կարևոր
901 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-09 10:15
Հասարակություն

«Արվեստի ձայնը» համաժողովի ամփոփում. գաղափարներ, նախաձեռնություններ, ուղղություններ

«Արվեստի ձայնը» համաժողովի ամփոփում. գաղափարներ, նախաձեռնություններ, ուղղություններ

Հուլիսի 4-5-ին կայացած «Արվեստի ձայնը» համաժողովը համախմբեց արցախցի և Հայաստանի արվեստագետների, արվեստաբանների, մշակույթի գործիչների, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների և իրավաբանների ու իրավապաշտպանների՝ քննարկելու այսօրվա մարտահրավերներին դիմակայելու և հայկական մշակույթի ապագայի ռազմավարական ուղղությունները ձևավորելու անհրաժեշտությունը։

Համաժողովում վերհանվեցին ինչպես Արցախի մշակութային դիմադրության ու վերականգնման խնդիրները, այնպես էլ Հայաստանի ու սփյուռքի արդի արվեստի ու մշակութային քաղաքականության հիմնարար հարցերը։

Հիմնական գաղափարներ

Վերադարձը պետք է սկսվի մշակույթից

Համաժողովը միաձայն ընդգծեց՝ Արցախի վերադարձի գործընթացը պետք է սկսվի մշակութային վերակազմավորմամբ։ Առաջարկվեց ձևակերպել «վերադարձի մշակույթ» կամ «մշակութային վերադարձ» հայեցակարգը՝ որպես առանցքային հիմք ապագա նախաձեռնությունների համար։

Ստեղծագործությունը՝ որպես դիմադրության և վերականգնման եղանակ

Արցախցի արվեստագետների գործունեությունը վկայում է, որ նույնիսկ ծանր պայմաններում ստեղծագործությունը դառնում է հոգեբանական դիմադրության, ինքնության պահպանման և վերակազմավորման միջոց։ Այս փորձը պետք է ճանաչվի և հանրայնացվի՝ ոգեշնչելու համար մյուսներին։

Գործողությունների համակարգման անհրաժեշտություն

Մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները տարաբնույթ են, սակայն հաճախ մնում են պատահական կամ մեկուսացած։ Քննարկվեց անհատական, հասարակական և մասնավոր նախաձեռնությունների համադրման և կոորդինացման անհրաժեշտությունը։

Նոր լեզվի որոնում՝ ներկա իրողությունների պայմաններում

Մասնակիցներն արձանագրեցին, որ Հայաստանի քաղաքական ու հասարակական ներկայիս իրավիճակը պահանջում է արվեստի ու գրականության նոր լեզու, նոր կառուցվածքներ ու իմաստային շեշտադրումներ։ Քննարկվեց՝ ինչպե՞ս խոսել արդի Հայաստանի մասին արվեստում, երբ հին խոսույթներն արդեն բավարար չեն, իսկ նորերը դեռ չեն ձևավորվել։

Մշակույթը պետք է պահպանել՝ ստեղծելով

Համաժողովում կարևորվեց այն մոտեցումը, ըստ որի մշակույթի պահպանումը չի կարող սահմանափակվել միայն արխիվացմամբ կամ ֆիզիկական պաշտպանությամբ։ Այն ինչ պետք է պահպանվի՝ պետք է նաև ստեղծագործվի, նորից իմաստավորվի ժամանակակից միջոցներով ու լեզվով։ Սրա օրինակներից մեկն է Արցախի ժառանգության շուրջ նոր ստեղծագործական արտադրանքի խրախուսումը։

Արվեստագետի ազատություն և պետության դերակատարում

Քննարկվեց արվեստագետի ազատության և պետության օրինական շահերի միջև հավասարակշռություն գտնելու կարևորությունը։ Շեշտվեց, որ ազատ արվեստը չի կարող լինել ուղղորդված, սակայն պետությունն ունի պարտավորություն՝ երաշխավորելու այդ ազատությունը՝ չվնասելով հանրային շահին և օրենքի գերակայությանը։

Քննարկված ուղղություններ

Մշակութային քարտեզագրում

 Ներկայացվեց մշակութային քարտեզի գաղափարը, որը կամփոփի՝ ովքեր են ստեղծագործողները, որտեղ են, ինչով են զբաղվում, և ինչպես են կապված հարթակների, մենեջերների ու հրատարակիչների հետ։ Այն կարող է ծառայել նաև սփյուռքի մշակութային կապերի աշխուժացմանը։

