Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանական «Դոյչե Վելե»-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որոշ կրճատումներով, հրապարակվել է: Դրանում, ընդհանուր առմամբ, արտացոլվել են արտաքին քաղաքական օրակարգում գտնվող բոլոր առանցքային խնդիրների, ինչպես նաև Հայաստանում ընթացքի մեջ գտնվող սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Քոչարյանի` արդեն հանրածանոթ տեսակետները: Եվ չնայած դրան` Քոչարյանը հանդես է եկել ներկայիս իշխանություններին ուղղված` սովորականից ավելի մեղմ, ոչ հասցեական քննադատությունների ամպլուայով: Ըստ ամենայնի` դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հարցազրույցն ուղղված է արտաքին լսարանին, որին առանձնապես չեն հետաքրքրում հայաստանյան քաղաքական դաշտի ներքին ինտրիգները, նախկին և ներկայիս նախագահների անձնական հարաբերությունների նրբությունները:
Եվ, չնայած այս իրողությանը, հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի ներկայիս վիճակի վերաբերյալ արել է որոշ հետաքրքրական և նորովի դիտարկումներ:
Մասնավորապես` խոսելով 2013թ. ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու և մեկ օրվա ընթացքում ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացնելու` հայաստանյան իշխանության քայլի մասին` Քոչարյանը նշում է. «Ես չեմ եղել ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատը: Այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթներ, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս` այդ աշխարհաքաղաքական զգայունությունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանն այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/: Չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում»:
Եթե ավելի պարզ ասելու լինենք` Քոչարյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է քաղաքական անհեռատեսություն դրսևորելու, ԵՄ ասոցացման հարցում Ռուսաստանի հետաքրքրություններն անտեսելու, ԵՄ-ի առջև ուժից վեր պարտավորություններ ստանձնելու և Հայաստանին դրանով հսկայական վնաս հասցնելու մեջ: Ուշագրավ է, որ այս հայտարարությունները երկրորդ նախագահն անում է եվրոպական լսարանի համար, որը, չնայած ասոցացման պրոցեսի խափանմանը, շարունակում է հավատալ Սերժ Սարգսյանին և Հայաստանը եվրոպականացնելու նրա ձգտումներին: Ընդ որում` այս ուղերձները հղվում են մի շրջափուլում, երբ ԵՄ-ն արդեն կայացրել է Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագրի մշակման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը, և սպասվում է, որ այդ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ի՞նչ է սա, երկրորդ անգամ նույն գետը չմտնելու նախազգուշացում եվրոպացիների՞ն, թե՞ այս անգամ ավելի խոհեմ գտնվելու` թաքնված խորհուրդ Սերժ Սարգսյանին:
Առավել ուշագրավ են Քոչարյանի գնահատականները ԼՂ հիմնահարցի կարգավորման պրոցեսի վերաբերյալ: «Երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա /նախագահների հանդիպումները-2rd.am./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություններն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն»,- ասում է նա: Երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանին փաստացի քննադատում է նրանում, որ հայկական կողմը բանակցությունները ծառայեցնում է ընդամենը հարաբերական խաղաղությունը պահպանելու կամ, ինչպես ինքն է արտահայտվում, «ավելի քիչ կրակելու» տեղիք տալու համար: Քննադատությունն իսկապես ուղղված է հայկական կողմին, քանի որ հիմա Ադրբեջանն է Հայաստանին մեղադրում բանակցությունները ձգձգելու միջոցով ստատուս քվոն պահպանելու մեջ: Ավելին` հենց բանակությունների ֆոն չապահովելու համար է Բաքուն շարունակ մեծացնում լարվածությունը հայ-ադբեջանական ուժերի շփման գծում` փորձելով այդ կերպ ստիպել միջնորդներին` Հայաստանին համոզել ԼՂ-ից հանել զորքերը: Այս իմաստով` Քոչարյանի քննադատությունը հանգում է նրան, որ հակամարտության գոտում ստեղծված նախապատերազմական իրավիճակի հասունացման պատճառը նաև Երևանի նախաձեռնողականության բացակայությունն է, լուծումների փնտրտուքի հարցում ցուցաբերած սպասողականությունը և հակառակորդի ռազմական սադրանքներին ոչ ադեկվատ պատասխանելու իրողությունը: Փաստորեն, Քոչարյանը շեշտում է, որ պատասխան գործողությունների մասին բարձրագույն իշխանության և բանակի հրամանատարության հայտարարություններն առայժմ ընդամենը խոսքեր են և ոչ ավելին, ինչն էլ ավելի է ոգևորում Ադրբեջանին:
Քաղաքականության մեջ կոշտ մեթոդների կողմնակից երկրորդ նախագահի պարագայում նման գնահատականները թվում են սովորական: Սակայն խոսքը վերաբերում է մի մարդու, ով ոչ միայն խորապես տիրապետում է բանակցային գործընթացի հիմնական նրբություններին, այլև հայկական բանակների ներուժին: Այս իմաստով` ԼՂ հարցում գործող իշխանության քաղաքական ուղեգծի նրա քննադատությանը պետք է, թերևս, շատ ավելի լուրջ վերաբերել: Առավել ևս, երբ դիտարկումներն արվում են գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում` դառնալով արտաքին հանրային կարծիքը թե\' դիվանագիտական և թե\' ռազմական ուղղություններով հայկական կողմի ավելի վճռական գործողություններին նախապատրաստելու միջոց:
Գևորգ Դարբինյան