կարևոր
2902 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-09 12:51
Հասարակություն

Ո՞վ է դեմ քվեարկել Եպիսկոպոսաց ժողովի ավարտին ընդունված հայտարարությանը

Ո՞վ է դեմ քվեարկել Եպիսկոպոսաց ժողովի ավարտին ընդունված հայտարարությանը

168.am-ը գրում է․ «Հուլիսի 5-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների ժողովին նախորդած իրադարձություններին: Գրել էինք, որ Եպիսկոպոսաց ժողովի ավարտին տարածվել էր բավականին կոշտ հայտարարություն, իսկ ժողովին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու հարցերով կուրատոր Արայիկ Հարությունյանի չստացված հնարամտությունը:

Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ մինչ Եպիսկոպոսաց ժողովը Սփյուռքից եկած բոլոր եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները, ինչպես նաև հայաստանյան եպիսկոպոսներ ու թեմակալ առաջնորդներ անանուն SMS էին ստացել՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայ առաքելական եկեղեցու սիրելի սպասավորներ, խնդրում եմ ձեզ անցնել հետևյալ հղմամբ»:

Տեքստին կցված է լինում մի հղում, որի վրա սեղմելով՝ եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները բացում են… Ուշադրություն… Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 2-ին կատարած գրառումը, որում ասվում է՝ «Կտրիճ Ներսիսյանի հեռանալն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է:

Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունն իսկապես սուր է, կոնկրետ ու հասցեական շեշտադրումներով, և ինչպես տեղեկացանք, ընդունվել է միաձայն… Գրեթե… մեկ բացառությամբ. Հայտարարությանը, 168.am-ի տեղեկություններով, դեմ է քվեարկել միայն Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Եվս երեքը քվեարկել են ձեռնպահ:

Հիշեցնենք, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ կապված աղմուկ բարձրացավ այս տարվա ապրիլի վերջին, երբ վերջինս Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր.

«Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, Ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ: Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ՝ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի»:

Փաշինյանի ծրագրերի համար աղոթող հոգևորականն ուզում է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը քայլերը փոխի դեպի Եվրոպա:

«Որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից՝ Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, և համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում եմ այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է: Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես Մերձբալթյան երկրների պես, դիցուք՝ Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել: Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, Ձեզ»,- նաև սրա համար էր աղոթել Վազգեն սրբազանը:

Ի դեպ, այդ հանդիպմանը Տալինի հայկական եկեղեցում ներկա էր նաև աթեիստ, Աստվածաշունչն ու Եկեղեցին ծաղրող ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:

Մայր Աթոռն անարձագանք չթողեց Վազգեն սրբազանի վերոնշյալ քաղաքական ելույթը:

«Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։

Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։

Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,- ասված էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ»։