կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-18 12:45
Քաղաքական

Նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն. Վահե Էնֆիաջյան

Նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն. Վահե Էնֆիաջյան

Երեկ հրապարակված տեսանյութից հետո բոլորիս համար ակնհայտ դարձավ, թե ինչպիսի ստոր գործողություններ են իրականացվել զինվորի և բանակի նկատմամբ. Աժ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Մանվելի Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ-ի իրականացրած ստուգումներին, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Նա ընդգծեց, որ նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հարցին՝ ինչպե՞ս կքվեարկեն Մանվել Գրիգորյանին պատգամավորի մանդատից զրկելու մասին հարցին, եթե այն դրվի, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք մեր խմբակցությունում որոշում դեռևս չենք կայացրել, բայց նման գործելաոճի պարագայում էլ ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում բոլորը պետք գիտակցեն, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունը վճռական են, որպեսզի օրենքի գերակայություն լինի։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորին դուր չեկան այն հիշեցումները, որ տարիներ շարունակ ԲՀԿ-ն աջակցել է ՀՀԿ-ին, նրանց հետ կոալիցիա է կազմել, սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությանը, նաև հարցը՝ ստեղծված իրավիճակի համար իրենց մեղավոր զգո՞ւմ են:

«Դուք դեռևս 2007 թվականի գործընթացի մասին եք խոսում, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն փորձել է իր ամբողջ ներուժը օգտագործել ի շահ երկրի: Երբ տեսել ենք` ինչ է կատարվել, դուրս ենք եկել, և ընդդիմադիր դաշտում պատվավոր դեր ենք զբաղեցրել»,- ասաց նա:

Էնֆիաջյանը կրկին արդարացավ. «Մեր գործելաոճի մեջ եղել ենք ազատ ու թափանցիկ, մեր գործողությունները միտված են եղել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:

Ճեպազրույցին ներկա Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ տվյալ քաղաքական ուժը ներկայացնող առանձին գործիչների գործողությունների համար ԲՀԿ-ն պատասխանատու չէ, ԲՀԿ-ն պատասխանատու է իր անդամների քաղաքական գործողությունների համար, իսկ կոնկրետ անձինք պատասխանատվություն են կրում իրենց գործած արարքների համար: