրեր,
Հիշեն այս Հուշն արարողիս,
Հետո թավիշ ծաղկաթերթեր
Թափեն անուշ ու տաք հողիս։
Ես ոգու ամրություն ու հայոց լեզվի նոր պանծացումներ եմ մաղթում սեւը ներս արած՝ աշխարհի դեմքին քահ-քահ ծիծաղող իմ ավագ եղբորը»։