Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Անցած տարվա օգոստոսից սկսած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է, որը, համաձայն ՔԿ-օ կամ գլխավոր դատախազի հայտարարությունների՝ 2024թ․ նոյեմբերից վերածել է իբրև ապօրինի գործընթացի։ Այսինքն՝ մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,- նշեց Խուդոյանը, ապա ավելացրեց, որ ԱԱԾ-ն մարտին հաղորդում է ներկայացրել, որ նախապատրաստվում է հանցագործություն, սակայն բուն գործողությունները տեղի են ունեցել հունիսին, ինչը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ այս գործընթացները ոչ թե քրեադատավարական նպատակներով են պայմանավորված, այլ՝ քաղաքական գործընթացներով։
Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ փաստաբանը նկատեց, որ հրապարակված ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են։ Փաստաբանը հիշեցրեց ՔԿ նախագահի հայտարարությունը, որ այո, դրանք առանձնացված են, բայց այն հատվածներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում գործի համար, մնացածը կենցաղային խոսակցություններ են, մինչդեռ, եթե կենցաղային խոսակցություն է, ապա որևէ անհրաժեշտություն չկա՝ դրանք թաքուն պահելու, թող հրապարակեն, հասկանանք՝ ինչ կոնտեքստից են վերցված, ամբողջական միտք են պարունակում, թե ոչ, նույն ժամանակահատվածի խոսակցություններից են առանձնացվել, թե՝ տարբեր օրերի․ ինչ ինտոնացիայով են ասել՝ հումոր է, թե ոչ։ Փաստաբանը նկատեց, որ տրամադրված նյութերի և հրապարակված ձայնագրությունների պարզ համադրությունից պարզ է դարձել, որ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլև՝ տարբեր հատվածներից ձևակերպված, հավաքված նախադասություններ են։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 15 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։