«Արվեստի ձայնը» ֆորում

Մտադրություններից է տարեկան կամ յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպել «Արվեստի ձայնը» ֆորում, որը կդառնա արվեստի ոլորտի հիմնական մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման հարթակ։ Ֆորումը կունենա նպատակ՝ համախմբելու մասնագետներին, ստեղծագործողներին ու հասարակական գործիչներին՝ ոլորտի խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու համար։

«Արցախյան շաբաթներ»

Առաջարկվեց անցկացնել «Արցախյան շաբաթներ», որն ընդգրկի՝ ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, գիտաժողովներ, ստեղծագործական վարժանքներ և մշակութային միջմշակութային համագործակցություններ։

Ոլորտային մասնագիտական խմբեր

Նախատեսվում է ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր՝ կինո, կերպարվեստ, գրականություն, երաժշտություն, մշակութային ժառանգություն և այլն։ Յուրաքանչյուր խումբ կձևավորի իր գործողությունների օրակարգը՝ ոլորտային խնդիրներին արձագանքելու համար։

Իրավական աջակցություն

Մշակույթի և ստեղծագործական ոլորտի բազմաթիվ խնդիրներ ունեն իրավական ասպեկտ։ Համաժողովը արձանագրեց իրավաբանական աջակցության անհրաժեշտությունը՝ ուղղված՝

  • արվեստագետների իրավունքների պաշտպանությանը,

  • մշակութային վանդալիզմի արձանագրմանը,

  • միջազգային իրավական գործընթացներին մասնակցելուն։

Միջազգային համագործակցության ուղղություններ

Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները ինչպես մշակութային փոխանակման, այնպես էլ ֆինանսավորման տեսանկյունից՝

  • Արցախի արվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու շարունակական ջանքեր

  • Մերձավոր մշակույթներ ունեցող երկրների հետ համատեղ նախաձեռնություններ

  • Միջազգային կրթական, կրթաթոշակային և փոխանակման ծրագրեր

  • Մշակութային արտադրանքի միջազգային տարածում և շուկայի մուտք

Օրենսդրական բարեփոխումներ

Քննարկվեց այն համոզմունքը, որ մշակութային քաղաքականության զարգացումն անհնար է առանց համարժեք իրավական հենքի։ Առանձնացվեցին մի քանի առաջնահերթություններ՝

  • Հեղինակային իրավունքի պաշտպանության ուժեղացում

  • Ինքնազբաղ ստեղծագործողների սոցիալական երաշխիքներ

  • Իրավական կարգավորումների ճկունություն՝ ստեղծագործական գործընթացը չսահմանափակելու համար

  • Կինոյի ոլորտին վերաբերող օրենսդրական վիճահարույց հարցերի կարգավորում` սահմանադրական իրավաչափության համատեքստում, ոլորտի շահառուների ընդգծած առաջնահերթ խնդիրների քննարկում, լուծման առաջարկներ

  • Մշակութային ՊՈԱԿ-ների ինքնավարության, պետություն-պոակներ հարաբերությունների գնահատում` ստեղծագործական ազատությունների խրախուսման և արվեստային միջավայրի առողջացման համատեքստում։ Մշակութային պոակ-հոակների և անկախ ստեղծագործողների համագործակցության արդյունավետ և իրատեսական մեխանիզմների ստեղծում։

Հաջորդ հնարավոր քայլերը

«Արվեստի ձայնը» համաժողովը ձևավորեց հստակ ռազմավարական հիմք՝ ապագա համախմբված աշխատանքի համար։ Նախատեսվում է՝

  • Մշակութային քարտեզագրման գործնական մեկնարկ

  • Ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորում

  • Օրենսդրական նախաձեռնությունների մշակում

  • Երկրորդ համաժողովի կամ ֆորումի նախապատրաստում

  • Շարունակական ժողովարանների կազմակերպում՝ ըստ թեմատիկ ուղղությունների

  • Մշտական և պարբերական համագործակցային ֆորմատների ստեղծում և խրախուսում

Համաժողովի մասնակիցները հավաստեցին, որ հայկական արվեստը միայն անցյալի ժառանգության պահպանում չէ, այլ՝ ապրող, ստեղծագործող ու նոր ուղիներ որոնող համակարգ։ «Արվեստի ձայնը» կոչված է դառնալու այդ որոնման շարունակական հարթակը։

 

«Արվեստի Ձայնը» համաժողովի կազմակերպիչներ՝

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

«Մուզանավ» մշակութային հասրակական կազմակերպություն

«Օբերտոն» երաժշտական կազմակերպություն

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

Հյուրընկալեց՝

Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը