կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 20:00
Քաղաքական

Հայաստանը Սինգապուր չի դառնա. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանը Սինգապուր չի դառնա. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանը Սինգապուր չի լինի ո\'չ Կարեն Կարապետյանի օրոք, ո\'չ էլ առաջիկա 5 տարիներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Պատգամավորները շատ ազատ են իրենց մտքերը արտահայտելու մեջ, և ցանկացած պատգամավոր կարող է ասել այն, ինչ ինքը մտածում է տվյալ մարդու մասին, տվյալ պաշտոնյայի մասին: Ես հակված եմ, որ ճիշտը Կարեն Կարապետյանն է, որովհետև այդ կախարդական փայտիկը, իրապես, չկա, և շատ մարդիկ փորձում են բարեկամական, խնամիական, թե` ուղղակի աչք մտնելու համար ոչ ռեալ բաներ ասել, դա թողնում եմ նրանց խղճին: Ես հույսեր կապում եմ Կարեն Կարապետյանի հետ, բայց հույսեր չեմ կապում, թե Հայաստանը կդառնա Սինգապուր, լուրջ հույսեր եմ կապում, որ Հայաստանը մի քիչ կնմանվի այն Հայաստանին, որտեղ մենք ապրել ենք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն մտքին, թե Հայաստանում լավ կադրերի պակաս կա, Հարությունյանը նշեց, որ ամենադժվար գործը պետական գործիչներ փնտրելն ու գտնելն է: Դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցությունը միշտ պարծենում է իր կադրային լայն հնարավորություններով, արձագանքեց. «Հազարավորների, տասը հազարավորների մեջ կարող է մեկ պետական գործիչ չկարողանաս գտնել»: Մեր քաղաքական դաշտից էլ դժվարացավ տալ մեկ պետական գործչի անուն, պարզապես ասաց. «Չգիտեմ»:

Հարցին` արդյո՞ք Կարեն Կարապետյանը չի՞ խառնում ՀՀԿ-ի պլանները, քանի որ զերծ է մնում պոպուլիստական հայտարարություններից, Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ` ոչ»: Ապա ավելացրեց. «Ես չեմ Կարեն Կարապետյանին նշանակել, կամ ես չեմ ազատել Հովիկ Աբրահամյանին: Հանրապետության նախագահը կարող է այդ հարցերին պատասխանել: Ես փոքր մարդ եմ, որ այդ հարցին պատասխանեմ»: