|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեսպանի պաշտոնն ամենից առաջ քաղաքական պաշտոն է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց արդեն նախկին պատգամավոր, այժմ Քուվեյթում Հայաստանի դեսպան ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Նրա խոսքով՝ դեսպանները լինում են երկու տեսակի՝ կադրային դիվանագետներ և քաղաքական գործիչներ:
Բադեյանը նշեց նաև, որ իր համար այս նշանակումն անակնկալ չէր: «Էդ ակնարկները դեռևս վաղուց են եղել, առաջարկներն այդ դեռևս տասը տարի առաջ էին: Այն ժամանակ ես տարբեր պատճառներով խուսափել եմ, հիմա համաձայնեցի»,- ասաց նա:
Բադեյանն ընդգծեց նաև, որ, նշանակվելով դեսպան, չի դադարելու անդամակցել ՀՀԿ-ին:
«Ինչ վերաբերում է իմ պատրաստականությանը, բոլորիդ է հայտնի, որ ես հինգ տարի աշխատել եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տեղակալ, հինգ տարի Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի տեղակալ: Եվրաինտեգրումը չի նշանակում այլ կառույցների բացառում, մեր կապերը Եվրոպայի հետ կան միշտ էլ: Եվրոպական գործիչները բազմիցս արտահայտվել են այն մասին, որ մեր համագործակցությունը շարունակվում է, և որևէ խոչընդոտ չկա ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով»,- ասաց Բադեյանը:
Նրա խոսքով՝ Քուվեյթի դեսպանի պաշտոնում նշանակումն իր ընտրությունը չէ, սակայն ինքն այդ երկրի մասին բավականին ինֆորմացված է, և դա էլ նպաստել, որ իրեն նշանակեն այդ պաշտոնում: Բադեյանի բնորոշմամբ՝ իր պարտականություններից մեկն էլ լինելու է բիզնես ոլորտում կապերը խորացնելը:
Նա նշեց նաև, որ դեսպանի պաշտոնում ամսի 2-ի հրամանագրով է նշանակվել, իսկ հիմա էլ սպասում է հրահանգի, որ անցնի իր պարտականությունների կատարմանը: