Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական գործի հետ կապված նորություններ դեռ չկան. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանը` անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերությանը 110 մլն դրամով տուգանելուն:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքները գործում են: Ես այն կարծիքին եմ, որ անօրինական էր ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը: Ես չգիտեմ` վերջնական որոշումն իմ օգտի՞ն է լինելու, թե՞ ոչ: Օրենքը միանշանակ ասում է, որ մեր հանդեպ անարդարություն է եղել»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար «Երևան գարեջուր» ընկերությանը տուգանել էր 110 միլիոն դրամով, ինչը պատգամավորը անօրինական էր համարել:
Մեզ հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր առաջադրմանը: Պատգամավորի խոսքով` ցուցակների վերաբերյալ հարցը Հանրապետական կուսակցությունում դեռ չի քննարկվել, ինչ վերաբերում է իրեն, ապա կցանկանար ընդգրկվել ցուցակում: «Իսկ ո՞վ չունի այդպիսի ցանկություն: 18 տարի պատգամավոր եմ եղել և բավական մեծ հարգանք եմ վայելում իմ ընտրատարածքում»,- անկեղծացավ պատգամավորը:
Հակոբյանի համար ոչ մի տարբերություն չկա, թե ՀՀԿ նախընտրական ցուցակն ով կգլխավորի: «Ի՞նչ տարբերություն, թե ցուցակն ով կգլխավորի: Ենթադրենք Սերժ Սարգսյանը գլխավորում է կամ չի գլխավորում, միևնույն է, գլխավորի էլ` պատգամավոր չի լինելու, չգլխավորի էլ` պատգամավոր չի լինելու, որևէ բան չի նշանակում դա: Նա երկրի նախագահն է և պատգամավոր չի լինելու, չէ՞»,- ասաց հանրապետականը:
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք կցանկանար, որ հենց Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը, Հակոբյանը նշեց, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն ընդունվել է իրենց կուսակցության նախագահ, դրանում էլ այդ հարցի պատասխանն է:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա, ըստ պատգամավորի, եթե վարչապետը հայտարարել է, թե օրենքի թույլ չտալու դեպքում ինքը չի ընդգրկվելու ցուցակում, ուրեմն ամեն ինչ պարզ է: «Կարեն Կարապետյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և գործող վարչապետն է, և ՀՀԿ-ի` իշխանության մնալու դեպքում էլ, բնական է, կուսակցությունը Կարեն Կարապետյանին կրկին նշանակելու է վարչապետի պաշտոնում` անկախ նրանից` նա ցուցակում կլինի՞, թե՞ ոչ: Վարչապետը ևս պատգամավոր չի լինելու»,- ընդգծեց նա:
Հակոբյանի կարծիքով` նախագահի և վարչապետի` ցուցակում չլինելը չի ազդի ՀՀԿ-ի վարկանիշի վրա, քանի որ երկուսն էլ ՀՀԿ-ական են, մնալու են կուսակցության անդամ, երկուսն էլ ՀՀԿ թեկնածուներն են` մեկը` նախագահի պաշտոնում, մյուսը` վարչապետի:
Մեր դիտարկմանը` ՀՀԿ նախագահի և նրա առաջին տեղակալի` ցուցակը չգլխավորելու դեպքում կուսակցությունում պայքար կսկսվի, և դա կարող է հանգեցնել ոչ միայն ընտրությունների տապալմանը, այլ նաև կուսակցության քայքայմանը, Հակոբյանն արձագանքեց. «Հանրապետական կուսակցությանը քայքայում չի սպառնում… Չնայած ոչ ոք չի կարող ասել… Սահակաշվիլին էլ նման բան չէր սպասում… Ժողովրդից է կախված ամեն բան»: