Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ տեղեկությունները դեռ հստակ չեն, քանի դեռ ցուցակը հրապարակված չէ, դա կարող է դիտվել նաև որպես սև PR ՔՊ-ի դեմ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով Yerkir.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ ՔՊ ցուցակով կարող են առաջադրվել նախկին ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ, մի քանի անուն էլ արդեն հաստատվել է, դրանում վտանգ տեսնո՞ւմ է և, առհասարակ, ինչպե՞ս է վերաբերվում ճամբարափոխությանը:
«Մենք նախ պետք է ցուցակը տեսնենք, հետո պարզ կլինի` քանի հոգի կան նախկին իշխանական համակարգից, և արդյոք կա՞ն, թե՞ ոչ: Հնարավոր է` սա ՔՊ-ի դեմ միտումնավոր սև PR ակցիա է»,- նշեց նա:
Բադալյանը խնդիր չի տեսնում, որ ՔՊ ցուցակում նման մարդիկ հայտնվեն: «Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ բոլորս էլ գիտենք, որ ՔՊ-ն մեծամասնություն է ունենալու, բայց մենք չգիտենք` ՔՊ-ի ծրագրերը որոնք են, ինչ է անելու նա այդ մեծամասնությամբ` այնտեղ լինի մեկ նախկին ՀՀԿ-ական, թե` մի քանի: Հիմնականում, մեծ զանգված քվեարկելու է ՔՊ-ի օգտին` հանուն վարչապետի բարձր վարկանիշի, սա է աշխատելու: Այս պահին քննարկում չկա, թե նա ինչ է անելու արտաքին քաղաքականության բնագավառում, մնալու է ԵԱՏՄ ջերմեռանդ պաշտպա՞ն, թե՞ փորձելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը վերականգնել: Սահմանադրության համար խոսում էին, թե Սահմանադրությունը կարված-ձևված է մեկ անձի համար, հիմա պարզվում է, որ այդ կոստյումը լավ նստել է մեկ այլ մարդու վրա էլ: Հիմա էականն այն է` դա փոխվելո՞ւ է, թե՞ չի փոխվելու»,- ասաց քաղտեխնոլոգը:
Մեր դիտարկմանը` որ ինքն էլ չի բացառում, որ ՔՊ-ն մեծամասնություն կկազմի, ՔՊ-ականներն էլ տարբեր մակարդակներով հայտարարում են, որ հաղթելու են, և հարցին` սա ժողովրդի ենթագիտակցության վրա ազդել չէ՞, ինչպես արվում էր հին իշխանությունների ժամանակ, Բադալյանը պատասխանեց, որ դա ընտրական տեխնոլոգիա է: «Ընտրությունների արդյունքների գնահատականը տալիս են սոցիոլոգները, բայց մեզ մոտ սոցիոլոգիա չկա, կա սոցիոնկարչություն: Մանիպուլյացիան նորմալ է, ես վատ իմաստով չեմ ասում: Շատ կուսակցություններ օգտագործում են սոցիոլոգիական այդ անուղղակի մանիպուլյացիոն տեխնոլոգիան` իրենց դիրքերն ապագա խորհրդարանում ամրապնդելու համար: Այո, սա հոգեբանական տեխնոլոգիա է, ինչը նորմալ երևույթ է, օրենքի խախտում չէ»,- ասաց նա:
Բադալյանը համաձայնեց, որ, այո, նրանք անընդհատ կրկնում են, որ ունենալու են մեծամասնություն, բայց այդ տեխնոլոգիան ունի բացասական կողմ: «Երբ դու անընդհատ ասում ես` մենք ունենալու ենք մեծամասնություն, քո կողմնակիցներից շատերն ասելու են` էլ ինչի՞ գնամ ընտրության, միևնույն է` մեծամասնություն են ունենալու: Իսկ դու դրանով ձայն ես կորցնում: Դրա համար այդ տեխնոլոգիան կիրառելու չափը պետք է ճանաչել: Դա նուրբ տեխնոլոգիա է, պետք է իմանաս, թե երբ ես դա կիրառում»,- ասաց նա: