կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 16:19
Քաղաքական

Ցանկացած իշխանություն, ինչպիսի մեծամասնություն էլ ունենա, պետք է հաշվի նստի Դաշնակցության հետ. Արմեն Ռուստամյան

Ցանկացած իշխանություն, ինչպիսի մեծամասնություն էլ ունենա, պետք է հաշվի նստի Դաշնակցության հետ. Արմեն Ռուստամյան

Մենք Փաշինյանի հետ որևէ խոչընդոտ, պրոբլեմ չենք տեսնում` մեր առջև դրված կարևորագույն ազգային, պետական խնդիրները լուծելու առումով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք հարաբերվելու ենք` լինի Փաշինյանը, թե` որևէ այլ մեկը, ըստ մեր ունեցած գաղափարա-քաղաքական սկզբունքների: Այդ դաշտն այսօր կա, դա մեր հանդիպումներն են  ցույց տալիս: Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները, ուստի ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցության հարցում: Ի վերջո, ինչ էլ լինի, այսօր Հայաստանի գլխավոր առաջին դեմքը, որ վարում է թե' արտաքին, թե' ներքին քաղաքականությունը, ՀՀ վարչապետն է: Սխալ կլինի, եթե չասեմ` ապազգային ու հակապետական է այն մոտեցումը, որ ուզենաս` օր առաջ ձախողվի այդ իշխանությունը, քանի որ դու իշխանության մեջ չես, որ քո տեսակետներն ավելի առաջ գնան: Մենք չենք ընթանում այն տրամաբանությամբ` ինչքան վատ եք, այնքան լավ: Մենք ուզում ենք, որ լինի լավ, և վստահ ենք, որ այդ ժամանակ բոլորի համար էլ լավ կլինի, Դաշնակցության համար էլ լավ կլինի»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ այս տրամադրվածությամբ են պատրաստ համագործակցել: «Նոր ձևավորված Բյուրոն էլ իր հանձնառությունն այդ առումով տեսնում է, իր պատրաստակամությունը հայտնել է այն ծրագրերի շուրջ համագործակցել, որոնք, մեր կարծիքով, այսօր ակտուալ են մեր երկրի և պետության համար, և առայժմ այդ փոխըմբռնումը պարոն Փաշինյանի հետ ունեցել ենք, և դա ավելի կխորանա»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` դուք ասում եք, որ ձեզ պաշտոններ, պորտֆելներ պետք չեն, միաժամանակ ասում եք` պատրաստ եք համագործակցել այս իշխանության հետ, ասում եք նաև, որ այս իշխանությունը հնարավոր է տարածքներ հանձնի, խաղերի մեջ է, դուք համագործակցությունն ի՞նչ ձևաչափի մեջ եք պատկերացնում: Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ կուրորեն: Դուք շատ լավ նկարագրեցիք: Պատրաստ ենք համագործակցել` աչքերներս բաց, ըստ մեր նախանշած ծրագրերի, նպատակների: Ինքնանպատակ որևէ համագործակցություն մեզ համար անընդունելի է, չի ընդունվում նաև այնպիսի համագործակցությունը, երբ մեր ձայնը կարող է անտեսվել»:

Ըստ նրա` իրենք շատ պարզ բաներ են ասում: «Դաշնակցությունն այն կուսակցությունը չէ, որ պորտֆելների համար, այժմեական ինչ-որ հարց լուծելու համար լծակ ստանա, այսպիսի ձևերով  Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել: Դաշնակցությունն առաջնորդվել է իր հստակ ծրագրով և գաղափարներով: Եթե այդպես վարվեր որևէ մարմին, մեկ օրվա կյանք չէր ունենա: Այս Ընդհանուր ժողովը, որը 10 օր է տևել, ի՞նչ է քննարկել: Ամենամանրամասնություններով է քննարկել մեր ցանկացած հայտարարությունը, իշխանության կողմից կատարված հայտարարությանը մեր արձագանքը, մեր պահվածքը և այս ամեն ինչի ամփոփումից եկել է այն եզրակացության, թե ինչպես մենք պետք է շարունակենք մեր ընթացքը»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը:

Հարցին էլ՝ Հրանտ Մարգարյանը շտապո՞ւմ էր՝ ասելով, որ  առաջիկա 5 տարիներին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին, եթե իշխանությունները համագործակցության եզրեր գտնեն ձեզ հետ, տուն չե՞ք ուղարկելու, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք գալիս ենք ամբողջական իշխանության: Սա նշանակում է՝ ունենք խնդիրներ, որ տեսնում ենք, որ այս իշխանություններն ամբողջությամբ չեն ընդունում այն ծրագիրը, որը մենք պաշտպանում ենք: Սա նշանակում է, որ մենք լինելու ենք ընդդիմություն: Երկրորդ՝ մենք չենք լինի որեւէ կոալիցիայի մեջ, որտեղ առանց մեզ որոշումներ կկայացնեն, սա նշանակում է ամբողջական իշխանության գալ: Որոշները հայտարարում են՝ թող իրենք մի հատ ներս գան, նոր հանեն: Պիտի հանենք, որ գանք»: 

Ռուստամյանը շեշտեց, որ բոլորը պետք է ընկալեն, որ  ՀՅԴ-ն այն բացառիկ ազգային կառույցներից մեկն է, որը միայն դաշնակցականների կառույցը չէ: «Մեր ժողովրդի ստեղծած բացառիկ կառույցն է , որ 30-ից ավելի երկրում գործում է: Իրարից անկախ` մարդիկ հավաքվում են, բայց նույն գաղափարների ու նպատակների շուրջ են համախմբված: Որևէ մեկին թույլ չենք տա, որ այդ գաղափարներից ու ծրագրերից շեղվի, որևէ համագործակցությամբ դա դրվի հարցականի տակ, որևէ հայտարարությամբ մենք մեր նախորդ հայտարարությունները հերքենք: Մենք պատասխան ենք տալիս 129 տարվա համար, չկա այդպիսի մի քաղաքական ուժ, որ 129 ամսվա համար պատասխան տա: Մենք այդ կուսակցությունն ենք, իսկ դա պատահական չի լինում: Այդպիսի կուսակցության կենսունակությունը պահպանվում է միայն նրանով, որ դու քո սկզբունքներին հավատարիմ մնաս: Այդ ձևով մենք պետք է համագործակցենք ցանկացած քաղաքական ուժի հետ: Կարծում եմ, որ որևէ իշխանություն, ինչպիսի մեծամսնություն էլ ունենա, անցած մեր անկախության փորձը և պատմությունը դա է ցույց տվել, որ պետք է հաշվի նստի Դաշնակցության հետ, որովհետև դա միայն կուսակցության հետ հաշվի նստել չի նշանակում: Դա նշանակում է այդ գաղափարը կրող, այդ գաղափարին նվիրված հայության հետ հաշվի նստել: Սա է խնդիրը, և պատահական չէ, որ ասում եմ` կապ չունի, Դաշնակցությունը խորհրդարանում է, թե` խորհրդարանից դուրս: Սա բացարձակապես Դաշնակցության նսեմացում կամ իրավիճակի փոփոխություն չի կարող առաջացնել, այնպես որ` Դաշնակցությունը պե՞տք է գործի, թե՞ չգործի: Պարզապես այդ մի գործիքը` ԱԺ ամբիոնը, չենք ունենա, բայց կունենանք բազմաթիվ այլ ամբիոններ, որոնցից ոչ ոք մեզ չի կարող զրկել»,- եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը: