Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան մոտ երեկ անցկացված ակցիային: Հիշեցնենք, որ ակցիային, որի մասնակիցները պահանջում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, մասնակցում էր նաև Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին, և ճիշտ է, այս պահի դրությամբ Ծառուկյանից արձագանք չկա, բայց իրենք հույս ունեն, որ առաջիկայում կլինի:
Էնֆիաջյանի համոզմամբ՝ Ծառուկյանի վերադարձի կարիք կա, քանի որ ԲՀԿ-ականները գտնում են, որ նրա մարդկային տեսակն ու որակը բավարար է, որ նա ներգրավվի քաղաքական դաշտում այն փոփոխությունների իրականացմանը, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Պատգամավորի խոսքով՝ ակցիայի նախաձեռնողները սպասողական վիճակում են, և, կախված Ծառուկյանի պատասխանից, չի բացառվում, որ նմանօրինակ նախաձեռնություններ էլի տեղի ունենան:
Լրագրողների դիտարկմանը, թե Ծառուկյանը հորդորել էր հավաքվածներին` ցրվել, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ոչ թե ցրվելու, այլ տարածքը լքելու կոչեր են եղել Գագիկ Ծառուկյանի կողմից:
«Դա սխալ մեկնաբանություն էր: Տան անվտանգության աշխատակիցներն են այնտեղ եղել, տարածքի մուտքի հետ կապված խնդիր է եղել: Ես այդ ժամանակ տարածքում չեմ եղել, այդ խնդիրն իմ ժամանելուն պես, մեծ հաշվով, կարգավորվել է: Անվտանգության աշխատակիցներն էլ փոխանցել են Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ այս պահին անհնար է նրանց հետ հանդիպումը, բայց նաև ասել է, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ` հրապարակավ խոսք ասելու»,- մանրամասնեց պատգամավորը:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ Ծառուկյանն արժանանա նախորդ անգամվա ճակատագրին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Եկեք մի քանի բան առանձնացնենք: Նախ` Գագիկ Ծառուկյանն ինչի՞ համար մի կողմ քաշվեց ակտիվ քաղաքականությունից: Այդ հայտնի դեպքն իր հերթին արձանագրելով հանդերձ` մենք, հատկապես` Գագիկ Ծառուկյանը, շատ լավ գիտակցում էինք, որ եթե հասարակությանը փողոց հանեինք և հեղափոխական ճանապարհը շարունակեինք փողոցում, արյունահեղություն էր տեղի ունենալու: Մենք փոփոխությունների կարիքն արձանագրել ենք և հիմա էլ ենք արձանագրում, բայց ճանապարհներ կան, գործիքակազմ կա քաղաքական դաշտում, որից մենք չենք օգտվել և չենք օգտվի: Եվ եթե այնպիսի մարդիկ կան, որոնք հորդորում են կամ նման սպասելիքներ ունեն, ոչ ոք նրանց ոչ ձեռքն է բռնել, ոչ էլ ոտքերն է կապել, կարող են նման ճանապարհով գնալ: Մենք նման ճանապարհով չենք գնացել, չենք էլ հորդորում, որ ինչ-որ մեկն այդ ճանապարհը համարի մեր պետության համար արդիական»: