կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 17:33
Քաղաքական

Համայնքների խոշորացումը շատ խնդիրներ կարող է լուծել. Սուքիաս Ավետիսյան

Համայնքների խոշորացումը շատ խնդիրներ կարող է լուծել. Սուքիաս Ավետիսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով համայնքների խոշորացման կարևորության մասին, ընդգծեց, որ պետքական է համարում այդ նախաձեռնությունը, քանի որ դրա շնորհիվ շատ խնդիրներ կարող են լուծվել:

«Ես գտնում եմ, որ ճիշտ է: Հատկապես մեր մարզի մասին կարող եմ ասել, որ այն տարածաշրջանները, որոնց մասին խոսվում է` Աշոցք, Ամասիա, այնտեղ իսկապես լուրջ խնդիրներ կան: Միգուցե խնդիրներ կան, բայց դրանք քննարկման ենթակա են: Ընդհանուր առմամբ, սա կարող է միայն նպաստավոր լինել մեր երկրի համար»,- ասաց նա:

Ավետիսյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե համայնքների խոշորացման արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվելու: Ըստ պատգամավորի՝ կրճատման խնդիր չկա: «Աշխատատեղերի մասն էական է, և կառավարությունը խոստացել է, որ որևէ աշխատատեղ չի կրճատվելու, այլ փոխարինվելու է: Գյուղապետը դառնալու է ներկայացուցիչ, աշխատակազմի ղեկավարի կամ մյուսի հաստիքը կարող է փոխարինվել մեկ այլ հաստիքով»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր տիպի երկրի համար սա շատ կարևոր նախաձեռնություն է, ուղղակի պետք է կարողանանք ճիշտ տանել առաջ:

«Պետք է գումարներ շատ տանք համայնքային միավորներին, տարբեր ծրագրերի մեջ մտցնենք՝ և' միջազգային, և՛ գրանտային, որպեսզի կարողանանք իսկապես այդ համայնքներում խնդիրներ լուծել, այսինքն՝ գումարները չփոշիացնենք, մեր գործերը ճիշտ կոորդինացնենք»,- եզրափակեց պատգամավորը: