կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 14:14
Առանց Կատեգորիա

Հայաստանը Սինգապուր դարձնողները, կամ անլուրջ խոսակցության լրջությունը

Հայաստանը Սինգապուր դարձնողները, կամ անլուրջ խոսակցության լրջությունը

Սինգապո՞ւր, Հայաստա՞նը… Մի ժամանակ էլ ասում էին` Ամերիկա, ԽՍՀՄ-ը: Դե, պետական ծրագիր կար՝ «Հասնել եւ անցնել Ամերիկայից»: Չհասան եւ չանցան, բայց ամենակարեւորն է՝ փորձեցին: Հիմա, ի՞նչ է եղել որ, թող փորձենք հասնել եւ անցնել Սինգապուրից: Ինչպես գիտենք, Սինգապուրին հասնելու եւ անցնելու գործում մեզ պետք է օգնի Կարեն Կարապետյանը:

Ով չգիտի, իսկ, ինչպես երեւում է շատերը չգիտեն, անձամբ նորանշանակ վարչապետը Սինգապուրին հասնելու մասին ոչինչ չի ասել, այդքան միամիտ չէ, ասել է ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: Հենց այդպես էլ ասել է. «Կարեն Կարապետյանը Հայաստանը կդարձնի Սինգապուր»: Ափսոս` մեկը պարոն Մինասյանին չի հարցրել, ինչի՞ Կարեն Կարապետյանը Լի Կուան Յո՞ւն է, որ Հայաստանը դարձնի Սինգապուր: Չնայած Լի Կուան Յուին հաջողվել է ոչ թե Հայաստանը դարձնել Սինգապուր, այլ Սինգապուրը դարձնել Սինգապուր: Սա շատ կարեւոր է. բանն այն է, որ Հայաստանը ո\'չ հնարավոր է, ո\'չ էլ կարիք կա Սինգապուր կամ Թայվան դարձնել, փոխարենը պետք է Հայաստանը դարձնել Հայաստան:

Ինչեւէ, կարեւորն այն է, որ Հայաստանը Սինգապուր դարձնելու մասին Կարեն Կարապետյանը չի խոսել, ինչպես պնդում են շատերը, սա կարեւորն է, քանի որ եթե այդ մասին խոսեր Կարապետյանը, ապա կնշանակեր, որ նորանշանակ վարչապետը պոպուլիստ է, ամբոխահաճո հայտարարությունների համար խելքն իրենը չէ, կամ միամիտ մարդ է, ով գիտի, թե շուտով սարեր է շրջելու` առանց ծանոթ լինելու, թե այդ սարերը որքան ամուր են կանգնած: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է լուրջ չվերաբերվել «Հայաստանը Սինգապուր է դառնալու» հայտարարությանը: Գիտե՞ք, նման խորհուրդ տալիս են մեծ թվով հանրապետականներ, ընդ որում՝ լուրջ հանրապետականներ:

Եթե չպետք է լուրջ վերաբերվենք, ուրեմն չպետք է լուրջ վերաբերվենք պարոն Մկրտիչ Մինասյանին, ով, ի դեպ, եւս հանրապետական է, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր: Այսինքն` մարդն ընտրազանգված ունի, համախոհներ ունի, այնտեղ, որտեղից ընտրվել է, համակիրների լուրջ բանակ ունի, հարգանք-պատիվ ունի եւ, ի վերջո, տարիք ունի: Հիմա մարդը, այսքանով հանդերձ, միամտություն էլ ունի: Ի՞նչ, լուրջ չվերաբերվե՞նք: Իսկ եթե Մկրտիչ Մինասյանը ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունենա, օգտվելով պատգամավորի իր կարգավիճակից եւ իրավունքից, այդ ելույթին է՞լ լուրջ չվերաբերվենք: Լավ, ենթադրենք լուրջ չենք վերաբերվում, իսկ կասե՞ք` ՀՀԿ-ում շա՞տ կան պատգամավորներ կամ պարզապես անդամներ, որոնց ասածներին պետք է լուրջ չվերաբերվենք: Իմանանք, էլի...

Մի խոսքով` Սինգապուրի այս պատմության մեջ ամենակարեւորն այն չէ, որ մենք հասնելու ենք եւ անգամ հայագիտության ասպարեզում անցնելու Սինգապուրից, այլ այն է, որ Հանրապետականը հանրապետականի ասածներին հորդորում է լուրջ չվերաբերվել: Դե, ինչպես ասում է հանրապետական Հակոբ Հակոբյանը /Թունելի Հակոբը/, Հանրապետականը չի նշանակում, որ ամեն տեղ պետք է Հանրապետականը Հանրապետական լինի: Սա ենթադրում է, որ Հայաստանի ամենամեծ, ամենաշատ հարգանք, պատիվ, սեր, համակրանք, փող եւ իշխանություն ունեցող կուսակցությունը պետք է ներքին մոնիտորինգ անի, ասենք` որեւէ «պանիխիդա»-ի ժամանակ սոցիոլոգիական հարցում անցկացնի կուսակցական շարքերում եւ, ըստ այդմ, պարզի, թե ում ասածներին կարելի է լուրջ վերաբերվել, ում ասածներին էլ՝ ոչ: Հակառակ պարագայում` ՀՀԿ-ն ինքն է կանգնում մեծագույն վտանգի առջեւ, քանի որ, եթե այսպես շարունակվի, ապա հասարակությունը կսկսի շփոթվել այս կամ այն հանրապետականի խոսքերը վերլուծելիս` հիմա դրան լուրջ վերաբերվե՞լ, թե՞ ոչ: Արդյունքում` ամբողջ կուսակցության անդամների ասածներին կսկսեն անլուրջ վերաբերվել, ինչը կնշանակի շատ վատ բան, ՀՀԿ-ի համար, անշուշտ:

Արեք այդ սոցհարցումը, հարգելինե\'րս, քանի դեռ հարգանք, պատիվ, սեր ու համակրանք ունեք: Ի դեպ, ունեք չէ՞… Լո՞ւրջ:

Հովիկ Աֆյան