Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո խոսեց` «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ-ի գնդի գրավումից, ոստիկանների պատանդառությունից 5 օր անց, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ նախագահականում անցկացրած խորհրդակցության ժամանակ: Նա, ըստ էության, հինգ հիմնական ուղերձ հղեց:
Առաջին՝ իշխանությունը երբեք թույլ չի տալու բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով Հայաստանում հարցեր լուծել:
Երկրորդ՝ անկախ ինչպիսի հանգուցալուծում կլինի՝ զինյալները ենթարկվելու են խստագույն պատժի՝ Սահմանադրության և օրենքների «խստիվ» պահպանմամբ: Սա նշանակում է, որ իշխանությունը հարցի լուծումը տեսնում է բացառապես իրավական հարթությունում և չի ընդունում քաղաքական ու հանրային առանձին շրջանանների այն առաջարկները, թե անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի լուծումները գտնել առաջին հերթին քաղաքական հարթությունում:
Երրորդ՝ իշխանությունը շարունակելու է իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու ներկայիս մարտավարությունը, սակայն՝ ոչ հավերժ: Եթե առաջիկայում խումբը զենքը ցած դնելու և հանձնվելու ուղղությամբ ոչինչ չձեռնարկի, իրավապահ մարմինները կգնան «այսպիսի իրավիճակում դասական համարվող», այսինքն` խմբի վնասազերծման օպերացիայի ձեռնարկման քայլին: «Այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,- ասում է նա:
Չորրորդ՝ իշխանությունը ստեղծված իրավիճակում իրավապահ մարմինների գործողությունները գնահատում է լիովին իրավաչափ: Թերևս դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ խորհրդակցության ժամանակ իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարում է «գործունեությունը շարունակել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում»:
Հինգերորդ՝ իշխանությունը հիմա պատրաստ չէ խոսելու ոչ կարճաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով զիջումների մասին: Սարգսյանն ընդհանրապես չանդրադարձավ ՊՊԾ-ն գրաված խմբի ներակայացրած պահանջներին, որոնցից մեկը վերաբերում է իր հրաժարականին: Երկրորդ՝ ընդգծելով հանդերձ, որ շատ են երկրում ստեղծված վիճակից և իշխանությունից դժգոհությունները՝ նա չասաց, թե ինչ է պատրաստվում իշխանությունն անել՝ դրանց թիվը նվազեցնելու, դժգոհության պատճառները վերացնելու ուղղությամբ:
Այն, որ իշխանությունը չէր կարող կատարել խմբի պահանջը, պայմանավորված չէ միայն Սերժ Սարգսյանի հնարավոր ինչ-ինչ հավակնություններով կամ զուտ նրանով, որ դրանք կատարելով նա կբացահայտի իր թուլությունը: Հարցը շատ ավելի սկզբունքային է. որքան էլ ներկայացված պահանջները լինեն քաղաքական, իրականացվել է զինված հարձակում պետական մարմինի վրա, և այդ պայմաններում պայմանները կատարելը նշանակելու էր, որ ոչ թե անձամբ Սարգսյանը, այլ պետությունն է տեղի տալիս նման մեթոդներին: Չկա աշխարհում որևէ երկիր, որտեղ որպես պահանջատիրության մեթոդ ընտրվի այսպիսի ճանապարհը, և պետությունը կատարի իրեն պարտադրվող պահանջները: Սա կլիներ պետության վերջը, ինքնասպանությունը: Դրանով պետությունը նախադեպ կստեղծի, որպեսզի ցանկացողը՝ անկախ հանրության աջակցության պոտենցիալից, իր հետ խոսի զենքի գործադրման սպառնալիքով: Եվ այստեղ ընդհանրապես կապ չունի՝ որքանո՞վ է տվյալ իշխանությունը լեգիտիմ, որքանո՞վ են երկրում գործում ժողովրդավարության ինստիտուտները, հարգվում մարդու իրավունքները, որքանո՞վ է պետությունը կոռումպացված: Այս իմաստով Սերժ Սարգսյանի դիրքավորումը հասկանալի է:
Սակայն հուլիսի 17-ից Հայաստանում ստեղծված իրավիճակը ստանդարտ չէ: Այն փաստը, որ նախագահն ինքը ՊՊԾ գունդը գրաված խմբի գործողությունը գնահատելիս խուսափում է կիրառել «ահաբեկչություն» եզրը, նշանակում է, որ ինքը ևս իրադրությունը ստանդարտ չի համարում: Պատանդառուների ուժը Էրեբունու ՊՊԾ-ում առկա զինամթերքի մեջ չէ, ոչ էլ 4 ոստիկաններին պատանդի կարգավիճակում պահելու: Նրանց ուժը Խորենացի փողոցում է և հասարակության այն ստվար շրջանակի, որը հասկանալով հանդերձ խմբի կիրառած մեթոդների անթույլատրելիությունը, ներքուստ արդարացնում է նրանց, ազնվացնում նրանց արարքը: Այն, որ հասարակության մեծամասնությունը բացահայտ չի աջակցում զինյալներին և չի կանգնում ամեն երեկո Խորենացի փողոց գնացող քաղաքացիների կողքին, դեռ չի նշանակում, որ աջակցում է իշխանությանը, արդարացնում ոստիկանության կոշտ, երբեմն անհամաչափ գործողությունները: Սա ամենամեծ մոլորությունն է: Երկրում առկա իրավիճակից ոչ թե դժգոհները շատ են, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, այլ աններելիորեն շատ են: Իսկ դա նշանակում է, որ իշխանության հիմնական խնդիրը ոչ թե զինված խմբի հետ է, այլ այդ դժգոհության ծավալների, որը և դառնում է խմբավորման ձեռնարկն արդարացնելու և զինված խմբավորմանն աջակություն ցուցաբերելու հուսահատության հիմնական պատճառը: Մինչդեռ նախագահի խոսքերից ընդհանրապես պարզ չդարձավ, թե ի՞նչ է անելու այս ծայրահեղ իրադրությանը հանգեցրած խորքային պատճառները վերացնելու ուղղությամբ, ի՞նչ քաղաքական ելքեր է առաջարկում: Իրականում նրանից հենց այս հարցերի պատասխանն էր ուզում ստանալ հասարակությունը, մանավանդ այսքան երկար լռություն պահպանելուց հետո: Դրանով ոչ թե իշխանությունը ցուցադրելու էր որ զիջում է զինված խմբավորմանը, այլ դրսևորելու էր հասարակության հետ գործնական երկխոսություն սկսելու, բարեփոխվելու քաղաքական կամք: Դա խիստ անհրաժեշտ է՝ երկրում կուտակվող բացասական, ուղղակի կործանարար էներգիայի սնուցման աղբյուրները փակելու, հասարակություն-իշխանություն օտարումը ընթացքը դադարեցնելու համար: Երբ դրա փոխարեն հայտարարվում է, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի միայն օրենքի շրջանակում, առավելևս՝ ոստիկանության բոլոր գործողություններն արդարացնելուն զուգահեռ, առաջանում է ռիսկ, որ խմբավորումը և նրա համախոհները դա կընկալեն որպես դիմակայությունը խորացնելու, ուժ ցուցադրելու դրսևորում:
Գևորգ Դարբինյան