Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը շարունակում է պնդել, որ Հայաստանին կառավարման սինգապուրյան մոդելն է անհրաժեշտ, ընդ որում` Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը հստակեցրեց, թե իր ասածն ինչին է վերաբերում: Հիշեցնենք, որ Մկրտիչ Մինասյանն օրեր առաջ հայտարարել էր, որ մեր երկրին անհրաժեշտ է կառավարման սինգապուրյան մոդելը, որն էլ, ըստ պատգամավորի, կարող է կյանքի կոչել Կարեն Կարապետյանը: «Որպես գաղափար` ես հիմա էլ եմ կրկնում դա, բայց դա քանի՞ տարում կլինի, ո՞ր ճանապարհներով կգնանք դրան, բոլորովին այլ խնդիր է: Ես չեմ կարող ասել, թե որ ոլորտները, որ առաջնահերթությունները կլինեն: Որպես քաղաքական գիծ` ես գտնում եմ, որ, այո, Հայաստանը պարտադրված է թռիչքաձև զարգացման ճանապարհով գնալ»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ հապաղելու ժամանակ չկա: «Եթե հիշում եք՝ երկրի նախագահը հստակ ասաց, որ ինքը երկար զրույց է ունեցել Կարեն Կարապետյանի հետ, և վստահաբար ասաց, որ նա կկարողանա իրականացնել բարեփոխումները, որոնք կդառնան մեր գործունեության բնականոն ընթացքը»,- հիշեցրեց պատգամավորը: Դիտարկմանը, թե ստացվում է` Կարեն Կարապետյանն այն մա՞րդն է, որը կարող է սինգապուրյան մոդելը տեղայնացնել Հայաստանում, Մինասյանն արձագանքեց. «Ես չեմ ասում, որ Կարեն Կարապետյանը կկարողանա սինգապուրյան մոդելը տեղայնացնել Հայաստանում, ես գտնում եմ, որ, այո, նա համակարգային մոտեցումներ ունեցող անձնավորություն է, համակարգային մտածողություն ունեցող մարդ է, ոչ թե` առօրյա չափանիշներով ընթացող: Նա շատ ավելի հեռուն նայող անձնավորություն է, և ես հույս ունեմ, որ, այո, Հայաստանը զարգանալու լայն հեռանկարներ ունի: Դրա համար բոլորս պետք է մեր ուժերը համատեղենք»: