կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 13:30
Քաղաքական

Պարզվում է՝ ՀՀԿ-ում կանայք մեծամասնություն են

Պարզվում է՝ ՀՀԿ-ում կանայք մեծամասնություն են

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: Ներկայացնում ենք Սարգսյանի ելույթը՝ հատվածաբար:

«Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ուղղություններով ձեռնարկված քայլերին, վեր հանելու թերությունները և առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական մարմիններին ու տեղական կառույցներին։

Հանրապետականն իշխող կուսակցությունն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։ Ուստի այսօր մենք պետք է ամփոփենք նաև, թե երկրի Մայր օրենքը բարեփոխելուց հետո որքան ենք կարողացել հասարակական-քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կանոններով գործելուն, որքան է ինքը՝ իշխող կուսակցությունը պատրաստ հարմարվել նորացված Սահմանադրության պահանջներին։ Այժմ՝ ամեն ինչի մասին հերթով։ Նախ՝ մեր կուսակցական աշխատանքների կազմակերպման մասին:

Հանրապետականը շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության ավելացման արդյունավետությունը: Միայն այս տարվա ընթացքում կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով:

Եղել են նաև կուսակցական օղակներ, որոնք լուծարվել են: Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Ուշագրավ է, որ Հանրապետականի կազմում 18-40 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում մեր կուսակիցների 35 տոկոսից ավելին: Միևնույն ժամանակ, կանայք մեծամասնություն են կազմում և կուսակցականների շուրջ 54 տոկոսն են: Հանրապետականի մեխանիկական աճը, անշուշտ, մեր նպատակը չէ: Քիչ ջանքեր չենք ներդրել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար։ Ձեռքբերումներ այս մասով, անշուշտ, ունենք, բայց ինչպես բազմիցս քննարկել ենք, մեր պատկերացրած համակարգից դեռ էապես հեռու ենք։ Հասարակություն-կուսակցության առաջնային օղակներ՝ տեղական կառույցներ կապը թեև վերջին տարիներին ավելի է սերտանում, բայց դեռ էապես անբավարար է մնում խնդիրների և դրանց լուծումների՝ կուսակցության ուղղահայաց աստիճանականությամբ շրջապտույտի արագությունը։

Խնդիր-լուծման տարբերակներ-որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է դեռ մեր համակարգում։ Այս դեպքում, կարծում եմ, հարցն ամենևին էլ մեծ կառույցներին բնորոշ բյուրոկրատիան չէ, այլ ավելի շուտ հարցերն առաջ տանելուն կոչված օղակների անհետևողականությունը, եթե կուզեք՝ անգամ անհամարձակությունը։ Նման երևույթների առկայությունն իրոք տեսանելի է։ Գալիք տարիներին առաջին հերթին այս ուղղությամբ ենք առաջ տանելու մեր ներքին կազմակերպական աշխատանքը։

Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը։ Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։

Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա՝ առնվազն արդար չէ։ Սակայն չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա մանրամասն ջանք թափող գործիչներինն է։ Այս տեսանկյունից մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։

Մենք շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել խոստումնալից և բանիմաց երիտասարդների: Մենք նաև պետք է հետևողական ջանքեր կիրառենք, որպեսզի բարձրացնենք կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում: Այդ նպատակով դեռ նախորդ համագումարի ժամանակ ես և մեր մի շարք գործընկերներ կարևորեցինք կուսակցության քաղաքական դպրոցի հիմնումը: Այս դպրոցի միջոցով բարձրացնելու ենք քաղաքական և քաղաքացիական կրթության մակարդակը՝ ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ երկրի կտրվածքով: Այն պետք է դարձնենք մտավոր աշխատանքի և միջազգային համագործակցության մեր կարևոր հարթակներից մեկը:

Ուրախ եմ, որ Հանրապետականի Գործադիր մարմնի որոշմամբ այս նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է: Մեր լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցն արդեն բացել է իր դռները 100-ից ավելի երիտասարդների համար: Այս համագումարի օրակարգում նաև ընդգրկված է Հանրապետականի ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մենք միշտ կարևորել ենք գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները:

Առաջարկում ենք արդիականացնել կուսակցության ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական և գաղափարախոսական առանցքը: Ծրագրի նախագիծը և առաջարկվող մոտեցումներն արդեն շրջանառվել և քննարկվել են կուսակցության բոլոր մակարդակներում: Այդ գործընթացի ամփոփումը կկատարի այս համագումարը:

Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է: Այս առումով՝ պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության և ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում»։