կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 22:41
Առանց Կատեգորիա

Հայաստանը՝ Եվրասիական ցեխում. Սերժ Սարգսյանի ակնարկները

Հայաստանը՝ Եվրասիական ցեխում. Սերժ Սարգսյանի ակնարկները

Սանկտ-Պետերբուրգում երեկ կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկված ամենակարևոր փաստաթուղթը՝ Մաքսային օրենսգիրքը, փաստացի չի ընդունվել: Այն հրաժարվել է ստորագրել Ղրղզստանի նախագահը, իսկ Բելառուսի նախագահն առհասարակ հրաժարվել էր մեկնել Ռուսաստան: Այս իմաստով ԵԱՏՄ սանկտպետերբուրգյան գագաթաժողովը կարելի է տապալված համարել, որն ինքնին նաև ԵԱՏՄ-ի չկայացածության ցցուն ապացույց է: Ռուսաստանի շուրջը ստեղծվող բոլոր ինտեգրացիոն նախագծերը՝ սկսած ԱՊՀ-ից, վերջացրած ՀԱՊԿ-ով ու ԵԱՏՄ-ով, առայժմ միայն դրանում ներգրավված երկրների միջև հակասություններն ու շահերի բախումն են սրում, քան գործակցության պլատֆորմ ստեղծում:

Հայաստանն այդ բոլորում էլ ընդգրկված է և առայժմ դրանցից արագ դուրս պրծնելու տարբերակ կարծես թե չունի: Նման իրավիճակում կոնկրետ ԵԱՏՄ-ի պարագայում մնում է գոնե եղած քիչ հնարավորությունից օգտվել, առնվազն՝ ունեցածը չկորցնել: Այս տեսանկյունից ուշագրավ էր ԵՏ բարձրագուն խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը: Այն մի կողմից ԵԱՏՄ-ից Հայաստանի չարդարացված ակնկալիքների բարձրաձայնման, մյուս կողմից՝ Հայաստանի առաջնահերթությունների, նաև պահանջների մանիֆեստացիա էր:

Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ փաստացի չի կայացել ապրանքների, ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի գործարարները լուրջ խնդիրներ ունեն անդամ մյուս երկրների շուկաներում ազատ մրցակցության հետ կապված: Եվ խնդիրը ոչ այնքան հայկական ապրանքների կամ ծառայությունների որակի մեջ է, այլ այն բյուրոկրատական, թղթաբանական արհեստական խոչընդոտների, որոնք ստեղծվում են մասնավորապես հայ գործարարների առջև: Եվ առաջարկն առ այն, թե Հայաստանը պատրաստ է կիսվել էլեկտրոնային կառավարման իր փորձով, ուղղակի ակնարկ էր, որ այդ առումով Հայաստանը մի քանի քայլ առաջ է մյուս անդամ երկրներից, և ադապտացիա չի կարող լինել, քանի դեռ մյուսներն այդ ոլորտում չեն հասել Հայաստանի մակարդակին:

Մյուս հիմնական խնդիրը, որը սրեց Սերժ Սարգսյանը, կապված է ԵՏՄ ընդհանուր տարածքից Հայաստանի մեկուսացվածությանը, ընդհանուր սահմաններ չունենալուն, որոնք հաղորդակցային և լոգիստիկ հսկայական խոչընդոտներ են հարուցում:  «Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում»-ասում է նախագահ Սարգսյանը:

Այս առաջարկից թերևս կարելի է  հասկանալ, որ Հայաստանը խնդրում է ԵԱՏՄ երկրներին ու գուցե առաջին հերթին Ռուսաստանին՝ ներդրումներ կատարել Հայաստանը ԵԱՏՄ տարածքին կապող նոր, ավելի հուսալի միջանցք կամ ինչպես ինքն է բնորոշում՝ «անցուղի» ստեղծելու նախագծում: Դժվար է ասել՝ ունի՞ արդյոք Հայաստանը նման նախածգային պատրաստի փաթեթ, եթե այո, ապա որքանո՞վ է այն համաձայնեցված վրացական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ առանց Թբիլիսիի հետ պայմանավորվելու հնարավոր չէ որևէ տեսակի միջանցք ստեղծել: Թե՞ խոսքն ընդամենը վերաբերում է շրջանառության մեջ դրվող մի նոր գաղափարի: Սա իսկապես հետաքրքրական է, որովհետև նման նախագծերի կարիք գուցե և չլիներ, եթե Հայաստանը միջնորդական ու դիվանագիտական ջանքերն ավելի շատ ուղղեր վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը կամ գոնե նախատեսված ժամանակահատվածում կարողանար ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Համենայնդեպս երկաթուղու մասով իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, եթե նկատի առնենք ռուս-վրացական հարաբերություններում նկատվող «սառույցի հալման» տենդենցները և կոնտակտի դուրս գալու հարցում կողմերի շահագրգռությունը:

Ինչևէ, Սերժ Սարգսյանի այդ ելույթից տպավորությունն այնպիսին էր, որ նա որոշակի երկընտրանքի առջև է կանգնեցնում Ռուասատանին. կամ չեզոքացվում են Հայաստանի ներկայիս տրանսպորտային մեկուսացվածությունը և վերացվում է հայկական ապրանքների ու ծառայությունների առջև անդամ մյուս երկրներում խոչընդոտներ հարուցելու պրակտիկան, կամ այդ կառույցում Հայաստանի մնալը դառնում է լրիվ ավելորդ:

Դա վերջին հաշվով ելույթ էր այն մասին, թե ինչու չէր կարելի Հայաստանին անդամակցել այդ կազմակերպությանը: Որովհետև բոլոր այն հիմնախնդիրները, որոնք բարձրացնում է Հայաստանի նախագահը հիմա, կանխատեսելի էին և որպես ամենաիրատեսական ռիսկեր էին գնահատվում հենց սկզբից՝ նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ եվրաասոցացման քաղաքականությունից կտրուկ շրջադարձ չէր կատարվել դեպի այս ամորֆ եվրասիական արհեստական միավորումը: Ի՞նչ է տալու, սակայն, նման համեմատաբար կոշտ շեշտադրումներով ու Երևանի հիսաթափություններն ամբողջացնող այս ելույթը: Որքանո՞վ է այն վերածվելու քաղաքականության: Հետխորհրդային գոտում ստեղծված ինտեգրացիոն նախագծերում բացարձակապես իրավահասարության սկզբունքով  գործընկերային հարաբերությունների տրամաբանությունը չէ, որ աշխատում է: Այն մի ցեխ է, որից կիսավեր սայլակը փորձում է յուրաքանչյուրն իր հերթին իր ուղղությամբ քարշ տալ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, վերջերս՝ նաև Ղրղզստանը: Այստեղ հակված չեն մեկը մյուսին լսել և զբաղվել ընդհանուր մարտահրավերների չեզոքացմամբ: Եվ որևէ կասկած չկա, որ Երևանից հնչող նաև այս ուղերձները մնալու են օդում կախված:

Գևորգ Դարբինյան