կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 12:44
Քաղաքական

Իրական հեղափոխությունը ոչ թե ավարտվում է իշխանության գալով, այլ սկսվում է իշխանության գալով. Ռուստամյանը` Արտաշատում

Իրական հեղափոխությունը ոչ թե ավարտվում է  իշխանության գալով, այլ սկսվում է  իշխանության գալով. Ռուստամյանը` Արտաշատում

Նախորդ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում էր «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, այսօր բաց ճակատով կարող ենք զեկուցել, որ այդ նոր սկիզբը Հայաստանում դրված է. Արտաշատում Արարատի մարզ կատարած ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Մենք փոխեցինք մեր քաղաքական համակարգն այնպես, որ այսօր հնարավոր դարձավ վարչախմբի փոփոխություն առանց արյունահեղության: Դա կատարվեց խաղաղ այն պարզ պատճառով, որ այլևս մեկ անձի ձեռքում չէր կուտակված իշխանությունը, մեկ անձով չէր պայմանավորվում Հայաստանի ամբողջ ապագան, և այդ մեկ անձը կարողացավ, այդ ամենը հասկանալով, հրաժարական տալ: Այն իշխանափոխությունը, որը կատարվեց այս մայիս ամսին, հիմքում ուներ շատ մեծ գործընթաց, որը հասունացել էր, և այդ հասունացման քայլերում, նախադրյալների ստեղծման մեջ Դաշնակցության դերակատարությունը եղել է անվիճելի: Բայց մենք դեռ չունենք մեր երազած արդար Հայաստանը»,- ասաց նա:

Ըստ ՀՅԴ-ականի` այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, դեռ չի կարելի համարել լիարժեք հեղափոխություն: Նա պատմեց, որ մարզ կատարած այցի ժամանակ տարբեր բնակավայրերում հանդիպել են բազմաթիվ մարդկանց և մեկ անգամ ևս արձանագրել այն պատկերը, որ փոփոխություն տեղի է ունեցել վերևում, բայց այդ փոփոխությունները ներքև չեն հասել: «Այսօր մեր քաղաքացին նույն ծանր սոցիալական վիճակի մեջ է: Այդ ծանր սոցիալական վիճակն իսկապես օր օրի ավելի է դժվարացնում մեր ժողովրդի ապագայի նկատմամբ վստահությունը: Մենք ուրախ ենք` այսօր տեսնելով այն մեծ ակնկալիքները, այն հույսը, որ առաջացել են այս փոփոխություններից: Այսօր մեր ժողովուրդն ունի մեծ հույս, որ նոր ձևավորվող իշխանությունը ժամանակը կօգտագործի օպտիմալ, կհասկանա, որ այդ ժամանակը շատ կարճ է, որ այդ ժամանակում նա պետք է այնքան խնդիր լուծի, որ հանկարծ հիասթափության նոր ալիք Հայաստանում չառաջանա: Եվ սա պետք է տեսնի այն կինը, որ մոտեցավ մեզ ու ասաց` ես 28 հազար դրամ թոշակ եմ ստանում, այդ 28 հազարով ես ո՞նց ապրեմ, երբ գնում եմ հիվանդանոց, որ բուժվեմ օրական ինձնից 15 հազար դրամ են պահանջում, ես իմ բուժումը կիսատ եմ թողել, որովհետև այդքան գումար չունեմ վճարելու, դուրս եմ եկել հիվանդանոցից ոչ թե բուժված, այլ որովհետև չեմ կարող այնտեղ իմ բուժումը շարունակել»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այդ կինը սպասում է, որ իր կյանքն այնպես արագ փոխեն, որ նա կարողանա բուժումը շարունակել, որ կարողանա իր թոշակով ապրել: «Այդպիսի բազմաթիվ հանդիպումներ այսօր փողոցում, տարբեր տեղերում ունեցել ենք: Իսկապես, մեր ժողովրդի  ակնկալիքը շատ մեծ էր այս փոփոխություններից, բայց դա նաև շատ մեծ պատասխանատվություն է բոլորիս առաջ, որ մենք չհիասթափեցնենք այդ կնոջը, չհիասթափեցնենք բոլոր նրանց, ովքեր մեծ ակնկալիք ունեն, որ այս փոփոխությունների շունչը վերջապես իրենց կենցաղ կմտնի և իրենց ընտանիքում այդ փոփոխությունները կզգան: Սա մեր գլխավոր անելիքն է, Դաշնակցությունն այս պատասխանատվությամբ է, որ այս ընտրությունների մեջ է մտել: Մենք մեր առջև կանգնած շատ լուրջ վտանգներ, մարտահրավերներ ենք տեսնում: Տեսնում ենք` մենք շատ քիչ ժամանակ ունենք, այն խնդիրները, որոնք մեր դռան առաջ են, այն խնդիրները, որ բոլորիս այս ծանր վիճակի մեջ են դրել, և այն դժգոհությունը, որը բերեց այս հեղափոխությանը, պետք է կարողանանք արագ և արդյունավետ քայլերով լուծել, որ մարդիկ այդ փոփոխությունները զգան` ամեն մեկն իր անձնական կյանքում: Դաշնակցությունը, լինելով ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն, շատ լավ հասկանում է, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն, եթե մենք մեր ազգային արժեքներն ու նկարագիրը պահենք, եթե մեր ընտանեկան բարոյական արժեքներն ու մեր նկարագիրը պահենք, մեր ավանդույթներով առաջնորդվենք, կարողանանք հասկանալ, որ ոչ մի բան, ոչ մի փոփոխություն արժեք չունի, եթե մեր սոցիալական խնդիրները, մեր ժողովրդի կենցաղային անհրաժեշտ պայմանները չկարողանանք բարեփոխել»,- ընդգծեց Ռուստամյանը և հավելեց. «Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունը կարող է շատ արագ շուռ գալ մեր դեմ, եթե մեր հին` թե' քաղաքական, թե' տնտեսական մենաշնրոհները փոխարինենք քաղաքական ու տնտեսական նոր մենաշնորհներով: Մենք պետք է հասկանանք, որ իրական հեղափոխությունը ոչ թե ավարտվում է  իշխանության գալով, այլ իրական հեղափոխությունը սկսվում է  իշխանության գալով, որպեսզի այդ հեղափոխությունը բոլորին ծառայի: Որ երբ մենք ասում ենք, որ ժողովուրդը եկել է  իշխանության, դա ոչ թե նշանակի` մի խումբ է եկել իշխանության, որն ակտիվ է եղել այդ հեղափոխության ժամանակ, այլ իսկապես այդ հեղափոխության պտուղները վայելի ողջ ժողովուրդը»:

