կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 20:47
Առանց Կատեգորիա

Եթե Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ-ական...

Եթե Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ-ական...

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո թերևս չի եղել ՀՀԿ ղեկավար մարմինների որևէ նիստ, որից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ լրագրողների հարցերի, չասի, որ թեև նա դեռ կուսակցությանն անդամակցելու դիմում չի գրել, սակայն ՀՀԿ թիմի առանցքային անդամ է, և ՀՀԿ-ն ամբողջությամբ աջակցում է նրա կաբինետին:

Թեև ՀՀԿ-ն հանդես է գալիս առավելապես պատասխանողի դերում, սակայն այս հարցը քաղաքական օրակարգ է ներմուծել հենց իշխող կուսակցությունը` անմիջականորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: Դեռ սեպտեմբերին նոր վարչապետի թեկնածությունը թիմին ներկայացնելիս նախագահը նշեց, որ Կարապետյանի հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը: Սա սպասում առաջացրեց, որ Կարապետյանը վարչապետ է  նշանակվում ՀՀԿ-ին անդամագրվելու պայմանով: Այդ սպասումները հիմնավորեց նաև Շարմազանովը, երբ հայտարարեց, թե նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարում սպասվում է կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Դա թույլ տվեց ենթադրել, որ խոսքը վերաբերում է Կարեն Կարապետյանին ՀՀԿ մարմիններից մեկի ղեկավարը դարձնելուն: Նշանակումից հետո մեկուկես ամիս է անցել, սակայն Կարապետյանը, իր հետ բերած նոր, անկուսակցական նախարարներով, դեռևս ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չեն ներկայացրել: Էդուարդ Շարմազանովի՝ օրեր առաջ արած այն դիտարկումը, թե չպետք է զարմացնի վարչապետի` ՀՀԿ-ին ինչպես անդամակցելու, այնպես էլ չանդամակցելու որոշումը, որոշակիորեն մատնում է, որ ՀՀԿ-ում ևս այս առումով անորոշություն կա, և նրանք ևս դեմ չէին լինի, եթե վարչապետը հստակ կողմնորոշվեր, կամ եթե կողմնորոշված է՝ բարձրաձայներ իր որոշումը:

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ում դա անհրաժեշտ են համարում նախ` որպեսզի ավելի հասկանալի դառնա 2017թ. ընտրություններից հետո ինչպիսի կառուցվածք է ունենալու իշխանական կոնյունկտուրան, և որն է լինելու այնտեղ Կարեն Կարապետյանի քաղաքական դերը, պատասխանատվությունն ու գործառույթը: Երկրորդ` նկատի ունենալով այն դրական սպասելիքները, որոնք առաջացրել է Կարապետյանի մեկուկես ամսվա գործունեությունը, ՀՀԿ-ն թերևս դեմ չէր լինի նրա գործոնը և հանրության մոտ առաջացած այդ ակնկալիքներն առաջիկա նախընտրական արշավում օգտագործել ՀՀԿ-ի «բրենդը» կառուցելիս: Մի բան է՝ նման ֆիգուր ունենալ` որպես կուսակցության անդամ, մեկ այլ բան՝ որպես պարզապես ՀՀԿ-ի աջակցությունը վայելող «միայնակ գայլ»:

Օրերս Ստեփանակերտում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները հսկայական վնաս են հասցնում իր թիմին, քանի որ դրա քայլերը, ձեռնարկումներն ավելի ու ավելի շատ են ընկալվում որպես նախընտրական PR, որի պատճառով դժվարանում է հանրությանը վստահություն ներշնչելը, նրա լիարժեք աջակցությունը ստանալը: Այս դիտարկումն անուղղակի արտահայտում է Կարապետյանի բացաասական տրամադրվածությունը ՀՀԿ-ին իր անդամակցության՝ թերևս արհեստականորեն ուռճացվող և սրվող հարցի վերաբերյալ:

Եվ Կարապետյանին կարելի է հասկանալ: Նախ` անկախ նրանից, կգրի՞ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում, թե՞ ոչ, վարչապետը գործում է ՀՀԿ-ի լիակատար աջակցության հիման վրա: ՀՀԿ-ն առաջադրել է նրա թեկնածությունը, նշանակել նրան, ԱԺ-ում հավանության արժանացրել նրա կաբինետի ներկայացրած ծրագիրը, իսկ առաջիկայում որոշ շտկումներից հետո, անկասկած, կընդունի նաև Կարապետյանի կառավարության ներկայացրած` 2017թ. բյուջեի նախագիծը: Դրանից ավելի մեծ քաղաքական աջակցություն, պատասխանատվությունը կիսելու ավելի քաղաքական դրսևորում ուղղակի չկա՝ անկախ նրա կուսակցական չլինելու հանգամանքից: Եվ այս իմաստով Կարապետյանն իսկապես իշխանական թիմի առանցքային ներկայացուցիչ է: Նրա գործունեությունը, ինչպիսին էլ այն լինի, ընտրություններին շղթայական ռեակցիայով ազդելու է ՀՀԿ-ի քաղաքական վարկանիշի վրա:   

Երկրորդ՝ վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակման հիմնական առավելություններից մեկը սկզբում համարվում էր քաղաքական կոնյունկտուրայից նրա` դուրս լինելու հանգամանքը: Դա ընկալվում էր որպես շատ ավելի ազատ և անկաշկանդ գործելու, որոշ դեպքերում ընդդիմանալու կարևոր երաշխիք: Կառավարության կադրային լուրջ փոփոխությունները հենց իշխանության կողմից մեկնաբանվեցին որպես ապակուսակցական ֆիգուր լինելուց բխող ազատության դրսևորում: Ավելին` հենց իշխանությունն էր ակտիվորեն տիրաժավորում, որ Կարապետյանը ձևավորում է տեխնոկրատների կամ մերիտոկրատների (արժանիների) կառավարություն: ՀՀԿ-ն սկզբում, առհասարակ, ընդգծում էր որ շեշտը դնում է ոչ թե պատասխանատվություն ստանձնող անձի կուսակցական պատկանելության, այլ նրա արժանիքների ու կարողությունների վրա: Այս մոտեցնում էր ընկած նաև ՏԻՄ ընտրություններում ոչ ՀՀԿ-ական թեկնածուներին պաշտպանելու որոշման հիմքում: Կարապետյանի կուսակցականացումը դուրս է այս սկզբունքների ծիրից: ՀՀԿ-ին նրա անդամակցումը մեխանիկորեն հանգեցնում է ՀՀԿ-ից ու հատկապես` այնտեղ հաստատված հարաբերություններից ուժեղ կախվածության: Կարապետյանը մինչ նշանակումը չէր ընկալվում որպես յուրային: Հնարավոր է՝ կուսակցությանն անդամակցելու դեպքում նա հայտնվի ներկուսակցական որոշակի շահերի հատման խաչմերուկում:

Երրորդ՝ այն պահից, երբ Կարապետյանն իր թիմով կանդամագրվի ՀՀԿ-ին, պետք է մոռանալ կառավարության մերիտոկրատիկ բնույթի մասին. այն ավտոմատ կվերածվի քաղաքականի:

Չորրորդ՝ գոնե մինչև 2017թ. նոր խորհրդարանի ձևավորումը` իշխանությունը գործում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափով և կոնկրետ հուշագրի հիման վրա: Այդ գործակցության ոգուց շատ ավելի է բխում այնպիսի վարչապետի առկայությունը, որն ավելի շատ առաջնորդվում է ոչ թե այդ ուժերից մեկի, տվյալ դեպքում` ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերով, այլ համագործակցության հուշագրով: Սակայն սա, իհարկե, ավելի շատ սիմվոլիկ, քան պրակտիկ նշանակություն ունի:

Եվ վերջապես հինգերորդ՝ հանրությունն արդեն տեսել է նշանակումից հետո իր թիմով վարչապետի՝ իշխող կուսակցությանն անդամակցելու նախադեպը: 2009թ. անկուսակցական վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեց, որից հետո նույն քայլին դիմեցին նրա «բերած» նախարարները՝ Տիգրան Դավթյանը, Ներսես Երիցյանը, Դավիթ Սարգսյանը: Թե հետագայում որքանո՞վ այս գործիչներն ինտեգրվեցին ՀՀԿ-ին, դարձան յուրային, որքանո՞վ նրանց ՀՀԿ-ացումը նպաստեց կառավարության արդյունավետության բարձրացմանը, բոլորի աչքի առաջ է` առանց մեկնաբանությունների: Եվ պետք է իսկապես մտածել՝ արժե՞ արդյոք նորից նույն ջրով անցնելու փորձ կատարել, թեև պարզ է, որ ամեն ինչ կախված է Կարեն Կարապետյանից և նախագահ Սերժ Սարգսյանի հետ այն պայմանավորվածություններից, որոնց հենքի վրա նա նշանակվեց վարչապետ:

Գևորգ Դարբինյան