կարևոր
4138 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 13:13
Քաղաքական

Եթե այսքանից հետո ՔՊ-ն Երևանում ստանա մեծամասնություն, էլ ի՞նչ Արցախ, ի՞նչ «անկլավներ», ամեն ինչ են պատրաստ զիջել․ Տաթևիկ Հայրապետյան

Եթե այսքանից հետո ՔՊ-ն Երևանում ստանա մեծամասնություն, էլ ի՞նչ Արցախ, ի՞նչ «անկլավներ», ամեն ինչ են պատրաստ զիջել․ Տաթևիկ Հայրապետյան

Փաշինյանի վերջին ասուլիսը խնդրահարույց էր ոչ միայն Արցախի հետագա ճակատագրի տեսանկյունից, այլ նույնիսկ Հայաստանի  և Հայաստանի անվտանգության, որովհետև նա խոսեց նաև «անկլավների» մասին, որոնք ևս պատրաստ է զիջել Ադրբեջանին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այն տրամաբանությունը, որը Փաշինյանը փորձում է դնել խաղաղության պայմանագրի ներքո, դա ամբողջությամբ այն տրամաբանությունն է, որը դնում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Փաշինյանը բառ առ բառ կրկնում է բոլոր այն դրույթները, ինչ Ադրբեջանի ղեկավարը մեզնից պահանջում է։ Այս իրավիճակում մենք ոչ թե ունենում ենք խաղաղություն, այլ ունենում ենք իրավիճակ, որ ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլ նաև հարցականի տակ ենք դնում հայոց պետականությունը, որովհետև այն զիջումները որոնց մասին խոսում է Փաշինյանը ամբողջությամբ շրջափակման մեջ է դնելու Հայաստանը՝ կտրելով կապը 2 հարևանների հետ՝ Վրաստանի և Իրանի»,- ասաց նա։

Նրա խոսքով հարց է առաջանում՝ ի՞նչի դիմաց է Հայաստանը գնում նման զիջումների․ «Հայաստանը չի ստանալու խաղաղություն, դա նույնիսկ Փաշինյանն է ասում։ Հայաստանն ինքնակամ հանձնվում է Ադրբեջանի ողորմածությանը՝ ասելով, որ խաղաղությւոն է բերում սեփական ժողովրդին։ Սրանք ադրբեջանական թեզերի կրկնություն է։ Ես դեռ 2 տարի առաջ էի հոդված գրել, թե Թուրքիան և Ադրբեջանը ինչ են հասկանում խաղաղության պայմանագրի ներքո և Փաշինյանը հիմա այդ կետերն է իրականացնում»,- ասաց ադրբեջանագետը։

Ըստ նրա՝ Փաշինյանն ունակ է ամեն ինչի, բայց հիմա նա հանրության տրամադրություններն է ավելի շատ ստուգում․

«Նա ուզում է հասկանալ, թե հանրությունը ինչ արձագանքներ կտա։ 2022 թվականի սեպտեմբերին էլ ասաց, որ պատրաստ է թուղթ ստորագրել, որը կապահովի 29 800 քառակուսի կիլոմետրը, դրանից հետո մարդիկ դուրս եկան Բաղարամյան փողոց, որից հետո նա հայտարարեց, որ որևէ թուղթ գոյություն չունի։ Փաշինյանը հանրության տրամադրություններով շարժվող մարդ է, և եթե հանրությունը ցույց տա իր դիմադրությունը՝ Փաշինյանը նույն ձև կկանգնի և կասի, որ չի կարող ստորագրել, որովհետև իր համար իր իշխանությունը վեր է ամեն ինչից։ Փաշինյանը հանրությանը փոքր-փոքր նոր զիջումների է փորձում նախապատրաստել և հետո ստուգում է արձագանքները։ Ամենահետաքրքիրն այն էր, որ նույն օրը Արտգործնախարարը, ով իբրև բանակցում էր այդ փաստաթղթի շուրջ, հայտարարում է, որ իրենք գլխավոր հարցերի շուրջ տարբերվող դիրքորոշում ունեն Բաքվի հետ»,- ասաց նա։

Ադրբեջանագետը կարծում է, որ Փաշինյանը նման հայտարարություններ է անում, որովհետև նա շատ լավ գիտի, որ ինքը եկել է իշխանության այլ նախընտրական և կառավարության ծրագրերով, որոնցում  նշված է ինքնորոշման իրավունքի փաստը և պայքարը ԵԱՀԿ Մինսկի  համանախագահների ներքո, և շատ լավ գիտի, որ ինքը հրաժարվել է այդ ծրագրերից․

«Նույնիսկ մի անգամ Փաշինյանն ասաց, իսկ ո՞վ էր կարդացել այդ ծրագրերը։  Նույն Արցախի հիմնահարցում Փաշինյանի իշխանությունը ավելի քան 3 դիրքորոշում է փոխել վերջին 3 տարիների ընթացքում․ ասում էին ինքնորոշում, հետո դարձավ անվտանգություն և իրավունքներ, հետո դարձավ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, ընդ որում որևէ մեկին Ադրբեջանը համաձայն չէ։ Այս պարագայում Փաշինյանը ոչ մի բան չի դնի հանրաքվեի, որովհետև նա շատ լավ գիտի, որ այդ հանրաքվեով նա կզիջի իշխանությունը Այդ հանրաքվեն կլինի առաջիկա քաղաքապետի ընտրությունները։ Եթե այսքանից հետո Փաշինյանի քաղաքական ուժը Երևանում ստանա մեծամասնություն էլ ի՞նչ Արցախ, ի՞նչ «անկլավներ», ամեն ինչ են պատրաստ զիջել։ Իրենք կարող են ընտրախախտումների, վարչական ռեսուրսի և ամեն ինչի դիմել, բայց եթե հանրության մեծամանությունը դրան դեմ դուր գա՝ արդյունքի չեն կարող հասնել։ Պետության հարցը որոշվում է նաև հենց այդ ընտրություններով, որովհետև եթե այսքան զիջումների մասին խոսելուց հետո այդ քաղաքական ուժը ձայն ստանա Երևանում, դա ուղղակի Փաշինյանին նվեր է զիջումների գնալու»,- նշեց նա։

Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ իրականացվում է հիբրիդային պատրազմ և հոգեբանական տեռորր․

«Երբ ես հետևում եմ Փաշինյանի և Ալիևի ելույթներին, նրանց ելույթները նույն օրն են լինում և հնչում են նույն ուղերձները՝ «հրաշքի մի սպասեք, ոչինչ չի լինելու, դուք պետք է հանձնվեք և այլն»։ Սա արվում է հսկա մեդիառեսուրսներով, սոցիալական ցանցերով, ամենուրեք։ Չենք կարող ամեն ինչ գցել մարդկանց վրա, բայց նրանք չեն կարող պատասխանատվություն վերցնել։ Ասել, որ հանրությունը անտարբեր է՝ նման բան չկա, ուղղակի հանրությանն այս պահին չի առաջարկվում ճիշտ այլընտրանք։ Վտանգի, անարդարության զգացողությունն այնքան խորն է մարդկանց մեջ, որ եթե իրանց նորմալ այլընտրանք առաջարկես՝ Փաշինյանը շատ կարճ ժամանակում ուզած, թե չուզած կհեռանա իշխանությունից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ամեն մարդ իր տեղում փորձում է ցույց տալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում․

«Մարդիկ կարող են ունենալ տարբեր հայացքներ, տարբեր տեսանկյուններ, բայց կան համազգային խնդիրներ, որովհետև ի վերջո անկախ մեր հայացքներից մենք ուզում ենք պետություն ունենալ, իսկ այսօրվա քաղաքական ղեկավարությունը այդ պետությունը տանում է այն ուղղությամբ, որի գոյությունը դրվում է կասկածի տակ։ Մարդիկ նույնիսկ կարող է լինել դեպքեր, երբ չուզենան միմյանց բարևել, բայց կլինի մի իրավիճակ, որ ստիպված կլինեն կանգնել  նույն հարթակի վրա, որովհետև եթե պետությունն իրենց համար արժեք է՝ իրենք կհաղթահարեն դա։ Ամեն մեկս մեր տեղում պետք է գիտակցենք մեր ուժը։ Իրականում Փաշինյանը ամեն ինչ չի կարող որոշել, որովհետև սա մեր պետությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանը մեզնից յուրքանչյուրից է կախված։ Ինձ համար թիվ մեկ խնդիրն այն է, որ ես տեսնում եմ այդ հիբրիդային պատերազմը, մարդկանց ուզում են համոզել, որ իրենք թույլ են և անկարող, որ չկա ելք, դա ամենամեծ սուտն է, որ իրենք անում են, սա պետք է հաղթահարվի։ Սա է մեր խնդիրը, պետք է հստակ ցույց տանք, որ կա ելքեր և լուծումներ, բայց ներկայիս իշխանությունը չի գնում այդ ճանապարհով․ ինչո՞ւ, չեմ կարող ասել, արդյո՞ք իրենք միտումնավոր դավաճանության են գնում, թե՝ կատարյալ տգետներ են, մի օր դա կպարզվի, բայց այն, ինչ իրենք անում են կործանարար է Հայաստանի, Արցախի և հայոց պետականության համար»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Լ․Ա․