Նա նշեց, որ Դաշնակցությունը մտել է այս գործընթացի մեջ` ունենալով հստակ պատկերացումներ լայն խնդիրների մասին, որոնք այսօր ժողովրդին հուզում են, և այն միջոցների ու լուծումների մասին, որ հնարավոր է իրավիճակը շտկել` զարգացնելով այն, ինչին իրենք սկիզբ են դրել: «Համակարգի այդ փոփոխություններով այլևս որևէ մեկը չի կարող իրեն զգալ միանձնյա ղեկավար, և որով կունենանք հավասարակշռված իշխանություն, որտեղ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը կգործեն անկախ և կլինեն ժողովրդի, մարդու   իրավունքների պաշտպանը: Երբ այդպիսի միջավայր կունենանք, արդեն հստակ կարող ենք ասել, որ հեղափոխությունը հաջողել է, հաղթել է: Այդ ժամանակ մեզ կմնա, մեկ բռունցք դառած, պաշտպանվել արդեն արտաքին վտանգներից, իսկ այդ արտաքին վտանգները մեր դուռն ամեն օր են թակում: Մենք պարտավոր ենք այս վիճակում այնպես անել, որ մենք թե' ներսում ամրանանք, թե' դրսում գայթակղություն չառաջացնենք, որ նորից մեր գոյության իրավունքը տարբեր ագրեսիվ մեթոդներով մեր ձեռքից խլեն: Սա է Դաշնակցության նպատակը: Ուզում եմ, որ այս ընտրություններին գնաք` շատ լուրջ համեմատելով բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, մոտեցումները, անցած կենսագրությունը, և տեսնեք` ով է ընդունակ այս նոր փուլում նոր սպասվող լուրջ մարտահրավերներին դիմակայել և ունի այնքան ներուժ, այնքան փորձառություն և այնքան կադրային բանկ, որ կարողանա այդ ամենը իրականացնել ամենաբարձր և արդյունավետ կերպով: Սա է, որ մենք ձեզնից ակնկալում ենք, և սրա համար է, որ Դաշնակցությունն իր կարգախոսը` «Հավատարիմ հողին ու հային», այնպես է ընտրել, որ վստահ լինեք, որ դուք գործ ունեք, ոչ թե Դաշնակցության այս սերնդի հետ, այլ Դաշնակցության մոտեցումների ու կառույցի հետ, որ 128 տարի եղել է մեր ժողովրդի հետ և միշտ հավատարիմ է մնացել իր նպատակներին: Մենք իրար հետ, հավատարիմ լինելով հողին ու հային, կկառուցենք մեր երազած ազատ անկախ և միացյալ Հայաստան: Ընտրեք Դաշնակցությանը ու կունենանք այդ Հայաստանը»,- եզրափակեց Ռուստամյանը: